Այլ անձի հիվանդության ախտորոշմամբ «Օշականցի Գևորիկ»-ի տղան խուսափել է զինծառայությունից. գործը դատարանում է

Արագածոտնի մարզի բնակիչը ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու օրինական հիմքերի բացակայության պայմաններում այլ անձի մոտ առկա հիվանդության ախտորոշումն օգտագործելու եղանակով խուսափել է 2021 թվականի ձմեռային զորակոչից, ճանաչվել է ծառայությանը ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում:

Այս մասի հայտնում են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

«Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ 2003 թվականին ծնված Ս.Մ.-ն 2021 թվականի դեկտեմբերին Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արագածոտնի մարզի տարածքային ստորաբաժանում (այսուհետ՝ ՊՆ տարածքային ստորաբաժանում) է ներկայացրել իբրև իր մոտ ախտորոշված՝ Կառավարության որոշմամբ հաստատված ցանկում ներառված հիվանդության մասին տեղեկանք (քրեական վարույթով պարզվել է, որ տեղեկանքը վերաբերել է կեղծ անձնագրով բժշկական հաստատություն դիմած այլ անձի):

Փաստաթղթում նշված հիվանդության իսկությունը ստուգելու նպատակով ՊՆ տարածքային ստորաբաժանման զորակոչային բժշկական հանձնաժողովի բժիշկ-մասնագետը Ս.Մ.-ին ուղեգրել է նույն բժշկական կենտրոն՝ բժշկական հետազոտության, որտեղ Ս.Մ.-ի փոխարեն կրկին կեղծ անձնագրով նմուշ է հանձնել վերոնշյալ անձը: Ստանալով հիվանդության առկայության մասին հաստատումը՝ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի՝ 2022 թվականի հունվարի 27-ի եզրակացությամբ՝ Ս.Մ.-ն ճանաչվել է ժամկետային զինվորական ծառայությանը ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում:

Ս.Մ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելը):

Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 18-ին հաստատել է Ս.Մ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ

Նշենք՝ հիշյալ քաղաքացին քրեական հեղինակություն «Օշականցի Գևորիկ»-ի տղան է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ