Մեծ քաոս համացանցում․ Meta-ի բոլոր հարթակները՝ Facebook-ը, Instagram-ը և WhatsApp-ը միաժամանակ դադարել են աշխատել

Սոցիալական ցանցերի աշխարհում իսկական խառնաշփոթ է տիրում․ Meta ընկերության հիմնական հարթակները՝ Facebook-ը, Instagram-ը և WhatsApp-ը, հայտնվել են գլոբալ խափանման մեջ։ Համաձայն DownDetector կայքի տվյալների, հազարավոր օգտատերեր ամբողջ աշխարհում հայտնում են ծառայություններից օգտվելու անհնարինության մասին։

Օգտատերերը, փորձելով մուտք գործել Meta-ի հավելվածներ, ստանում են «Մենք աշխատում ենք խնդիրը հնարավորինս շուտ վերացնելու ուղղությամբ» հաղորդագրությունը։ Ընկերության հաղորդակցության բաժնի աշխատակից Էնդի Սթոունը X-ում հաստատել է խափանման փաստը՝ նշելով, որ թիմն արդեն աշխատում է խնդրի լուծման ուղղությամբ։

Սա Meta-ի երրորդ խոշոր խափանումն է վերջին մի քանի ամսվա ընթացքում։ Նախորդ նմանատիպ դեպքը գրանցվել էր մարտ ամսին, երբ օգտատերերը նույնպես չէին կարողանում մուտք գործել իրենց հաշիվներ։

X-ը դարձել է օգտատերերի ապաստարանը, որտեղ մարդիկ կիսվում են իրենց տպավորություններով և սրամիտ մեկնաբանություններով։ «Միշտ Instagram-ն ու Facebook-ն են խափանվում, բայց երբեք՝ Microsoft Teams-ը», — կատակում է օգտատերերից մեկը։ Իսկ Իլոն Մասկը չի բաց թողել առիթը՝ հեգնանքով նշելով․ «Եթե կարդում եք այս գրառումը, ապա մեր սերվերները գործում են»։

Meta-ն դեռևս չի հայտնել խափանման պատճառների մասին, սակայն նշել է, որ աշխատում է Facebook Login ծառայության վերականգնման ուղղությամբ։ Առայժմ անհայտ է, թե երբ հարթակները կվերադառնան լիարժեք աշխատանքային ռեժիմի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ