ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով իրականացվող Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ վանական համալիրի արևմտյան պարսպապատի և աշտարակների նորոգման, ամրակայման և վերականգնման աշխատանքները ավարտվել են։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Կատարվել են հետևյալ աշխատանքները՝ վերականգնվել է երկրաշարժից փլուզված աշտարակը, արտաքինից բացվել են պատերի և աշտարակների հիմնամասերը, մաքրվել ջրաշիթով և մինչև սալվածքի նիշն ամրակայվել միաձույլ բարդ շաղախից մակադրումով:
Պատերի շարակարանները մաքրվել են բուսաճից, քայքայված դարզասվաղից և միջալիցքից, վերականգնվել են: Պատերի որոշ հատվածներ լրաշարվել են նմանատիպ որմածքով, պատերի վրա տեղադրվել է բազալտե անկանոն թերթաքարերով պաշտպանիչ ծածկաշերտ՝ ապահովելով ջրերի ուղղորդված հեռացումը և այլն։
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Հաղպատի վանական համալիրի որոշ կառույցների, դրանց ծածկասալերի խիստ քայքայված վիճակը՝ նախարարությունը 2025 թ․ համար առաջիկայում կհայտարարի վանական համալիրի կառույցների նորոգման, ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի կազմման մրցույթ, որին կարող են մասնակցել բարձրագույն «Գ» դասի արտոնագիր ունեցող ճարտարապետները։