Ադրբեջանի նախագահը ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հաստատել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են, և չհամաձայնեցված հարցերից մեկը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան սահմանին երրորդ երկրների ուժերի չտեղեկայմանը, մյուսը՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ ներկայացված հայցերի ետքաշմանը:
Ինչպիսի՞ն է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը այս հարցում՝ «Արմենպրես»-ի հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է.
«Մենք շարունակում ենք կառուցողական ներգրավված մնալ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի քննարկումներում: Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ էլ արդեն մեկ ամսից ավելի առաջարկներ ենք փոխանցել Ադրբեջանին, որոնց վերաբերյալ դեռեւս պատասխաններ չենք ստացել:
Մենք առաջարկում ենք, որ երրորդ երկրների ուժերի չտեղակայման դրույթը տարածվի Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատված հատվածների վրա, եւ սա տրամաբանական է, որովհետեւ այդ հատվածներում հենց սահմանազատման բերումով էսկալացիայի ռիսկն էականորեն նվազեցվում է, եթե չասենք նվազագույնի է հասնում:
Ամբողջական սահմանազատումից հետո, հետեւաբար, Հայաստան-Ադրբեջան սահմանի որեւէ հատվածում երրորդ ուժի ներկայության կարիք չի լինի, եւ Հայաստանի Հանրապետությունն առաջարկում է այս տրամաբանությունը: Ինչ վերաբերում է միմյանց դեմ ներկայացված հայցերի ետքաշմանը, երբ խաղաղության պայմանագիր է ստորագրվում, դա տրամաբանական է, հետեւաբար՝ գաղափարն ընդունելի է մեզ համար:
Այստեղ կա երկու նրբություն. դրանցից մեկն այն է, որ միջազգային ատյաններում քննարկվող անհատական հումանիտար խնդիրները երկկողմ ձեւաչափով լուծելու հասկանալի հեռանկար պետք է լինի եւ երկրորդը, պետք է հստակ լինի, որ մյուս հարցերով միջազգային հարթակներից վեճերը ետ քաշելուց հետո կողմերը նույն հարցերը այլևս չպետք է դնեն և սրեն երկկողմ հարաբերությունների օրակարգում՝ դրանք էսկալացիաների հարատեւ աղբյուր դարձնելով:
Նկատի ունեմ, որ ոչ միայն միջազգային դատական ատյաններում վեճերը լուծելուց պետք է հրաժարվել, այլեւ բուն վեճերից: Մենք պատրաստ ենք գնալ նման ճանապարհով: Այս փուլում լուծումներ ենք փնտրում նաեւ անհատական բնույթի հումանիտար խնդիրների մասով»: