«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ՝ շարժակազմերը համալրելու համար։
«Հարկված (մաքուր) աշխատավարձները՝
«ՄԱՆ» – 401 500 ՀՀ դրամ,
«Ժոնգ Տոնգ» – 309 500 ՀՀ դրամ,
«Գազել Սիթի» – 219 500 ՀՀ դրամ։
Աշխատանքային պայմաններին ծանոթանալու համար՝ դիմել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ք. Երևան, Թևոսյան 9 հասցեով՝ աշխատանքային օրերին, ժամը, 10:00 – 15:00 կամ զանգահարել նշված հեռախոսահամարով՝ 093 674480»,- ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում դեկտեմբերի 3-ի առավոտից որոշ վարորդներ գործադուլ էին հայտարարել: Վերջիններս դժգոհություն էին հայտնել աշխատանքային պայմաններից և աշխատավարձերից: Ակցիայի վայր էին ժամանել ավագանու ընդդիմադիր անդամներ, պատգամավորներ, ակտիվիստներ և Երևանում նոր ընտրություններ անցկացնելու հայտարարություններ արել:
Երևանի քաղաքապետարանը նրանց այս գործողությունները որակել է շանտաժ և ներկայացրել, թե որքան աշխատավարձ են ստանում ավտոբուսների վարորդները:
Հասարակական տրանսպորտի վարորդների իրականացրած գործադուլի հետևանքով 18 վարորդ ազատվել է աշխատանքից։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձել է հասարակական տրանսպորտի վարորդների գործադուլին՝ շեշտելով, որ կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության, որևէ տեսակի շանտաժի չեն տրվելու, կոմպրոմիսի չեն գնալու։