Օրեր առաջ ռուսաստանաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են մուտք գործել Հայաստան։ Միհրանյանը հայտնի է իր հակահայ հայտարարություններով։
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։
«Նախևառաջ հանրության ուշադրությունից վրիպեց մի կարևոր հանգամանք, դա այն էր, որ Անդրանիկ Միհրանյանը վաղուց էր հայտարարված պերսոնա նոն գրատա և Հայաստան այցելելու իր այս անհաջող փորձով փորձեց իր այդ կարգավիճակի վրայով անցնելով գալ և մուտք գործել Հայաստան։ Այսինքն՝ դրանով իսկ ցույց տալով, որ այդպիսի կարգավիճակը Հայաստանում ուղղակի որևէ նշանակություն չունի, իսկ դա նշանակում է, որ Հայաստանը պետություն չէ, Հայաստանում ինչ կասեն, ինչ չեն ասի՝ դա կարևորություն չունի, կարևորը՝ ինքն է և իր տիրակալը, որի մոտ նա ստորաքարշորեն ծառայում է։ Դա նրա մոտ չստացվեց և փաստորեն տեղի ունեցավ այն, որ ապացուցվեց հակառակը, որ Հայաստանը պետություն է, իսկ ինքը և իր նմանները Հայաստանում անելիք չունեն»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։
Խոսելով նաև Ֆրանսիայում բնակվող ՀՅԴ-ական Մուրադ Փափազյանի հայտարարությունների մասին, մասնավորաապես որ նա նշել է, որ Սփյուռքը դեմ կլինի Հայաստանի «թրքացմանը, Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ ուղղակի զարմանում է, որ այդ մարդու կարգավիճակը՝ «պերսոնա նոն գրատա», վիճարկվել է Հայաստանում, դատարանում և նույնիսկ նրա այսպես կոչված իրավունքը՝ զազրախոսելու Հայաստանի հասցեին վերականգնվել է և նա ևս մեկ անգամ հայտնվել է Հայաստանում։
«Ես կարծում եմ, որ Հայաստանն այստեղ ավելի հետևողական լինի և նման մարդիկ ևս պետք է Հայաստան մուտք չունենան, ամբիոն չունենան և թող խայտառակվեն Հայաստանից դուրս։ Իսկ մնացածն էլ թող ֆրանսահայությունը որոշի, թե ով է իրենց ներկայացնում, իրենց հավաքական կարծիքը, կամքը և այլն, և այլն։ Բայց համենայնդեպս, այդ որակի, այդ մտածողության, այդ ընկալումներով մարդիկ ճիշտ կլինի Հայաստանում ընդհանրապես «Զվարթնոց» օդանավակայանի մասին էլ չմտածեն, էլ ուր մնաց՝ այնտեղով անցնելու»,- նշեց Ռուբեն Մեհրաբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում