Չի կարելի պատգամավոր լինելով՝ աշխատել ինչ-որ լրատվականի մոտ՝ որպես ինֆորմատոր. Ալեքսանյանը՝ Աղազարյանի մասին

Ինչպես հայտնել ենք Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը հեռացվել է խմբակցությունից:

Ինչո՞ւ է պատգամավորը հեռացվել՝ լրագրողների հարցին ի պատասխան, խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ասաց՝ կուսակցական կարգապահությունը խախտելու համար։

Ալեքսանյանն անդրադարձավ նաև Հովիկ Աղազարյանին՝ նշելով.

«Չի կարելի ԱԺ պատգամավոր լինելով իջնել այն մակարդակի, որ դառնաս ինչ-որ նողկալի խոսափող կամ արտահոսքի ընդամենը չփակված անցք: Չի կարելի լինել պատգամավոր և աշխատել ինչ–որ լրատվականի մոտ՝ որպես ինֆորմատոր, որը պատկանում է բոլորիս հայտնի ուժերի»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել էր, որ որոշում է կայացրել մեկ ամսով կասեցնել ՔՊ-ում իր գործունեությունը։

ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանն էլ, հակադարձելով այդ հայտարարությունը, տեղեկացրել էր, որ Հակոբ Ասլանյանը կհեռացվի ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից:

Ավելի ուշ Ասլանյանը սոցցանցի իր էջում մի քանի սքրինշոթ էր հրապարակել, որով հայտնել էր, թե իր հայտարարությունը հիմնված է եղել սխալ տեղեկությունների վրա և շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և խմբակցության անդամ: Այդ սքրինշոթերից մեկը, որը Ասլանյանը հետագայում հեռացրել է, վերաբերել է իր և ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի նամակագրությանը:

Այս նամակագրության վերաբերյալ էլ պարզաբանում էր տարածել ԲՏԱ նախարարի խոսնակը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ