Անժելա Թովմասյանը պետք է ներողություն խնդրի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից և վճարի. Դատարանը հրապարակել է վճիռը

ՀՀ քաղաքացիական դատարանը մասնակի բավարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ Անժելա Թովմասյանի՝ վիրավորանքի համար ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին։

Сivic.am-ը «Դատալեքս» հարթակում հրապարակված վճռից տեղեկացավ, որ դատարանը պարտավորեցրել է պատասխանող Անժելա Թովմասյանին հայցվոր Ալեն Սիմոնյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել, հետևյալ ձևով. տեղադրել հայտարարություն առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլում և հայտարարության վերնագիրը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «Ես՝ Անժելա Վարդանի Թովմասյանս, ներողություն եմ խնդրում Ալեն Սիմոնյանից», իսկ բովանդակությունը շարադրել այսպես. «25.12.2023թ.-ին Hayeli.am (Հայելի էյ էմ) լրատվականի պաշտոնական կայքէջում տեղադրված «Այսօր Նիկոլ Չաուշեսկու գնդակահարության օրն է. Էդգար Ղազարյան (video)» վերնագրով տեսանյութի 44։17-44։24 րոպեներին կատարել եմ հայտարարություն պարոն Սիմոնյանի վերաբերյալ։ Հայտնում եմ, որ հայտարարությունն իր մեջ պարունակում է վիրավորական արտահայտություններ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն եմ խնդրում պարոն Սիմոնյանից»։ (Հայցվորը ներկայացրել էր 1.000.000 ՀՀ դրամ գումարի չափով ոչ նյութական վնասի հատուցման պահանջ, որը մերժվել է)։

Դատարանի վճռով Անժելա Թովմասյանից հօգուտ Ալեն Սիմոնյանի պետք է բռնագանձվի 20.000 ՀՀ դրամ՝ որպես հայցվորի կողմից ընդհանուր իրավասության դատարան դիմելու համար նախապես վճարված պետական տուրքի գումար: Անժելա Թովմասյանից, բացի սրանից, հօգուտ հայցվորի պետք է բռնագանձվի նաև 150.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Մնացած՝ 330.000 ՀՀ դրամի չափով փաստաբանի խելամիտ վարձատրության գումար բռնագանձելու պահանջը դատարանը մերժել է։

Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին:

Վճիռը, որը հրապարակվել է ս.թ. դեկտեմբերի 2-ին, օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ