Նախկին ռեժիմի կողմից իշխանափոխություն անելու նպատակով օգտագործված, փողոցային պայքարը ձախողած ու այժմ հարկադիր պարապուրդի դատապարտված (չենք գործածում «դեն շպրտվել» կապակցությունը) Վազգեն Գալստանյանը «սրբազան պայքարի» առաջնորդի տոնուսի մեջ մնալու համար որոշել է հոգեներգործության հնարքը կիրառել ու «ավետարան կարդալ» ՔՊ-ականների գլխին՝ մտնելով նրանց ընտանիքներ, քննելով նրանց ընտանիքի անդամների՝ կանանց, ծնողների, երեխաների ներսում կատարվողը․․․․Տխրահռչակ հիպնոսիստ Կաշպիրովսկու փառքը, փաստորեն, հանգիստ չի տալիս նաև հայազգի արքեպիսկոպոսին։ «Ժամանակը ձեր օգտին չի աշխատում, ՔՊ-ականներ և չարիքի հետ համագործակցողներ, դուք անընդհատ օգտագործվելու եք, թաթախվելու եք արյան մեջ՝ այլաբանորեն ասված, բոլոր մեղքերի, մեղսակցության, հանցագործությունների մեջ, որոնք այս չարիքը գործում է։ Եվ դեն եք շպրտվելու։ Ոմանք կալանվելու են, ոմանց ընտանիքներն ունեզրկվելու են։ Ոմանք պարզապես դառնալու են ծաղրի ու ծիծաղի առարկա՝ ինչպես տեսել եք այս քանի օրերին, նույնիսկ մարդիկ, որոնք ճանապարհ են անցել, միասին հաց ու աղ են կիսել։ Չարիքի իշխանությանը մեղսակից դարձած մարդիկ մի դարձեք դուք՝ ինչպես սուրբ գիրքն է ասում։ Դառնում եք բոլոր սպանություններին, բոլոր հանցագործություններին, լայն իմաստով՝ արյանը մեղսակից։ ՔՊ-ականներ և այլոք, ովքեր համագործակցության որևէ նշույլ, որևէ նշան եք ցույց տալիս այս մարդու հետ․․․», -հայտարարել է շատերի ծաղր ու ծիծաղի առարկա դառնալուց խուսափել չկարողացած արեքպիսկոպոսը, որն, ի դեպ, նորից լանջախաչ է կրում (այն դադարել էր կրել փողոցային պայքարի օրերին)։ Մենք քանիցս ենք անդրադարձել եկեղեցու սպասավորի խնդրահարույց, Աստծո խոսքը քարոզողին չպատշաճող վարքին, որը դրսևորվում է իր հոտի անդամներին ըստ քաղաքական կողմնորոշման թիրախավորելով ու նրանց հոգեբանական գրոհի ենթարկելով։
ՔՊ-ականներն ու այդ կուսակցությանը ձայն տված անձինք, փաստորեն, «մեղք են գործել»՝ իրացնելով սահմանադրական իրենց իրավունքը, և այժմ էլ, ըստ սույն հոգևորականի, շարունակում են մեղսակցել իրենց ընտրած իշխանության գործողություններին, քանի որ պլակատ չեն սարքում, միտինգի շորեր չեն հագնում ու չեն թափվում փողոց՝ միանալու նախկին ռեժիմի կողմից հովանավորվող ու կառավարվող զանազան իշխանափոխական շարժումների։ Գալստանյանի առաքելությունն այժմ, փաստորեն, երբ շարժումն անշարժացել է, քաղաքացիների մի ստվար զանգվածի ամոթանք տալն է իրենց քաղաքացիական կեցվածքի ու գիտակցության համար։
Հետաքրքիրն այն է, որ Գալստանյանը, որպես Տավուշի թեմի սառեցված առաջնորդ, ժամանակին՝ 2018-ին, ողջունում էր հեղափոխությունն ու հիացած էր դրան միացած քաղաքացիների քաղաքացիական վարքով։ Տեսնես նախքան հեղափոխությունը տեղի ունեցած այլ՝ իշխանափոխության պահանջով միտինգների ժամանակ սույն հոգևորականը դիմե՞լ է իր հոտի ՀՀԿ-ականներին կամ, ասենք, ՀՀԿ-ի հետ դաշնակցող այլ կուսակցությունների ներկայացուցիչներին՝ նույնաբովանդակ քարոզ կարդալով նաև նրանց գլխին, թե՝ մի թաթախվեք արյան մեջ, դադարեք ծաղկեցնել կոռուպցիան, դադարեք բռնաբարել ժողովրդի կամքն ու կեղծել ընտրությունների արդյունքները, վերջ տվեք ապօրինի հարստացմանը, պետության հարստահարմանը, քանի որ գալու է այն օրը, որ կանգնելու եք օրենքի առաջ ու ձեզ սպառնալու է ունեզրկումը (միայն թե՝ ապօրինի ծագում ունեցող գույքից)․․․․Եթե կարդացած լիներ, և ոչ թե պահետապաշտի կեցվածք ընդունած լռեր այս ամենի մասին, գուցե կանխեր 2018-ի հեղափոխությունն ու ՔՊ-ի, որպես կուսակցություն, ի հայտ գալն ու վերջինիս հաղթանակը համապետական ընտրություններում։ Ի դեպ, Գալստանյանը 2015-ից առաջնորդում է(ր) թեմն այն մարզի, որի կարկառուն ՀՀԿ-ական մարզպետ, նախկին պատգամավոր Հովիկ Աբովյանն ու նրան փոխկապակցված անձինք ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով պատասխանողի կարգավիճակ ունեն։ Այս տարվա փետրվարին կնքված հաշտության համաձայնությամբ վերջիններս պատրաստակամություն են հայտնել Հայաստանի Հանրապետության սեփականությանը փոխանցել 608 մլն 634 հազար դրամ (1,5 մլն ԱՄՆ դոլար), որը կազմում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով դատարան ներկայացված հայցադիմումի արժեքի 75.84 տոկոսը: Հետաքրքիր է՝ Տավուշի թեմի առաջնորդը երբևէ առիթ ունեցե՞լ է բարոյախրատական թերթևակի քարոզ կարդալ իր հոտի ներկայացուցիչ Աբովյանի գլխին՝ հիշեցնելով աստվածաշնչյան պատվիրաններից հատկապես այս մեկը՝ «մի՛ գողացիր»։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսի 31-ին Տավուշի նախկին մարզպետը ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար (հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը)։
Հարկ է նկատել, որ Բագրատ Գալստանյանն առաջին անգամ չէ, որ թիրախավորում է ՀՀ քաղաքացիների մի հատվածին։ Նա ամիսներ առաջ ԱԺ-ում ընդդիմության կողմից հրավիրված լսումների ժամանակ նույնպես ԱԺ գլխավոր ամբիոնն օգտագործեց վիրավորանք ու սպառնալիք հնչեցնելու համար։ «Կարող էի ասել, որ ինձ չի հուզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ոչ շարքային անդամների ճակատագիրը, ոչ պատգամավորների և կառավարության մանր ու միջին կուսակցականների, իշխանամերձ և իշխանամեջ տարբեր գործիչների և գործիքների ճակատագիրը, ասելով, որ դրանով թող մտահոգվեն ՀՀ-ում հավատամագրված դեսպանատներն ու քաղաքական ապաստան տվող տարբեր կառույցները։ Սակայն կարող եմ ասել, որ ինձ հուզում է «Քաղաքացիական պայմանագիր» ընտրած 680 հազար հայ մարդկանց ճակատին ՔՊ-ի կողմից դաջվող՝ երկիրը հանձնողների պիտակավորումն ու մեղքը»,-խրոխտ ազդարարեց «Աստծո մարդը» Սա այն հոգևորականն է, հիշեցնենք, որը հանդուրժողականություն, սեր, միաբանություն ու հաշտություն էր քարոզում շարժման առաջին շաբաթներին, բայց երբ հասկացավ, որ շոուն չի ստացվում, ծափահարողները սակավ են, սուլողները՝ շատ, անցավ լինգվիստիկ գրոհի՝ ՀՀ 680 քաղաքացիների կողմից ընտրված ուժի ներկայացուցիչ վարչապետին անվանելով «նեռ», «չարիք»։
Նկատենք, որ հեղափոխություն իրականացրած, վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցող ու ՔՊ-ին ընտրած քաղաքացիները թիրախավորվում ու անպատվության են արժանանում նաև Գալստանյանի թիկունքում թաքնված ընդդիմության քարոզչամեքենայի կողմից, պիտակվում որպես «Նիկոլի զոմբի», «թուրքի եթիմ», ցածր ինտելեկտ ունեցող ․․․ Արքեպիսկոպոսի կոչումով քաղգործիչն էլ, փաստորեն, 680 հազար մարդու սորտավորելուց զատ նաև հոգեբանական տեռորի է ենթարկում՝ հանուն իր քաղաքական պատվիրատուների իշխանական նկրտումների։ Չենք զարմանա, որ մի օր էլ, երևի թե տաքերն ընկնելուն պես, երբ նորից բացվի փողոցային շարժումների սեզոնը, Գալստանյանը մի «լեվըլ» էլ բարձրացնի իր խոսքի կուլտուրան՝ ՔՊ-ականներին ու նրանց սատարողներին անվանելով «նախիր» ու «ժեխ»։
Հ․Մանուկյան