«Ընկեր Գեղամին 24 ժամ եմ տալիս»․ Ալեն Սիմոնյան

Քիչ առաջ մի հարցազրույց դիտեցի, որտեղ դաշնակցական Գեղամ Մանուկյանը «փեշերը փռել» և պաշտպանում էր Քոչարյանին, Քոչարյանի կարողությունը, Քոչարյանի անվտանգության աշխատակցի կողմից դաշնակցական Պողոս Պողոսյանի սպանությունը: Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Բայց ձեռքի հետ նաև փորձելով ինձ վարկաբեկել՝ կրկին ստել է և մեղադրել կոռուպցիայի մեջ, ասել իբր ես Հյուսիսային պողոտայում տուն եմ առել և ծախել, ինչպես նաև խոսել է իմ ընտանիքին պատկանող Ջրվեժի տան մասին:

Հիմա ընկեր Գեղամին 24 ժամ եմ տալիս, որ կամ հերքի իր պնդումը և ներողություն խնդրի սուտ տեղեկություն տարածելու համար, կամ ներկայացնի ապացույցներ տան կամ տների, տարածքների հստակ հասցեներ, Հյուսիսային պողոտայում առք ու վաճառքի մասին որևէ տեղեկություն: Եթե դա չանի, ստիպված է լինելու դատարանում ապացուցել, որ ես երբևէ Հյուսիսային պողոտայում տուն եմ ունեցել, գնել կամ վաճառել եմ այն: Արդեն խոսել եմ փաստաբաններիս հետ և վստահեցնում եմ, որ ընկեր Գեղամը ստիպված է լինելու ներողություն խնդրել հերթական զրպարտության համար: Ուստի առաջարկում եմ անել դա հիմա: Ինչ վերաբերում է իմ ընտանիքին պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժի տանը, սրա հետ կապված Երկիր Մեդիայի դեմ արդեն հայց կա ներկայացված, մի զրպարտող նյութ էին արել, ու օրերս Երկիր Մեդիայի փաստաբանն առաջարկել էր հաշտություն կնքել, քանզի ակնհայտ է նաև իրենց համար, որ պարտվելու են և որ իրենց տարածած այդ տեղեկությունը զրպարտություն է: Ես մեծահոգաբար համաձայնվել էի՝ պահանջելով միայն հատուցել փաստաբանի ծախսը և հերքել սխալ տեղեկությունը, բայց այս հարցազրույցից հետո փոխեցի որոշումս և մինչև վերջ դատական կարգով հասնելու եմ այն բանին, որ Երկիր Մեդիան նույնպես հերքի և վճարի փոխհատուցում:

Վստահ եմ, որ ընկեր Գեղամն իր կողքի նստածներից գումար կհայթայթի, վերջը այսքան ջանասիրաբար պաշտպանում է, չէ՞, մի բան դրա դիմաց պե՞տք է ստանա, թե՞ ոչ:

Հը՞։

Հ.Գ. Միայն մի խնդրանք ընկեր Գեղամին, երբ գա դատարան իմ Հյուսիսայինի առած-ծախած տների մասին ապացույց ներկայացնելու, չփորձի ասել, որ դա նկատի չի ունեցել, Հյուսիսայինը նկատի չի ունեցել կամ ինձ նկատի չի ունեցել, կամ իրեն սխալ են հասկացել, եթե մյուսների պարագայում ինձ մեկ է նման մանր բաները, իրան դա չի սազի, ես իրեն արժանապատիվ եմ վերաբերվում, կհիասթափվեմ»,-նշել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ