Երևանի հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է. շարժակազմները դուրս են եկել երթուղիներ:
Այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:
Հիշեցնենք՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում դեկտեմբերի 3-ի առավոտից որոշ վարորդներ գործադուլ էին հայտարարել: Վերջիններս դժգոհություն էին հայտնել աշխատանքային պայմաններից և աշխատավարձերից: Ակցիայի վայր էին ժամանել ավագանու ընդդիմադիր անդամներ, պատգամավորներ, ակտիվիստներ և Երևանում նոր ընտրություններ անցկացնելու հայտարարություններ արել:
Երևանի քաղաքապետարանը նրանց այս գործողությունները որակել է շանտաժ և ներկայացրել, թե որքան աշխատավարձ են ստանում ավտոբուսների վարորդները:
Ըստ այդմ՝
«ՄԱՆ» — 401,500 ՀՀ դրամ,
«Ժոնգ Տոնգ» — 309 500 ՀՀ դրամ,
«Գազել Սիթի» — 219,500 ՀՀ դրամ:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձել է հասարակական տրանսպորտի վարորդների գործադուլին՝ շեշտելով, որ կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության, որևէ տեսակի շանտաժի չեն տրվելու, կոմպրոմիսի չեն գնալու։