Որոշ հիվանդությունների դեպքում զինակոչիկները կարող են ճանաչվել սահմանափակումով պիտանի

Կառավարության որոշմամբ կհստակեցվեն զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում, դրանց նկարագրություններում և հակացուցված զինվորական ծառայության պայմաններում որոշակի հիվանդությունների արտահայտման, հետազոտման և փորձաքննության, դրանց արդյունքներով պիտանիության աստիճանի ու հակացուցումների շրջանակի որոշման հետ կապված հարաբերությունները: Նախատեսվում է քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները մեկ անգամ տրված տարկետման ժամկետի ավարտից և առողջական վիճակի վատթարացում չարձանագրվելուց հետո ճանաչել զինծառայության համար սահմանափակումով պիտանի, ինչպես նաև հստակեցնել այդպիսի առողջական վիճակին հակացուցված զինծառայության պայմանները և մի շարք հիվանդությունների նկարագրությունները:

Ինչպես նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ զինակոչիկին որոշ հիվանդությունների նախանշանների պարագայում տրվում է 1 տարով տարկետում, և ենթադրվում է, որ դիտարկման ընթացքում պիտի տեսանելի դառնա, թե արդյոք տվյալ զինակոչիկի հիվանդությունը զարգանո՞ւմ է, բարդանո՞ւմ է, որը կտանի ազատմա՞ն, թե՞ ոչ: «Իհարկե, լինում են նաև հիվանդություններ, որոնք հնարավոր է այդ մեկ տարվա ընթացքում բժշկական միջամտության միջոցով չեզոքացնել: Սակայն փորձը ցույց է տալիս, որ հանրության շրջանում չկա այդ շահագրգռվածությունը՝ բժշկական միջամտության միջոցով առողջությունը վերականգնելու ուղղությամբ աշխատանք կատարելը, և, իհարկե, սա բերում է նրան, որ 1 տարվա տարկետումը դառնում է ևս մեկ տարվա: Մեր գնահատմամբ՝ սա մի յուրօրինակ սողանցք է զինծառայությունից խուսափելու համար: Դրանից ելնելով՝ այս փոփոխությունով վերականգնում ենք նաև արդարությունը և հնարավորություն չենք ընձեռում տարաբնույթ միջոցներով և ձևերով զինծառայությունից խուսափելը, այսպես ասած, «խրախուսելը»»,- ասել է նախարարը:

Սուրեն Պապիկյանը նշել է մի իրավիճակ ևս, որ կապված է լեղապարկի հիվանդության հետ. «Սպաների մի զգալի հատված տարիքի բերումով ունենում է լեղապարկի խնդիր: Սպաները, որոնք ուզում են ծառայել, ստիպված են լինում այս հիվանդության բերումով հաճախ ընդհատել զինծառայությունը, որովհետև համարվում են ոչ պիտանի ծառայության համար: Առաջարկում ենք՝ այս հիվանդությունը նույնպես սահմանափակումով ծառայելու հնարավորություն ընձեռի: Շատ սպաներ հնարավորություն կունենան ոչ միայն ծառայելու, այլև հետագայում ատեստավորվելու և բնականոն իրենց ծառայությունը շարունակելու»:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ վերջերս ԱԽ նիստին քննարկվել և հավանություն է տրվել բանակի կերպափոխման հայեցակարգին: Վարչապետն ընդգծել է՝ պետք է կերպափոխվի ոչ միայն բանակը, այլև հանրության վերաբերմունքը բանակի նկատմամբ. «Չնայած թվում է, թե ավելի լավ վերաբերմունք ինչպես կարելի է ունենալ բանակի նկատմամբ, քան մենք ընդհանրապես ունենք, բայց սա այն դեպքն է, երբ մեր խոսույթն իրականությունից, ցավոք, շատ դեպքերում կտրված է և տարբերակված: Կարծում եմ, որ բանակի ընկալումն ընդհանուր առմամբ շատ կողմերով և շատ տեղերով պետք է կերպափոխվի, այդ թվում՝ բանակի ֆունկցիոնալ նշանակության առումով, և բանակը պետք է հստակ մեր քաղաքական և ռազմավարական ընկալումների շրջանակում տեղավորվի, այդ թվում՝ տարածաշրջանային իրադրության, այդ թվում՝ խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ»:

Վարչապետը վերահաստատել է՝ Հայաստանի Հանրապետության միակ խնդիրն իր միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության պահպանումն է։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև բանակում ծառայության համակարգի բարեփոխման և երիտասարդների շրջանում առողջապահական խնդիրների դեմ պայքարի անհրաժեշտության մասին հարցին: Վարչապետը նշել է, որ զորակոչի տարիքի երիտասարդների մեծ մասը չի զորակոչվում բանակ՝ հիմնականում առողջական խնդիրների պատճառաբանությամբ։ «Այստեղ մենք կարող ենք երկու հնարավոր հետևության գալ՝ կամ մենք համատարած և համընդհանուր առողջական պրոբլեմներ ունենք մեր սերնդի, որը մեր պետական անվտանգության լրջագույն մարտահրավեր է կամ, մյուս կողմից մենք ունենք համատարած, այսպես ասենք՝ իրադրությունների և օրենքով ընձեռնված հնարավորությունների չարաշահման հետ»,- ասել է երկրի ղեկավարը:

Վարչապետի դիտարկմամբ՝ առողջապահական իմաստով առկա խնդիրը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների և մշակույթի պակասն է, երիտասարդության շրջանում ծխախոտի և ալկոհոլի լայն կիրառումը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ սա լուրջ մարտահրավեր է, որի կառավարման համար Կառավարությունն արդյունավետ միջոցը դեռևս չի գտել. «Բայց կարծում եմ՝ միակ միջոցն արդյունավետ դա հետևողականությունն է, որ մենք անընդհատ աշխատենք: Բայց մյուս կողմից՝ մենք ունենք այս խնդիրը, ժամկետային զինծառայությունից ազատվելու հարցը՝ կապված առողջական խնդիրների հետ: Ընդ որում, այստեղ մի հատ ուրիշ օբյեկտիվ հանգամանք էլ կա: Դա մեր բժշկական տեխնիկայի զարգացվածությունն է, այդ թվում՝ Կառավարության աջակցությամբ, որովհետև այսօր բազմաթիվ բժշկական կենտրոններ, այդ թվում՝ տնտեսության արդիականացման ծրագրով, որը մենք լիզինգի ծրագիր ենք անվանում, հնարավորություններից օգտվելով գերժամանակակից սարքավորումներ են ձեռք բերում: Կան ինչ-որ իրավիճակներ, երբ, օրինակ՝ 10 տարի առաջ հնարավոր չէր Հայաստանում ախտորոշել, հիմա ամենափոքր և աննշան բանն ախտորոշվում է, և դա դառնում է ելման կետ հետագայում, այդ թվում՝ զինծառայությունից ազատվելու համար»:

Երկրի ղեկավարն ընդգծել է նաև բանակում ծառայության ընկալման փոփոխության անհրաժեշտությունը: Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բանակում ծառայությունը չի սահմանափակվում միայն խոշոր տրամաչափի զենքերի կիրառմամբ. «Բանակը շատ մեծ օրգանիզմ է և այնտեղ ամենատարաբնույթ, բազմաբնույթ, ընդհուպ գրասենյակային ծառայություններ կան: Հետևաբար, մենք պետք է այս վերաբերմունքը նույնպես վերանայենք, և պարտադիր չէ, որ բոլոր հիվանդությունները լինեն սահմանափակում բանակում ծառայելու համար: Կարող են լինել սահմանափակումներ բանակում ծառայության բնույթի համար՝ ելնելով այդ հիվանդության պայմաններում այդ ծառայությունն արդյունավետ կատարելու օբյեկտիվ հնարավորությունից: Բայց այստեղ էլ մենք պետք է վերանայումներ անենք, և կարծում եմ, որ մենք քայլ-քայլ պետք է գնանք այդ ճանապարհով: Եվ այս որոշումն այդ մեր քայլերից մեկն է, բայց ընդամենը մեկը: Սա ամբողջը չէ: Մենք մեր քննարկումներում եկել ենք այն եզրակացության, որ շրջահայաց, հիմնավորված, բայց քայլ-քայլ մենք պետք է գնանք այդ ճանապարհով: Եվ պետք է ուղիղ ասել՝ Հայաստանում բանակում ժամկետային զինծառայության սահմանափակումները պետք է բերվեն նվազագույնի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ