Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է.
Հրապարակային արձագանք Արմեն Չիբուխչյանին
Ընկերներիցս մի քանիսը տեղյակ պահեցին, որ դեկտեմբերի 15-ի ուղիղ եթերում որոշել ես անվանապես «դիմակազերծել», «պայթացնել», «գմփացնել» /բառերը քոնն են/ բոլոր արևմտամետներին, հասարակությանը մոլորեցնող քաղաքագետներին։ Այդպիսի մի ԵՊՀ դոցենտ, դոկտոր, արտասահմանյան գրականության մասնագետ տիկին գիտեի, որի ողջ շրջապատը ռուսահպատակ են, իր կատաղի մարտերում անթաքույց ալյանսների է գնում նույնիսկ իր երբեմնի դատապարտած ԱԺԲ-ականների, սրբազնականների, սերժականների, քոչարյանականների հետ, սպառնում է դեռևս հաշիվ պահանջել արևմտամետներից «արևմտամետությունը» վարկաբեկելու համար, «թունդ արևմտամետի» դիրքերից կանոնավոր թիրախավորում է բոլոր արևմտամետներին։ Չգիտեի, որ երկրորդ այդպիսի պերսոնաժ էլ կա՝ արական սեռից։
Սովորաբար ժամանակս քիչ է բոլոր բլոգերներին հետևելու համար։ Իմ գերզբաղվածության իրողություններում առավելագույնը, որ կարող եմ ինձ թույլ տալ, առնվազն քաղաքագիտական խորություն ունեցող գործընկերներիս քաղաքագիտական հոդվածները կարդալը, հարցազրույցները դիտելն է։ Ամենախոս, հրապարակխոս բլոգերներին չհետևելու տողերը վիրավորելու իմաստով չեմ գրում (քանի որ բավական հետաքրքիր բլոգերներ կան), թեպետ քեզ վիրավորելու լիուլի առիթներ ես տվել հենց նույն հաղորդման մեջ՝ հատելով բարոյականության ու մարդկայնության այլ կարմիր գծեր։
Ես հասկանում եմ, ու ինքդ էլ այնքան պարզունակ ես, որ դա մատնում ես, որ վրդովմունքիդ ու հոգեխանգարմանդ պատճառը առաջիկա ընտրություններն են, այդ ընտրություններում արևմտամետ ընդդիմադիր ուժերի, անհատների մրցասպարեզ դուրս գալն է, ու որպեսզի «տաղանդաշատ քաղտեխնոլոգիդ ու ճարտարապետիդ» հեղինակային նախագիծը մրցակից չունենա, ըստ այդմ՝ որոշել ես այդ խելքով ու բարոյականությամբ, արմունկներդ քշտած ու ցեխոտ կոշիկներով մեյդան ընկնել ու մաշված ցախավելներդ հանել։ Քո խղճին եմ թողնում Հովսեփ Խուրշուդյանի դեմ տարածդ անմիաստ ու տգեղ կամպանիան։ Քո խղճին եմ թողնում նաև հիշատակված վերջին հաղորդման ժամանակ խղճալի ու տմարդի ակնարկներդ ժամանակ առ ժամանակ ԱՄՆ հանդիպումների մեկնող Թաթուլ Հակոբյանի, Արման Բաբաջանյանի ու այլոց մասով․․․ Կանդրադառնամ միայն իմ հատվածին, որը դժբախտություն ունեցա դիտել (մոտ վերջին 20 րոպեն) ու ցնցված էի։
Միշտ ըմբռնումով եմ մոտեցել, որ չլինելով արհեստավարժ քաղաքագետ, կարող ես թույլ տալ այնպիսի «տրամաբանական» «պատճառահետևանքային» եզրահանգումներ անել, որ լսողը կարկամի․․․ Վառ օրինակը հենց վերջին հաղորդման մեջ է, երբ անգամ կարող ես լուրջ դեմքով «վերլուծել», թե որքան կարող էր լինել Թրամփ-Փաշինյան հանդիպման տևողությունը Փարիզում, Մակրոնի միջնորդությամբ, «հաց ուտելու տեղը», «մատուցողների» մատուցման արագություն ու այլ պարամետրեր հաշվելով․․․ Կամ մի կողմ կարող եմ թողնել, թե ինչ վստահությամբ կարող ես առաջին դեմքի տեղեկացվածությամբ պատմել աշխարհում տոն տվող պետությունների ղեկավարների «պայմանավորվածությունների» մասին, ասես՝ նրանց սենյակում ես եղել կամ սեղանի տակ․․․ Խոստովանեմ, որքան էլ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խորհրդական Ամանդա Սլոթը կամ Էնթընի Բլինքենի օգնական Նազ Դյուրակօղլուն իմ ընկերներն են, որոնց հետ ունեմ կանոնավոր կապ, ես քո «չափ տեղեկացված չեմ» ոչ Բայդենի ու Բլինքենի, ոչ էլ Թրամփի պայմանավորվածություններից, որքան էլ այս ամռանը հանգամանքների զուգադիպությամբ նրա թիմից էլ 2 լրջագույն հետազոտողներ երկարատև հյուրընկալվեցին իմ Ինստիտուտում, իրենց շնորհիվ ու շահագրգռությամբ ինձ հետ կապ հաստատեցին նաև Թրամփի թիմում աշխատող ոչ երկրորդական հայազգի ու այլազգի մարդիկ․․․ Անկեղծ խոստովանում եմ, ես այդքան ու այդպիսի կապերով, ըստ որում՝ ոչ միայն ԱՄՆ քաղաքական իշխանությունների վերնախավի հետ, չունեմ ոչ քո «տեղեկացվածությունը», որ քո անլրջությունը, ոչ էլ քո «պրոֆեսիոնալիզմը» իրար կապել անկապելի բաները ու դուրս տալ որքան հնարավոր է շատ․․․
Բացի այն, որ քեզ համոզել ես, թե Մայրապետյանի հեռուստաեթերից տարիներով քաղաքական լուրեր ընթերցելը կամ վերջին տարիներին ամենօրյա ռեժիմով լրահոս կարդալն այլևս բավարար է լուրջ քաղաքագիտական վերլուծություններ անելու համար (նվաստս գոնե իր 4 բարձրագույն կրթությունից 2-ը այդ ոլորտում է ստացել) ու բակի շարքային բեսեդկայի զրույցները հանել ես ուղիղ եթեր, պարզվում է՝ նաև իմ հարցազրույցում «ի գիտության» ռեժիմով մատուցված տեղեկատվությունը ունակ չես ըմբռնելու, հասկանալու։ Որևէ մեկը իմ հարցազրույցում չի պնդել, թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներգրավումով երկար ժամանական անոնսած «ադրբեջանական» ֆիլմը չի հեռարձակվել, որովհետև հարցաքննվածները «հավաստիորեն» Ռուսաստանի դեմ հայտարարություններ են արել, որոնք կարող են կոմպրոմատ ու օգտագործված լինել ռուս-ադրբեջանական նախորդած գործարքներում․․․ Իրականում ասվել է, որ օտարեկրացի մի կարևոր անձի, ով հանդիպել է Ալիևի աշխատակազմից շատ առանցքային դեմքերի, չհեռարձակման պատճառ այդպես է ասվել՝ հավանաբար որոշակի հաշվարկով, որ Արևմուտքում դա «գնող» կլինի, ինչը ամենևին նույնը չէ, ինչպես աղավաղել ես իմ խոսքը ու կառուցել քո տխուր դիմակազերծման մանկապատանեկան հանդեսը․․․
Քո սադրանքների արդյունքում ամենևին չեմ բացահայտելու այն աղբյուրները, որոնք այցելել կամ այցելում են Բաքու, ու որոնցից ես նաև հետաքրքրվում են, թե ինչ են լսել կամ ինչ է իրենցից ասվել․․․ Ի տարբերություն քեզ, իմ մասնագիտության բերումով համեստ գործունեությունս անցել է ոչ թե հեռուստատաղավարում կամ բլոգային տաղավարում նստելով ու բլթացնելով, այլ պարտադիր ենթադրել է ոչ միայն հետաքրքիր փորձագետների հետ հանդիպումներ ու քննարկումներ, նաև՝ ուզած-չուզած ու քո կամքից անկախ, շփումներ տարբեր երկրների արտաքին հետախուզությունների հետ․․․ Իսկ իմ զրուցակիցը Բաքվում է եղել իր երկրի համար կարևոր հարցեր պարզելու նպատակով ու տվել է իր ղեկավարությանը հետաքրքրող հարցերը, այդ թվում՝ ֆիլմը չհեռարձակելու պատճառների մասին, այլ ոչ թե տվել է Ստեփան Սաֆարյանին հետաքրքրող հարցերը։ Ավելին, այս և այլ կարգի տեղեկույթներ հրապարակելիս, ու ընդհանրապես, Ստեփան Սաֆարյանը ամենևին որևէ կախվածություն կամ պայմանավորվածություններ Նիկոլ Փաշինյանի կամ նրա իշխանության հետ չունի, որ նրան ասեն, թե նա որ տաղավարում ինչ խոսի։ Միշտ հիշի՛ր, որ բոլոր իշխանությունների օրոք Ստեփան Սաֆարյանի ու նրա ղեկավարած ինստիտուտի որդեգրած սկզբունքն է՝ «ոչ թե լինել կախված օրվա իշխանություններից, այլ այնպես անել, որ իշխանությունները կախված լինեն քեզանից կամ չկարողանան անտեսել քեզ․․․» Ու ինձ/մեզ անտեսել չեն կարողացել, չեն ցանկացել ոչ նախկին, ոչ ներկա իշխանությունները։ Սա կարող ես ականջներիդ օղ անել։
Ինչ վերաբերում է, թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գերության ու անազատության մեջ ում դեմ կարող էր խոսել, թերևս, բոլորի դեմ՝ Ռուսաստանից մինչև Հայաստանի իշխանություններ․․․ Կարծում եմ, Հայաստանում որևէ մեկը կասկածի տակ էլ չի դնի այս ամենը։ Բայց, կրկնվեմ, անգամ իմ կողմից իմ տնօրինության տակ հայտնված տեղեկությունը օգտագործվել է չափազանց մեծ զգուշությամբ, ի գիտության մակարդակի, ըստ որում նշելով նաև, որ նրանք գերության մեջ կարող էին ցուցմունք տալ ինչի ու ում դեմ ուզես․․․
Այսքանը, փաստորեն, բարդ է եղել, որպեսզի դու ընկալես, ու նախ իմ անունից միարժեք պնդումներ ես արել, ապա ավելի հեռուն գնացել քո հիվանդագին երևակայությամբ․․․
Ցավում եմ։ Ու առաջին և վերջին անգամ եմ արձագանքում, թեպետ շատերը խորհուրդ էին տալիս անգամ անտեսել։ Բայց ես, այդուհանդերձ, որոշեցի սա գրել, որպեսզի քեզ հասցվի։
Դու ինքդ էլ չես հասկանում, թե որքան ծիծաղելի վիճակի մեջ ես դրել կամ դնում քեզ կանոնավոր ամենատարբեր անհեթեթությունները հրապարակ նետելով։ Փոքր երկիր, ազգ ու ժողովուրդ ենք, կա աղուհացի, մարդկային հարաբերությունների խնդիր, ու այդ ամենը երբեք թույլ չի տվել, որպեսզի քո կամ քո նման մարդկանց դեմքին ասվի ողջ ճշմարտությունը։ Հիմա ինքդ ստիպեցիր դա անել։
Քո խղճին եմ թողնում պրիմիտիվ լայքամեռի հոգեբանությամբ յութուբյան դիտումներն ավելացնելու գերնպատակի համար հիմարություններ դուրս տալով փող ու հաց աշխատելու քո գործելաոճը։ Հետևի՛ր մեկ այլ օրինակի, անցի՛ր հայհոյանքների, ինտիմ բամբասանքների, միգուցե դիտումներն ավելի շատ լինեն, որովհետև խելահեղ վերնագրերը, որոնցից մեկն էլ մարդկանց ուշադրությունը գրավելու համար դրել ես խնդրո առարկա տեսահեռարձակման վրա, հնարավոր է, այդքան ու միշտ չօգնեն։
Ուղղղակի ամոթ քե՛զ։ Մեծացի՛ր։ Սպիտակ մազեր ունենալը դեռ մեծանալու նշան չէ։ Մարդը մեծացած է լինում նաև այն ժամանակ, երբ դիմացինին խոցելու իր միակ զենքը չի մնում «Աշոտիկ, բերանդ ճաշոտիկ» խոսելաձևն ու մարդկանց անունները չի աղավաղում, -ԻԿ մասնիկներ չի ավելացնում։ Դու քեզ ես փոքրացրել, ոչ թե ինձ։ Որևէ խնդիր չէի ունենա, եթե չհամաձայնեիր իմ վերլուծություններին, քննադատեիր դրանք, հակադրվեիր այլ տեսակետով․․․ Բայց դու դա չես արել, ու ինչպես չես թաքցնում, այդ ամենն անում ես որպեսզի «մի ձեռքի մատերի վրա հաշվելի արևմտամետները գալիք ընտրություններում «հաղթեն», այլ ոչ թե նրանք, ում թիրախավորել ես․․․ Դեհ, ինչ, խորհուրդ կտամ սրտի կապլիներ ընդունել, որովհետև հունվարից շատ լուրեր քո փխրուն սրտի ու հոգեվիճակի համար լավ բան չեն խոստանալու․․․
Այսքանը
Ստեփան Սաֆարյան