Հայաստանը աշխարհին պետք է տա նորարարություն ու տեխնոլոգիա, սրա համար են ստեղծվում բոլոր պայմանները. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառալով մերօրյա մարտահրավերներին և Հայաստանից աշխարհի ունեած ակնկալիքներին:

«Առանց ծուռ նստելու շիտակ խոսենք։

Հզոր, զարգացած, ուժեղ բանակը երկրի անվտանգության երաշխիքն է, բայց օրեցօր փոփոխվող աշխարհում Հայաստանի անվտանգության երաշխիքներից են նաև այն արժեքները, որ տալիս ենք աշխարհին։ Շատ կարևոր է, թե ինչ ենք տալիս աշխարհին և ինչով է աշխարհը մեզնից կախված, որովհետև Հայաստանից կախվածությունը հավելյալ երաշխիք կստեղծի մեր անվտանգության համար։

Առնվազն միամտություն կլինի մտածել, թե աշխարհը առանց մեր արտահանած արտադրանքի ու հումքի չի կարող գոյություն ունենալ։ Նախ մեր ընդերքը այդքան էլ հարուստ չէ հանածոներով, իսկ նույն հանածոները կան նաև այլ երկրներում։ Ինչ վերաբերում է մեր արտադրանքին, ապա առնվազն նույն որակի արտադրանք տալիս են նաև այլ պետություններ։

Հետևաբար, ի՞նչ պետք է տալ աշխարհին, որ մեր դիրքն ու տեղն ապահովի, երաշխավորի երկրագնդի վրա։

Սովորաբար մենք՝ հայերս սիրում ենք գլուխ գովել, թե հին ազգ ենք, խելացի ազգ ենք, ամեն ինչ մենք ենք ստեղծել, ամեն ինչի հիմքը մենք ենք դրել։ Անգամ օրինակներ ենք բերում՝

Գունավոր հեռուստատեսության հիմնադիրներից մեկը հայ է
Մեքենայի ավտոմատ փոխանցման տուփի հեղինակը հայ է
Բետոնախառնիչը հայ է ստեղծել
Մագնիսառեզոնանսային Scan մեքենան հայ է ստեղծել
Մրցավազքային մեքենայի հիդրավլիկ գլանը հայ է ստեղծել
Պլաստիկ վիրաբուժության հիմնադիրը հայ է

Օրինակները շատ-շատ են։ Բայց բոլորին միավորում է մեկ բան։ Այս մարդիկ մեծ հաջողության են հասել գիտության ոլորտում, հաջողության են հասել իրենց մասնագիտության մեջ խորանալով ու պրոֆեսիոնալ դառնալով։ Ու սա է հաջողության այն բանալին, որ պետք է օգտագործենք աշխարհի դռները բացելու համար։

Հայաստանը աշխարհին պետք է տա նորարարություն ու տեխնոլոգիա։ Բայց այս ամենն անհնարին կլինի առանց համապատասխան կրթության։

Ու հենց սրա համար է կարևորվում կրթության դերն ու նշանակությունը, սրա համար է որ ստեղծվում են հնարավոր բոլոր պայմանները։ Սրա համար է, որ կառուցվում են դպրոցներ, լաբորատորիաներ, բուհեր ու մի ամբողջ Ակադեմիական քաղաք»,- գրել է Չախոյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ