«Հայկական ժամանակ»-ը զրույցել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանի հետ:
Հարցազրույցը ներկայացնում ենք՝ ստորև.
— Տիկին Մարգարյան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, թե ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղյան հակամարտությանը, իսկ ՀՀ-ի վրա ագրեսիա չի եղել, ինչի՞ մասին է վկայում:
— Վլադիմիր Պուտինի հայտարարությունները նորություն չեն. դեռ 2021 թվականից, երբ Ադրբեջանը մայիսյան ագրեսիան իրականացրեց, ռուսական կողմը տարբեր առիթներով ասել է, որ ՀՀ սահման, որպես այդպիսին, գոյություն չունի, սա իրենց դիրքորոշումն է:
Արված հայտարարության ժամանակահատվածը վտանգավոր է, մենք կարող ենք տեսնել միտում, որովհետև Թրամփի վարչակազմը նոր ձևավորվում է, և բոլորն ուշի-ուշով սպասում են նրան, թե որքանով ամերիկյան կողմը կկարողանա ներգրավվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մեջ: Չի բացառվում, որ սրանով ռուսական կողմը ազդակ է հաղորդում Ադրբեջանին առ այն, որ «մեզ հետ ավելի հեշտ կլինի՝ կարող եք մեզ վրա հույս դնել»: Եվ, բնականաբար, սա վտանգավոր է, որովհետև եթե ամերիկյան վարչակազմը չներգրավվի ՀՀ-Ադրբեջան օրակարգերում, դուրս գա տարածաշրջանից, որի մասին շատ փորձագետներ են նշում, ապա Ադրբեջանը, ըստ էության, կարող է նույնիսկ ՀՀ-ի հետ երկկողմ բանակցությունների ու համաձայնությունների պայմաններում ՌԴ-ի հետ սինխրոնացնելով իր դիրքորոշումը՝ դելիմիտացիայի-դեմարկացիայի գործընթացը տորպեդահարել:
Երրորդը՝ սա կարող է նաև լինել հրավեր Ադրբեջանին ապագայում նորից սանձազերծել որևէ ռազմական ագրեսիա ՀՀ սուվերեն տարածքների դեմ:
— Վերջին շրջանում ադրբեջանական մամուլում տեղ գտած այն հրապարակումները, թե ՀՀ-ն նոր պատերազմ է նախապատրաստում Ադրբեջանի դեմ, արդյոք փոխկապակցվա՞ծ են Պուտինի հայտարարությունների հետ:
— Միանշանակ, Ադրբեջանը երբեք շանսը բաց չի թողնում. եթե մի փոքր անգամ հնարավորություն ունենա մարսելու որևէ ռազմական ագրեսիա ՀՀ-ի նկատմամբ, կիրականացնի: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա իրենք նույն գործելաոճն ունեն, այսինքն՝ հող են նախապատրաստում՝ Հայաստանին սկսում են մեղադրել մի բանում, ինչը ՀՀ-ն չի անում, որպեսզի ապագայում անեն այն, ինչում իրենք ՀՀ-ին են մեղադրում:
Պուտինի հայտարարությունները կարող են և՛ աջակցող լինել, և՛ հրահրող:
— Այս փուլում որքանո՞վ է հավանական նոր ռազմական ագրեսիան, Ադրբեջանը մինչ Թրամփի պաշտոնավարումը արդյո՞ք կգնա նման ռիսկի:
— Բոլոր ժամանակներում դա իրենց օրակարգն է: Երբ որ մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Սիրիայում, տեսնում ենք, թե Թրամփն արդեն ինչպիսի նշանակումներ է անում, ինչպիսի դիրքորոշում ունեն Իրանի նկատմամբ, ադրբեջանցիները պատրաստվում են ապագայում նաև գործիքայնացվելու ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ, ու այդ համատեքստում իրենք չեն բացառում, որ ինչ-որ պահի կարող են նաև խաղարկել ՀՀ-ի վրա հարձակվելու սցենարը: Եթե Իրանի դեմ թիրախային հարվածներով պատերազմ սկսվի, և այդ բառամթերքը, որ հիմա օգտագործում են, թե ՀՀ-ն պատրաստվում է պատերազմի, դա միանգամից կակտիվացնեն, կնետեն տեղեկատվական դաշտ և կարող են արդեն դիմել ռազմական ագրեսիայի ՀՀ-ի նկատմամբ:
— Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների և Խաղաղության պայմանագրի մասին, ասաց, որ դրա գրեթե 90 տոկոսը պատրաստ է: Իրապե՞ս մոտ ենք խաղաղությանը:
— Ես դա կդիտարկեի քաղաքական հայտարարության համատեքստում, որովհետև մանավանդ հիմա, երբ մենք սպասում ենք Թրամփի վարչակազմին՝ տեսնելու, թե իրենք ինչ քաղաքականություն են վարելու տարածաշրջանում, անչափ կարևոր է, որ հայկական կողմը իր կոնստրուկտիվ դիրքորոշումը առաջ տանի և հրապարակային այդ ազդակները տա, որ կարծես թե գործի մեծ մասն արված է, մնացել է ստորագրելը:
— Իսկ վարչապետի հայտարարությունը՝ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում անդառնալիության կետը հատելու վերաբերյալ, ինչի՞ մասին է խոսում:
— Սրանք չափազանց կարևոր հայտարարություններ են, որ արեց վարչապետը, որովհետև, ըստ էության, մենք ստացանք մի քանի հարցի պատասխան:
Նախ այն, որ Պուտինը հայտարարեց, թե ՀՀ-ն աջակցում է ընդունվող փաստաթղթերին, վարչապետի խոսքից պարզ դարձավ, որ այդ աջակցությունը տեղի է ունենում զուտ այն ֆորմատով, որ ՀՀ-ն վետտո չի դնում այդ փաստաթղթերի ստորագրմանը, որն անչափ կարևոր էր:
Եվ երկրորդը՝ կարևոր է, որ, ըստ էության, Հանրապետության վարչապետը արձանագրեց՝ մանավանդ այս հայտարարություններից հետո վերադարձի կետ գոյություն չունի, չի կարող լինել: Սա հստակ քաղաքական ուղերձ է և՛ ՌԴ-ին, և՛ աշխարհին առ այն, որ մենք շարունակում ենք դժգոհ մնալ, մեր դիրքորոշումը նույնն է, որ ՀԱՊԿ-ը իր կանոնադրական պարտականությունները չի կատարել ՀՀ-ի նկատմամբ, և չենք պատրաստվում վերադառնալ այդ կառույց: