Լրահոսի անցած երկու օրերի «աստղը» հայկական ազգանունով կրեմլյան պրոպագանդիստ, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանն է, որի մուտքը Հայաստան, ինչպես հայտնի է, արգելվել է վերջինիս՝ ՀՀ-ում «անցանկալի անձ» համարվելու բերումով։ Այն, որ «ռուսական «տապոռին» ամրացված հայկական ծառարմատից տաշված կոթը» (համեմատությունը հայաստանյան հանրային գործիչներից մեկինն է) ընդգրկված է «անցանկալի անձանց» ցանկում, Միհրանյանը նոր չէ, որ տեղեկացել է, այլ ավելի քան երկու տարի առաջ՝ 2022-ի ամռանը։ Այս մասին ինքը՝ քաղաքագետն է հայտնել ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի նախագահած հայ-ռուսական «Լազարևյան ակումբ»-ի առցանց նիստի ժամանակ, միաժամանակ նշելով՝ «ժամանակ չի ունեցել այդ հարցով զբաղվելու»։ Ի դեպ, Հայաստանի ղեկավարի հասցեին ոչ կոռեկտ հայտարարություններով հայտնի Կ. Զատուլինն, ինչպես նաև նրան այդ հարցում ընկերակցող ու գերազանցող հայազգի պրոպագանդիստներ՝ Russia Today գործակալության տնօրեն Մարգարիտա Սիմոնյանը, վերջինիս ամուսին Տիգրան Քեոսայանը, լրագրող Արամ Գաբրելյանովը, նույնպես արժանացել են ՀՀ-ում անցակալի անձ համարվելու «բախտին»։
Բայց այժմ դառնանք մեր «հերոսին»՝ Միհրանյանին. վերջինս, փաստորեն, անցած երկու տարում այդպես էլ ժամանակ չի ունեցել զբաղվելու իր անցանկալիության հետ կապված խնդրով, վիճարկել իրավական եղանակով, ինչպես, օրինակ, վարվել են Միհրանյանի հայրենակից այլ անձինք՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանն ու ՀՅԴ Հոլանդիայի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Մասիս Աբրահամյանը։ Վերջիններիս մուտքը ՀՀ, հիշեցնենք, նույնպես արգելվել էր։ Վիճարկելով ԱԱԾ համապատասխան որոշումը՝ վերջիններիս հաջողվեց իրենց անունները դատարանի որոշմամբ դուրս բերել անցանկալի անձանց ցուցակից։ Մասնավորապես Փափազյանը նախորդ հանգստյան օրերին ՀՀ-ում էր՝ մասնակցում էր հարազատ կուսակցության կազմակերպած համաժողովին։
2018 թվականին ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունից հետո իր՝ հայ լինելու համար ամաչող Միհրանյանին (և նրա ռուսաստանցի մյուս բախտակիցներին) երևի թվում է, թե կարելի է ռուսական վայրի քարոզչությանը լծվել տարբեր ալիքների եթերում, տարատեսակ հավաքների ժամանակ կեղտ լցնել ՀՀ իշխանությունների վրա, «կծել, աքացի տալ», նման վարքագծի համար համարվել «պերսոնա նոն գրատա» և այսքանից հետո սպասել, որ գրկաբաց ընդունելության է արժանանալու։
Հարկ է նկատել, որ երբ հայտի էր դարձել իր՝ «անցանկալի անձ» դառնալու մասին, Միհրանյանը, ո՜վ զարմանք, չէր կարողացել բացատրություն գտնել ՀՀ իշխանությունների նման որոշման համար։ «Ձեր դեբիլներին հարցրեք, այն դեգեներատներին, որոնք ընդունում են այդ որոշումները, ինչո՞ւ եք մեզ հարցնում»,- հայաստանյան կայքերից մեկի հարցին ի պատասխան հայտարարել էր ՄԳԻՄՕ-ի պրոֆեսորը։ Գասպաձին Միհրանյանի մոտ, ենթադրում ենք, թյուրընկալում կա. նրան թվում է, թե ՀՀ-ն ռուսական ծայրագավառ է, խամուխոպան մի տարածք, տեղի իշխանությունն ու վերջինիս ընտրած ժողովուրդն էլ՝ «ռուսաստրուկ», ուստի պետք է մի կողմ թողնի օրենքն ու կարգը, «չեստ տա» մետրոպոլիայից ժամանած, իր իսկ բնորոշմամբ՝ «դեբիլին» և «դեգեներատին»։ Նշենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկը վարելու իրավասությունը վերապահված է ՀՀ ԱԱԾ-ին՝ ըստ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի։ ԱԱԾ-ն այդ բանկի մասին ինֆորմացիան գաղտնի է պահում՝ անձնական տվյալների պաշտպանության նկատառումով։ Տվյալների բանկից օգտվելու իրավունք ունեն ՀՀ նախագահի աշխատակազմը, ԱԱԾ-ն, ոստիկանությունը, ԱԳՆ-ն, Միգրացիոն ծառայությունը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում՝ դատարանները, քրեական հետապնդում իրականացնող մարմինները։
Թե ով է «դեբիլն» ու ով՝ «դեգեներատ»-ը
Իրեն «ալամ աշխարհի հայերի» միության նախագահ հռչակած Արա Աբրահամյանը, որի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության կազմում էլ Միհրանյանը փորձում էր խուժել Հայաստան՝ այցելելու իր նախնյաց գերեզմանին, ամիսներ առաջ՝ ապրիլի 24-ին, Մոսկվայում կազմակերպել էր Ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որի ժամանակ Միհրանյանը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին անվանելով «ցեղասպան», նույն տերմինն օգտագործել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին։ «Ես այսօր առաջարկում եմ, որ Հայաստանում՝ որտեղ էլ հայտնվի Փաշինյանը, պետք է գոռալ՝ Փաշինյան, ցեղասպան, մարդ, որը ցեղասպանություն է գործել, քանի որ ամբողջ աշխարհի աչքի առաջ նա հրաժարվեց իր սեփական ժողովրդի զգալի հատվածից (ծափահարություններ դահլիճում-խմբ.)։ …Իհարկե, երբ ՀՀ-ում իշխանություն փոխվի, առիթ կստեղծվի միջազգային արդարադատության դատարանում գործ հարուցել Ղարաբաղի հայության դեմ իրականացված ցեղասպանության կապակցությամբ։ Մենք սա չենք մոռացել, բայց այս հարցը բարձրացնելու համար պետք են ինստիտուտներ։ Եվ ահա կտեսնենք՝ միջազգային հանրությունից ովքեր են հայ ժողովրդի ընկերները, ովքեր՝ ոչ։ Գործող իշխանության պարագայում նման հեռանկար չենք կարող սպասել, քանի որ այդ՝ ցեղասպան իշխանությունը պարում է Ալիևի և Էրդողանի դուդուկի տակ…»։
Վերադառնանք մի քանի տարի հետ՝ 2016 թվական։ Ապրիլյան պատերազմից մի քանի ամիս անց, պատերազմ, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, ՀՀ ռազմավարական դաշնակից ՌԴ-ն, փաստորեն, «ի վիճակի չեղավ» կանխել, սույն քաղաքագետը հայտարարել էր. «Միջազգային հանրության համար Ղարաբաղի շուրջ գտնվող շրջանները ի սկզբանե համարվել են տարածքներ, որոնք պետք է վերադարձվեն Ադրբեջանին: Ե՛վ Ռուսաստանը, և՛ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող մյուս երկրները դեռևս դրանք Ադրբեջանի մաս են համարում»։ Ապա, ի պատասխան հարցի՝ արդյոք պետք է այդ տարածքները հանձնել Ադրբեջանի՞ն, Ղարաբաղի համար դարդ անող Միհրանյանն ազդարարել էր. «Վաղ թե ուշ ամեն ինչ իր տեղը պետք է ընկնի: Հարյուր կամ հազար տարի հետո»:
2017-ին արդեն Միհրանյանը Երևանի հայտնի մամլո ակումբում անդրադառնալով «ոչ մի թիզ հող» թեզին՝ հայտարարեց. «Ես լսել եմ դա Ղարաբաղում գեներալներից, սպաներից, զինվորականներից, որ ոչ մի թիզ հող մենք չենք վերադարձնի: Այդ մոտեցմամբ մենք ո՞ւր ենք գնալու, ո՞ւմ հետ կարող ենք խոսել: Ուրեմն պիտի նստենք, մեր մեջ խոսենք, սա կլինի ամենաանպատասխանատու, ամենաապուշ վերաբերմունքն այս հարցի նկատմամբ»։ Նա նաև նշել էր, որ պետք չէ տագնապ ստեղծել բլրի մի հատված կորցնելու համար: Ըստ նրա՝ Արցախի հարցը ռազմական ճանապարհով կլուծվի միայն բլից կրիգի դեպքում, եթե Ադրբեջանն օգտվի այդ պահին ունեցած ռազմական իր առավելությունից. «Ինքս Բակո Սահակյանի հետ եղել եմ Հադրութի ճակատում և տեսել այդ բլուրները: Ես ոչ մի այդպիսի տագնապային բան չեմ տեսել այնտեղ: Այդ բլուրները գուցե ինչ-որ նշանակություն ունեն, բայց ես իմ աչքով տեսածն եմ ասում, այդ բլուրներն իրենցից մի բան չեն ներկայացնում»:
2018-ի հեղափոխության օրերին էլ քաղաքագետ Միհրանյանը ծառս էր եղել ՀՀ-ում ժողովրդի դրսևորած քաղաքացիական կեցվածքից։ Արա Աբրահամյանի կազմակերպած քննարկման ժամանակ ժամանակին ամերիկացիներին ժողովրդավարություն դասավանդած պրոֆեսորն աղաղակել էր՝ ՀՀ իշխանությունները պետք է ճնշեն քաղաքացիական անհնազանդությունը՝ իշխանության հեռացման պահանջով, քանի որ նման քաղաքացիական կեցվածքը սպառնում է պետականությանը։ Նա «կեղտ», «օխլոս» էր անվանել ժողովրդին, որը Միհրանյանի կողմից գովեստի արժանացած Սերժ Սարգսյանի իշխանությանը թելադրում էր իր պահանջը՝ հեռացում։
2021-ին էլ, պատասխանելով հայկական ԶԼՄ-ի հարցին՝ հայ հասարակությունը, որին տարիներ շարունակ կերակրել են թեզով, թե ՌԴ-ն ՀՀ անվտանգային համակարգի միակ երաշխավորն է, վերջին մեկ տարվա իրադարձություններից հետո իրավունք ունի՞ նման բան պնդելու, և օբյեկտիվ չե՞ն այն դժգոհությունները, որ ՌԴ-ն դավաճանել է մեզ, հայկական արմատներով, ղարաբաղասեր քաղաքագետը բարկացել էր. «Այ քեզ բան, դուք աննորմալ եք. եթե մի ազգ իրեն չի պաշտպանում, ինչի՞ պետք է գա ուրիշը պաշտպանի։ Մենք լսում ենք, չէ՞, ծնողներն ասում են. «Մեր էրեխեքը թող չգնան Ղարաբաղ, մեր էրեխեքը չգնան պատերազմ»։ Չէի՞նք ուզում պատերազմ՝ դե հիմա ստացեք հա՛մ պատերազմը, հա՛մ նվաստացումը։ Ո՞վ էր մեղավոր»։
Նույն հայասերն արդեն 2022-ին, հայ-ռուսական «Լազարյան» ակումբի նիստին (այն տեղի էր ունեցել Պուտինի կողմից այդպես էլ չմարսված՝ Պրահայում կայացած քառակողմ հանդիպումից հետո) թութակելով «լավրովյան» նարատիվը, թե՝ ռուս խաղաղապահները կանգնեցրին 44-օրյա պատերազմը, վերջիններիս տեղակայումը Փաշինյանի ու նրա թիմի թիկունքին հարված էր, որովհետև նրանք 30 տարի ասում էին, որ Ղարաբաղը բեռ է, պետք է դրանից ազատվել, նետել էր. «Երբ ՌԴ նախագահն ուզում էր անմիջապես կանգնեցնել այդ ռազմական գործողությունները, այդ ժամանակ ՀՀ վարչապետն ասում էր՝ ո՞նց կարող էի կանգնեցնել, այդ ժամանակ իրեն կասեին դավաճան, կհանեին, պետք էր շատ մարդ սպանել, այդ վախը խորացնել հայ հասարակությունում, որ հայ հասարակությունը հուսահատ պատրաստ լիներ ընդունել ցանկացած աղետալի գործողություն, որը կանեին ներկայիս ՀՀ իշխանավորները: Շատ կարևոր է, որ եթե ՀՀ-ն հրաժարվում է Ղարաբաղի հարցի քննարկումից ու պատրաստ է հանձնել Ղարաբաղը «վաշինգտոնյան տարբերակով», կներեք, ՌԴ-ն չի կարող այդ հարցը ինքնուրույն քննարկել՝ առանց Հայաստանի: Չնայած ես մտածում եմ, որ եթե Ղարաբաղն ու ՌԴ-ն միմյանց հետ պայմանավորվեն, այդ ժամանակ հնարավոր է և առանց ՀՀ-ի, ինչի՞ է պետք Ղարաբաղին նման Հայաստանը»:
Ստացվեց այնպես, որ Միհրանյանին տանիքով, աշխատանքով ու «կորմով» ապահոված երկիրը հանձնեց Ղարաբաղը՝ այս չարագուշակ հայտարարությունից երկու ամիս անց թույլ տալով, որ Ադրբեջանը փակի Լաչինի միջանցքը, իսկ 2023-ի սեպտեմբերին էլ հումանիտար աղետի առաջ կանգնած ղարաբաղցիներին դեմ հանդիման թողնի ադրբեջանական ագրեսիայի դիմաց։ Պատերազմը Միհրանյանի պատկերացմամբ «կանգնեցրած» խաղաղապահներն, ի դեպ, իրենք իրենց գրողի ծոցն ուղարկեցին նախքան նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված ժամկետի ավարտը՝ դուրս գալով «Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական շրջանից»։ Տեսնես Պուտինի «հասարակական պալատի» անդամը այս հարցերով երբևէ խոսե՞լ է իր՝ քարոզչություն պատվիրող «զակազչիկների» հետ, թե՞ գերադասել է ձև անելը, որ ինքը հանգստյան օրերին ապուշ է ու աննորմալ, աշխատանքային օրերին էլ՝ «դեբիլ» ու «դեգեներատ»։