Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունում դեկտեմբերի 8-ին Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ:
Կանանց 55 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգա Եվրոպայի գործող չեմպիոն, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը:
Ալեքսանդրա Գրիգորյանը 2018 թ. Հայաստանի պատանեկան առաջնության հաղթող է, նույն տարում դարձել է Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթող: 2019 թ. նվաճել է Հայաստանի մեծահասակների առաջնության հաղթողի կոչումը 49 կգ քաշային կարգում:
2021 եւ 2022 թթ. դարձել է Հայաստանի չեմպիոն 55 կգ քաշային կարգում: 2022 թ. Եվրոպայի պատանեկան առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ 49 կգ քաշային կարգում: Երկամարտում գրանցել է 167 կգ արդյունք (73+94): Հրում վարժությունում 94 կգ-ով սահմանել է Եվրոպայի պատանիների ռեկորդ:
Մեծահասակներում առաջին մեծ մրցաշարը եղել է Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունը: 55 կգ քաշայինների պայքարում Գրիգորյանը 179 կգ արդյունքով 6-րդ տեղի արդյունք ցույց տվեց(80+99):
2023 թ. Բուխարեստում անցկացված Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում Ալեքսանդրա Գրիգորյանը 59 կգ քաշային կարգում երկամարտի 198 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ (86 +112):
2023 թ. Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացված մեծահասակների աշխարհի առաջնությունում Գրիգորյանը երկամարտի 190 կգ արդյունքով գրավեց 6-րդ տեղը (83+107): Նույն տարում Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճեց ծանրամարտի աշխարհի երիտասարդական (մինչեւ 20 տարեկան) առաջնության չեմպիոնի տիտղոսը։
Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում անցկացված առաջնության 55 կգ քաշայինների պայքարում երիտասարդ ծանրորդը երկամարտում հավաքեց 188 կգ (81+107):
2024 թ. Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճեց չեմպիոնի կոչումը: Երկամարտում հայ ծանրորդը գրանցեց 196 կգ արդյունք (81+115):
Սեպտեմբերին Իսպանիայում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում Գրիգորյանը բավարարվեց բրոնզե մեդալով՝ երկամարտում հավաքելով 191 կգ (81+110):
Հոկտեմբերին Լեհաստանում անցկացված Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում Եվրոպայի չեմպիոնը նվաճեց ոսկե մեդալ երկամարտի 200 կգ արդյունքով (85+115):
Բահրեյնում ընթացող աշխարհի առաջնությունում Ալեքսանդրա Գրիգորյանը կպայքարի 55 կգ քաշայինների A խումբ: Երկամարտում նրա նախնական հայտը 210 կգ է:
Այս քաշային կարգում տիտղոսի համար կպայքարի 10 ծանրորդ: 210 կգ նախնական հայտ է ներկայացրել եւս 4 ծանրորդ: Ֆավորիտը չինացի Հաիքին Ժանգը, որի նախնական հայտը 215 կգ է:
Ալեքսանդրա Գրիգորյանի մասնակցությամբ պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:00-ին:
Փաշիկ Ալավերդյանի գլխավորած հավաքականից Բահրեյնում մրցահարթակ դուրս կգան նաեւ Գոռ Սահակյանը (73 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն էլ 96 կգ), Արա Աղանյանը (102կգ), Գարիկ Կարապետյանը եւ Պետրոս Պետրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը (+109 կգ)։
Կանանց պայքարում կլինի նաեւ Տաթեւ Հակոբյանը (87 կգ), հայտնում է news.am-ը: