Հարավային Կորեայի խորհրդարանը քվեարկության չի դրել նախագահ Յուն Սեոկ Յոլի իմպիչմենթի հարցը. իշխող կուսակցության պատգամավորների մեծամասնությունը բոյկոտել է հանդիպումը։
Ընդդիմությունը հայտարարել է, որ մտադիր է շարունակել փորձերը՝ պարտադրելու համար երկրի ղեկավարին հրաժարական տալ:
Իշխող կուսակցությունում կան մտափոխված պատգամավորներ
Հանդիպումը, որում քննարկվել է իմպիչմենթի հարցը, ավարտվել է տեղական ժամանակով մոտավորապես 21:20-ին (ՀՀ ժամանակով՝ 15:20-ին): Ձայների հաշվարկից հետո խորհրդարանի խոսնակ Վու Վոն-Սիկը հայտարարել է, որ քվեարկությունը չի կարող կայանալ, քանի որ քվորում չի ապահովվել։
Քվեարկությանը պատրաստ է եղել մասնակցել 300 պատգամավորից 195-ը, իմպիչմենտի համար անհրաժեշտ էր առնվազն 200 ձայն, սակայն իշխող կուսակցության խմբակցությունը, գրեթե ամբողջ կազմով, լքել է Ազգային ժողովի դահլիճը։
Այս կերպ նախագահի «Ժողովրդական ուժ» կուսակցությունը փորձել է թույլ չտալ իր անդամներին մասնակցել քվեարկությանը, քանի որ ընդամենը մի քանի դրական ձայնի դեպքում իմպիչմենթը տեղի կունենար։
Ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լի Ջե-Մյունը հայտարարել է, որ իր կուսակցությունը չի հանձնվի և կձգտի պատժել նախագահին ռազմական դրություն մտցնելու համար:
Նախագահական կուսակցության պատգամավորներից մեկը՝ Ան Չոլ Սուն, հայտարարել է իմպիչմենթի օգտին քվեարկելու մտադրության մասին, և նա չի լքել նիստերի դահլիճը։ Հաղորդվում է, որ առնվազն երեք պատգամավոր էլ վերադարձել է այն բանից հետո, երբ իշխող կուսակցությունը լքել է նիստերի դահլիճը: Ըստ ամենայնի, նրանցից երկուսը մասնակցել են քվեարկությանը։ Հայտնի է, որ մեկը դեմ է քվեարկել։ Իշխող կուսակցության մեկ այլ պատգամավոր, ով նախկինում կողմ էր արտահայտվել իմպիչմենթին, մտափոխվել է:
Միևնույն ժամանակ, Սեուլի փողոցներում նախագահի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը շարունակվում են։ Տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ:
Նախագահը «փոշմանել», ներողություն է խնդրել
Նախօրեին, մինչ իմպիչմենթի հարցով քվեարկությունը, երկրի նախագահ Յուն Սեոկ Յոլն առաջին անգամ հրապարակավ ելույթ է ունեցել ռազմական դրություն հաստատելու փորձից հետո և ներողություն խնդրել այս քայլի համար՝ դա բացատրելով որպես «հուսահատություն»: Միաժամանակ նա հայտարարել է, որ իր պաշտոնավարման հարցը թողնում է իր կուսակցության հայեցողությանը։
Սրանից անմիջապես հետո կուսակցության ղեկավար Հան Դոն Հունը հայտարարել է, որ Հարավային Կորեայի առաջնորդի վաղաժամ հրաժարականն անխուսափելի է։
Հարավային Կորեայի նախագահը հեռուստատեսային ելույթում, որը տևել է մոտ 2 րոպե, ներողություն է խնդրել այս շաբաթվա սկզբին ռազմական դրություն մտցնելու իր որոշման համար և խոնարհվել:
«Այս որոշումը կայացվել է հուսահատությունից ելնելով։ Դա մարդկանց անհանգստություն և անհարմարություն է պատճառել։ Շատ եմ ցավում և ներողություն եմ խնդրում ձեզանից»,- ասել է նա։
Նախագահը հավելել է, որ երկրորդ անգամ ռազմական դրություն չի հայտարարի։
Ժողովրդին ուղղված ուղերձը Յուն Սեոկ Յոլի առաջին հրապարակային ելույթն էր այն բանից հետո, երբ նա նախ հայտարարել, ապա 6 ժա անց չեղարկել է երկրում ռազմական դրությունն այն բանից հետո, երբ խորհրդարանը դեմ է քվեարկել դրա ընդունման հրամանագրին: Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները, որոնք մեծամասնություն ունեն երկրի խորհրդարանում, նախագահին իմպիչմենթի ենթարկելու օրինագիծ են ներկայացրել, իսկ հարավկորեական ոստիկանությունը հետաքննություն է սկսել նրա դեմ՝ հեղաշրջում կազմակերպելու կասկածանքով։
Ընդդիմությունը «հիասթափված» է
Ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լի Ջե Մյունը նախագահի ելույթն անվանել է «շատ հիասթափեցնող»։ Նրա խոսքով, նախագահի ելույթը «չբավարարեց հանրության սպասելիքները և միայն ավելի խաբեց նրանց»։
«Հարավային Կորեայի համար այժմ ամենամեծ ռիսկը նախագահի իշխանության մեջ լինելն է։ Այլ ճանապարհ չկա, քան նրա իշխանությանը հնարավորինս արագ վերջ տալ՝ հրաժարականի կամ իմպիչմենթի միջոցով»,- ասել է Լին:
Նախօրեին Հան Դոնգ Հունն ասել էր, որ նախագահը վտանգ է ներկայացնում երկրի համար և պետք է հեռացվի իշխանությունից, թեև կուսակցության անդամները հետագայում հաստատել են իրենց ՝ պաշտոնապես դեմ լինելը Յուն Սեոկ Յոլի իմպիչմենթին:
Հարավային Կորեայի «Յոնհապ» լրատվական գործակալությունը հայտնել է, որ խորհրդարանը կքվեարկի և կքննարկի մինչ այդ առաջին տիկնոջ նկատմամբ հետաքննություն անցկացնելու հարցը:
BBC-ն գրում է, որ Յոլը փորձում է պահպանել իշխանությունը. վերջինս «ձևացնում» է, թե զղջում է, ներողություն է խնդրում ու միաժամանակ՝ հրաժարվում հեռանալ:
Սրան զուգահեռ, Սեուլում բողոքի ցույցերն ավելի ու ավելի են գլուխ բարձրացնում:
AFP-ն գրում է, որ երկրի ղեկավարը ռազմական դրության ժամանակ հրամայել է հակահետախուզության ղեկավարին կալանքի տակ վերցնել մի շարք առանցքային քաղաքական գործիչների՝ «հակապետական գործունեության» մեղադրանքով։
Ինչպես գործը հասավ իմպիչմենթի
Հարավային Կորեայի ամենամեծ ընդդիմադիր ուժը՝ «Տոբուրո» դեմոկրատական կուսակցությունը, դեկտեմբերի 4-ին հայտարարել է, որ մտադիր է հետամուտ լինել երկրի նախագահի իմպիչմենթին։
Կուսակցությունը հավելել է, որ ապստամբության մեղադրանք կներկայացնի պետության ղեկավարին, պաշտպանության և ներքին գործերի նախարարներին, ինչպես նաև «առանցքային զինվորական և ոստիկանական գործիչների, ինչպիսիք են ռազմական դրության հրամանատարը և ոստիկանապետը», հաղորդում է AFP-ն:
Մինչ այս Ազգային ժողովը դեմ է արտահատվել ռազմական դրության ռեժիմին։ Reuters-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 3-ի ուշ երեկոյան 300 պատգամավորներից 190-ը, ովքեր կարողացել են մտնել շրջափակված խորհրդարանի շենք, կողմ են քվեարկել դրա վերացմանը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 3-ի երեկոյան Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլն անսպասելիորեն հայտարարել էր երկրում ռազմական դրություն մտցնելու մասին, սակայն դեկտեմբերի 4-ի առավոտյան չեղյալ հայտարարել այն, երբ խորհրդարանը հրաժարվել էր աջակցել նրա հրամանագրին։
Ռազմական դրության ժամանակ արգելվել է խորհրդարանի՝ Ազգային ժողովի և քաղաքական կուսակցությունների աշխատանքը։ Ռազմական դրություն մտցնելու անհրաժեշտությունը Յունը հիմնավորել էր ընդդիմության հակապետական գործունեությամբ։