Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նոր գլխավոր մարզիչը հայտնի կլինի 2025 թվականի հունվարին:
Այս մասին հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը 25-րդ ընդհանուր ժողովի շրջանակներում:
«Մենք հիմա բանակցում ենք մի քանի հայտնի անձանց ու կազմակերպությունների հետ: Մենք ուզում ենք հրավիրել ոչ միայն ազգային թիմի մարզիչ, այլ նաև հայկական ֆուտբոլում գլոբալ փոփոխություններ կատարել, որը կապված կլինի մարզչական շտաբի, ազգային հավաքականի ակադեմիաների հետ: Այն միտված է լինելու հայկական ֆուտբոլի վերաթարմացմանը»,- նշել է նա։
Վերջինիս խոսքով՝ ՀՖՖ-ն նոր մարզչին կներկայացնի 2025 թվականի հունվար ամսին:
Հիշեցնենք՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնը մինչ այս զբաղեցնում էր Ալեքսանդր Պետրակովը:
Նա դեռևս հոկտեմբերին, երբ Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի խմբային փուլում 0-2 հաշվով պարտություն կրեց Հյուսիսային Մակեդոնիայից, հեռացվեց պաշտոնից։
Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը Fast Sports-ի՝ «Մենք ենք մեր ֆուտբոլը» հաղորդմանը տված հարցազրույցում ասել էր, որ հավաքականի նոր մարզիչը կլինի արտասահմանից: