Դեկտեմբերի 4-ի վաղ առավոտից հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է մայրաքաղաքում: Ոլորտում իրականացվող բարեփոխումների, տոմսային համակարգի ու առկա խնդիրների շուրջ քաղաքապետ Տիգրան Ավինյանը զրուցել է երևանցիների հետ՝ հենց հանրային տրանսպորտում:
«Սիրելի՛ երևանցիներ,
մեր առաջնահերթություններից է ունենալ մարդկանց համար ապահով և մշտապես բարելավվող տրանսպորտային համակարգ։
Այս տարի ձեռք բերեցինք 171 նոր ավտոբուսներ, որոնք առաջիկայում կսպասարկեն մեր քաղաքացիներին, իսկ 15 նոր տրոլեյբուսներն արդեն շահագործվում են։
Ավելացրել ենք հասարակական տրանսպորտի համար առանձնացված գծերը, ներդրել վճարման նոր հնարավորություններ. սրան զուգահեռ շարունակում ենք մի շարք այլ աշխատանքներ՝ ոլորտի բարելավման ուղղությամբ։
Մեր նպատակն է ստեղծել համակարգ, որը կդարձնի երևանցիների առօրյան ավելի հարմարավետ»,- սոցցանցի իր էջում գրել է քաղաքապետը։