Անասելի մեծ էներգիա ու ջերմություն են փոխանցում յուրաքանչյուր մարդու. կայացել է «Ճախրուկ»-ի առաջին մենահամերգը

 

Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, որի կապակցությամբ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի առաջին մենահամերգը՝ նվիրված «Ճախրուկ» մշակութային կենտրոնի գործունեության 5-ամյակին:

Ինչպես հայտնել են նախարարությունից, միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:


Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, մասնավորապես, նշել է․

«Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը հնարավորություն ունենք լիարժեք վայելելու ձեր արվեստը։ Մենք ձեզնից սովորելու շատ բան ունենք, որովհետև, այո, ձեզնից սովորում ենք ոչ միայն ստեղծագործելու արվեստը, այլ նաև այն բարությունը, դրական էներգիան ու ջերմությունը, որ դուք տալիս եք։ Ասածս չափազանցություն չէ․ ով առիթ է ունեցել ներկա լինելու ճախրուկների որևէ համերգին կամ կատարմանը, խոսելու նրանց հետ, զգացել է, թե ինչ անասելի մեծ էներգիա ու ջերմություն են նրանք փոխանցում յուրաքանչյուր մարդու, ում տեսնում են առաջին անգամ։

Եվ հենց այսօր, երբ խոսում ենք հաշմանդամություն ունեցող մարդկանց ներառման և հասարակության զարգացման մասին, պիտի հասկանանք, թե ինչ մեծ աշխատանք ունենք անելու, որպեսզի կարողանանք սա դարձնել ոչ միայն առանձին օրերի իրողություն, այլ մեր առօրյայի անբաժանելի մաս, որպեսզի ներառումը լինի ոչ միայն առանձին միջոցառումների ու իրադարձությունների միջավայր, այլ այն ձևը, որով ապրում ենք։ Այս առումով բոլոր ոլորտներում շատ գործ ունենք անելու, այդ թվում՝ կրթության համակարգում։ Ուրախ եմ, որ ճախրուկը լինելու է դպրոցներում, և դա հրաշալի է։ Կարծում եմ, որ մեր երեխաները պետք է շատ շփվեն ճախրուկների հետ, իսկ վերջիններս հնարավորինս մեծ բեմերից ելույթ ունենան և ինչու չէ՝ նաև միջազգային»:

Համերգային ծրագրում ներառված էր ազգային, աշուղական, հոգևոր երգ-երաժշտություն։ Այս մենահամերգով կտրվի ճախրուկների համերգային շրջագայությունների մեկնարկը, որը կիրականացվի Երևանի և ՀՀ մարզերի տարբեր հանրակրթական դպրոցներում, ինչպես նաև բուհերում: Նպատակն է՝ ձևավորել առավել հանդուրժող, առողջ և ներառական հասարակություն։

Նշենք, որ 2019 թվականի սեպտեմբերից մինչ օրս սեփական նախաձեռնությամբ և կամավորական հիմունքներով երաժիշտներ Աննա և Անահիտ Մխիթարյաններն աշխատում են Խարբերդի մասնագիտացված մանկատան հատուկ կարիքներ ունեցող սաների հետ: Մանկատանը նրանք հիմնել են «Ճախրուկ» մշակութային կենտրոնը, որտեղ իրականացնում են ազգային և հոգևոր երաժշտության ուսուցանում, ինչպես նաև հոգեվերականգնողական աշխատանքներ։

Աննա և Անահիտ Մխիթարյանները երկձայն երգչախմբի և «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի հիմնադիրներն են, որի կազմում ընդգրկված են Խարբերդի մանկատան ավելի քան 50 սաներ։ Նրանք հանդիսանում են նաև հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային ներառական փառատոնի հիմնադիրները, որը ՀՀ-ում անցկացվում է 2021 թվականից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ