Մարությանը հիմա նոր խաղ է խաղում. նախկինում այս թեմաներով ասել է ուղիղ 180 աստիճան հակառակը. Տիգրան Ավինյան

«Երբ դուք մոլորեցնեք մարդկանց, ես ձեզ ընդհատելու եմ»,-Factor TV-ի եթերում Երևանի նախկին և ներկա քաղաքապետեր Հայկ Մարության-Տիգրան Ավինյան բանավեճի ժամանակ հայտարարեց գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանը և հավելեց, որ Մարությանը մնացել է 2021-ի մեջ:

«Երևանի քաղաքապետարանը տարեցտարի ավտոբուսների նոր գիծ մտնելուն զուգահեռ ավելացրել է սուբսիդավորման ծավալները: Այս տարի Երևանի քաղաքապետարանը 8.5 մլրդ դրամ սուբսիդավորել է միայն «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն և իրականում դեռ 1 մլրդ հավելյալ դրամի կարիք ունի ՓԲԸ-ն: Իրականությանը նույնպես չի համապատասխանում այն, որ միասնական տոմսային համակարգի ներդրումից հետո այլևս չի սուբսիդավորելու: Երևանի քաղաքապետարանը մոտ 4 մլրդ դրամի չափով ոչ միայն սուբսիդավորելու է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն, այլև ավելի շատ է սուբսիդավորելու մետրոպոլիտենը: Ամեն նոր գնած ավտոբուսի հետ Երևանի ծախսերն ավելանում են, որի մի մասն իր վրա է վերցնում քաղաքապետարանը, մյուս մասը՝ միասնական տոմսային համակարգը»:

Ինչպես նշեց Ավինյանը, Մարությանը նախկինում ուղիղ այս թեմաներով ասել է 180 աստիճան հակառակը և այսօր խաղում է մի նոր խաղ.

«Չգիտեմ՝ ինչ պլաններ ունի նա, դա իր գործն է: Իմ խնդիրն այն է, որ երևանցիները կասկած չունենան, որ քաղաքապետարանն ամեն ջանք ներդնում է, որ տրանսպորտային համակարգը բերի ամենալավ քաղաքների պատշաճ վիճակին և նվազագույն գնի փոփոխությամբ»:

Նա հավելեց, որ 2022 թվականից այս ամբողջ համակարգը Երևանի քաղաքապետարանը շատ մեծ ինտենսիվությամբ բարեփոխում է.

«Պարոն Մարությանին որ մնար, իր տեմպերով ևս 10 տարի կտևեր»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ