Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ռուսաստանցիներին կոչ է անում զերծ մնալ մասնավոր և աշխատանքային ուղևորություններից դեպի Միացյալ Նահանգներ և նրա դաշնակից երկրներ՝ ԱՄՆ իշխանությունների կողմից կամայական կալանավորման վտանգի պատճառով։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Պաշտոնական Վաշինգտոնի մեղքով փլուզման եզրին հայտնված ռուս-ամերիկյան հարաբերություններում աճող առճակատման համատեքստում մասնավոր կամ պաշտոնական պատճառներով Միացյալ Նահանգներ մեկնելը հղի է լուրջ վտանգներով»,- ասել է նա:
Զախարովան նշել է, որ գերատեսչությունը բազմիցս անդրադարձել է այս խնդրին, սակայն առաջին անգամ է, որ այդ հարցի վերաբերյալ ուղղակի դիմում է հնչում ԱԳՆ-ից։
ՌԴ ԱԳՆ խոսնակը նշել է, որ ԱՄՆ-ն տարբեր պատրվակներով, օրինակ՝ զբոսաշրջային առաջարկներով, գրավում է ռուսաստանցիներին, և երբ նրանք մեկնում են արտերկիր, «նշանակետի տակ հայտնված» ռուսաստանցիներին ձերբակալում են և հանձնում ԱՄՆ իրավասությանը։
«Այս առնչությամբ մենք խստորեն կոչ ենք անում գալիք տոներին շարունակել զերծ մնալ ոչ հրատապ ուղևորություններից դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ և նրա դաշնակից երկրներ, այդ թվում՝ առաջին հերթին Կանադա և, մի քանի բացառություններով, Եվրամիության երկրներ»,- ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տվել արտերկրում գտնվելու ընթացքում խուսափել այնպիսի իրավիճակներից, որի ժամանակ ՌԴ քաղաքացիները կարող են դառնալ «սադրանքի զոհ» կամ ձերբակալվել տեղական օրենքները խախտելու պատրվակով։