ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումին:
Իր խոսքում նախարարն ասել է.
Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Ձերդ գերազանցություններ,
Հարգելի՛ գործընկերներ,
Պատիվ ունեմ ողջունել Ձեզ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ Գլոբալ ֆորումին:
Ցեղասպանության հանցագործությունների քննարկման օրակարգն արդեն հինգերորդ անգամ է Երևանում մեկտեղում քաղաքական գործիչների, միջազգային կառույցների ներկայացուցիչների, ոլորտի հայտնի գիտնականների, դատավորների, իրավապաշտպաննեիր և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների։
Վստահ եմ՝ գիտեք նաև, որ այս ֆորումը հյուրընկալելուց բացի Հայաստանը նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի շրջանակում ներկայացվող «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևի հեղինակն է, որը վերջին անգամ ընդունվել է այս տարվա մարտ ամսին և դրա հիմնական թեմաներից մեկը եղել է հենց ցեղասպանության վաղ նախազգուշացումն ու վաղ արձագանքումն ապահովելու հարցը։
Պիտի նշեմ, որ այս տարիների ընթացքում բանաձևում մշտապես իրականացվել են բովանդակային կարևոր լրացումներ, իսկ հերթական գլոբալ ֆորումի կազմակերպման ժամանակ երբեք չի եղել քննարկվող թեմաների պակաս։ Եվ այս փաստը, որքան էլ որ տարօրինակ հնչի՝ որպես դրական արձանագրում չեմ անում: Այս փաստը մի ցավալի իրողություն է։ Իրողություն, որն արձանագրում է մեր՝ որպես միջազգային հանրության ջանքերի արդյունավետության պակասը կամ, եթե կուզեք ավելի անկեղծ, մեր հավաքական անկարողությունը կանխել աշխարհում տեղի ունեցող մարդկության դեմ ուղղված ոճրագործություններն ու ցեղասպանությունները։
Անգամ օրեր առաջ՝ դեկտեմբերի 9-ին՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն, անգամ դրանից երեք օր առաջ, անգամ դրանից երեք օր հետո՝ այսօր, աշխարհի տարբեր անկյուններում և հատկապես զինված հակամարտությունների գոտիներում մենք ականատես ենք լինում ցեղասպանական գործողությունների, դրսևորումների, ազդակների, որոնք խոսում են մարդկության դեմ հասունացող նոր հանցագործությունների մասին։
Ցավոք, միջազգային հանրությունը ցեղասպանությունների և զանգվածային այլ ոճրագործությունների մասին սկսում է ավելի շատ խոսել և ուշադրություն դարձնել, երբ դրանք արդեն իսկ կայացած փաստեր են։ Մեր տարածքաշրջանում դրա ականտեսը եղանք ոչ միայն շուրջ 110 տարի առաջ Հայոց Ցեղասպանության պարագայում, այլև բառացիորեն անցյալ տարի, երբ թվում էր աշխարհին տեսանելի են բավարար ռիսկի գործոններ, որոնք կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների։
Ցավոք, մենք անկարող եղանք կանխել, և այսօր ականատես ենք այդ անդառնալի հետևանքներին: Սա այն օրինակներից է, երբ միջազգային կառույցների արձագանքը հավասարազոր չէր ռիսկի գործոններին և տեղում ստեղծված իրավիճակին: Իսկ նշված ռիսկի գործոններից ամենաէականն՝ ատելության տարածումն, ի վերջո, ատելության խոսքից վերածվեց հանցագործության:
Հայերի վերաբերյալ բերածս օրինակը տարածվում է բոլոր այլ ցեղասպանությունների և զանգվածային ոճրագործությունների իրականացման հանգամանքների և պատճառների վրա, քանի որ այս հանցագործության հիմքերն, ազդակներն ու ռիսկի գործոնները միանման են:
Աշխարհում տիրող իրավիճակն ու ցեղասպան ռիսկերի վտանգավոր միտումները, պետք է ստիպեն գտնել մարդկանց կյանքերը փրկելու առավել արդյունավետ ճանապարհներ, ծանր բյուրոկրատական մեքենան պետք է դառնա ավելի զգայուն և ճկուն, ոչ միայն արդյունավետ կերպով արձագանք ապահովելու, այլև բոլորի հանդեպ հավասար վերաբերմունք դրսևորելու առումով:
Ազգային, ռասայական, էթնիկ խմբերի պաշտպանության ապահովումը պետք է շարունակի լինել մարդու իրավունքների միջազգային համակարգի ուշադրության կենտրոնում: Միաժամանակ հասկանալի է, որ այս առումով հաջողության միակ գրավականը միջազգային սերտ համագործակցությունն է, այդ թվում՝ ՄԱԿ-ի կառույցների, տարածաշրջանային կազմակերպությունների, անդամ երկրների, հասարակական կազմակերպությունների և այլ դերակատարների միջև: Այս համագործակցության ապահովումը վաղուց դարձել է ընդհանուր պատասխանատվություն, որում իրենց յուրովի դերն ունեն թե՛ որոշումների կայացման գործընթացում ներգրավված ՄԱԿ ԱԽ անդամները և տարածաշրջանային խոշոր դերակատարները, թե՛ տեղում իրավիճակի վրա ազդեցություն ունեցող, իսկ հաճախ՝ կանխարգելման օրակարգի առաջմղման հարցում առաջամարտիկի դեր ստանձնած փոքր պետությունները: Այս համատեքստում այս տարվա ֆորումի համար ընտրված թեմաները՝ նվիրված ռիսկերի վաղ հայտաբերմանը և շահագրգիռ բոլոր դերակատարների համագործակցության միջոցով վաղ կանխարգելման մեխանիզմների լավարկմանը, առավել, քան արդիական են։
Հարգելի՛ գործընկերներ,
Ելույթիս սկզբում հնչեցրած գրահատականներս խնդրում եմ ընկալել որպես կոչ մեկտեղելու բոլորիս կամքը, գիտելիքները և հասատակամությունը պայքարելու ցեղասպանությունները կանխարգելելու ուղղությամբ։ Միայն համախոհությունն է, որը թույլ կտա հաղթահարել հուսահատության շղթան և պայքարել իրավունքահեն աշխարհակարգի վերականգնման ուղղությամբ։
Խոսքս ցանկանում եմ ավարտել «Ցեղասպանության կանխարգելման» բանաձևի մի շատ կարևոր դրույթով.
«Բոլոր ժողովուրդներն իրենց ներդրումն ունեն քաղաքակրթությունների և մշակույթների բազմազանության և հարստացման գործում, ինչը և կազմում է մարդկության ընդհանուր ժառանգությունը»: Իսկ այդ ժառանգության պաշտպանության գործը, կարծում եմ, յուրաքանչյուրիս պարտավորությունն է:
Ֆորումի մասնակիցներին ցանկանում եմ հետաքրքիր քննարկումներ և արդյունավետ աշխատանք»: