«Հղիությանս ժամանակ իմացա, որ ՄԻԱՎ ունեմ։ Հերքում էի, չէի հավատում, որ կարող է իմ պես կրթված, օրինակելի ընտանիքում դաստիրակված կինը ՄԻԱՎ ունենալ։ Այնքան ճնշված էի, որ հղիությանս ընթացքում անգամ չեմ ընդունել ՀՌՎ դեղերը։ Երեխաս ծնվեց ՄԻԱՎ-ով։ ՄԻնչև հիմա չեմ կարողանում ներել ինձ։ Այժմ ես, երեխաս ու ամուսինս ստանում ենք ՀՌՎ բուժում»:
Այս խոսքերը ՄԻԱՎ-ով ապրող 30 տարեկան կնոջն են պատկանում, որոնք հրապարակվել են «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում, որտեղ ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ կիսվում են իրենց պատմություններով։
Նրանցից շատերի խոսքում ափսոսանք է հնչում՝ ինչո՞ւ ժամանակին չեն հետազոտվել ու չեն ընդունել իրենց հիվանդությունը, զբաղվել համապատասխան բուժումով։
ՀՀ առողջապահության նախարարության Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մեծահասակների ինֆեկցիոն հիվանդությունների բաժանմունքի վարիչ Ռիմա Այվազյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ ՄԻԱՎ-ով վարակվելու համար ճիշտ մոտեցում չէ մեղավորներ փնտրելը, չի կարելի ասել՝ մեղավորությունը կնո՞ջն է, թե՞ տղամարդունը, պարզապես պետք է ի սկզբանե գիտակից լինել և հետևել սեփական առողջությանը։
Մասնագետը շեշտում է՝ ՄԻԱՎ-ով վարակված անձը հասարակության լիարժեք անդամ է։
«ՄԻԱՎ-ը փոխանցվում է հիմնականում սեռական ճանապարհով, արյան միջոցով։ Սա այնպիսի հիվանդություն չէ, որ անձին գրկելով, հետը զրուցելով, ձեռքը սեղմելով՝ վարակվես կամ վարակես։ Այնպիսին չէ, որ անգամ նույն սանհանգույցից օգտվելիս վարակվես, նույն խոհանոցից։ Ավելին՝ եթե մարդը սկսում է կանոնավոր օգտագործել համապատասխան դեղորայքը բուժման համար, նրա մարմնում այլևս վիրուսի հարուցիչներ չեն հայտնաբերվում, նաև վարակը ուրիշին չի կարող փոխանցել»,- ասում է նա։
Կենտրոնի տվյալներով՝ մեր երկրում 4800 քաղաքացի է ապրում մարդու իմունային անբավարարության վիրուսով։ 2024 թվականի ընթացքում հետերոսեքսուալ ճանապարհով ՄԻԱՎ-ի փոխանցման դեպքերը 81% են կազմում (նախկինում, ըստ 30 տարվա միջին ցուցանիշի, եղել է 76%), իսկ հոմոսեքսուալ ճանապարհով վարակվածների թիվը 12% է (նախկինում՝ 7%)։ Թմրամիջոցների ներարկային օգտագործման դեպքում վարակվածությունը կազմում է 6% (նախկինում՝ 14%), իսկ 0,5% դեպքերում մորից է երեխային փոխանցվում կամ անհայտ ճանապարհով։
Հայաստանում ՄԻԱՎ-ով վարակման առաջին դեպքից, այսինքն՝ 1988 թ․ մինչև 2024 թվականի հոկտեմբերի 31-ը, ՀՀ քաղաքացիների շրջանում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 6076 դեպք, ևս 438 դեպք օտարերկրացիների մոտ է գրանցվել։ Այս պացիենտների 70%-ն արական սեռի ներկայացուցիչներ են, վարակի շուրջ 48%-ը հաստատվել է 25-39 տարեկան անձանց շրջանում, որոնք ակտիվ վերարտադրողական փուլում են։
«Ստացվում է, որ գնալով աճում է ՄԻԱՎ-ով ապրող անձանց թիվը։ Գործոնները տարբեր են, մի կողմից էլ այս թվերի աճը կարող է խոսել այն մասին, որ այժմ մարդիկ ավելի շատ են հետազոտվում, ուստի դեպքերը ավելի շատ են բացահայտվում։ Չեն հետևում իրենց առողջությանը, սեռական հարաբերությունների առողջ լինելուն։ Ցավոք, չեն կանխվում նաև փոխանցման գործոնները, օրինակ՝ սեռական ճանապարհով փոխանցելու դեպքերը կարելի է կանխել պահպանակի միջոցով»,- ասում է Այվազյանը։
Նրա խոսքով՝ ՄԻԱՎ-ը գաղտնի շրջան է ունենում, այն կարող է տևել մինչև 10 տարի, սակայն վաղ հետազոտման փուլում հնարավոր է բացահայտել նույնիսկ 1 ամիս անց։
Ախտանշանները, ըստ մասնագետի, շատ նման են գրիպի ախտանշաններին․ կարող են լինել հոդացավեր, գլխացավեր, կոկորդի ցավեր, սակայն դրանք սպեցիֆիկ չեն, ուստի չի կարելի դրանց դեպքում միանգամից մտածել ՄԻԱՎ-ի մասին։ Եթե օրգանիզմը դառնում է նաև ընկալունակ տարբեր վարակիչ հիվանդությունների դեպքում, այդ ժամանակ ախտահարվում են թոքերը, նյարդային համակարգը․ «Այս հիվանդությունը փոխանցվում է նաև մորից երեխային․ եթե մինչև հղիություն պլանավորելը մայրը գիտի իր վարակվածության մասին, կամ այն հայտնաբերվում է հղիության փուլում, ստանալով համապատասխան բուժումը՝ ապա նվազում է այն ռիսկը, որ երեխան նույնպես կարող է ՄԻԱՎ-ով վարակվել»։
Առանց բուժման ՄԻԱՎ-ով վարակված անձի կյանքի տևողությունը 7-10 տարի է, ընդգծում է Այվազյանը։
Հայաստանում ՄԻԱՎ-ի բուժումը իրականացվում է անվճար հիմունքներով։ Խոսքը ոչ միայն ՀՀ քաղաքացիների, այլև այդ պահին Հայաստանում գտնվող օտարերկրացիների մասին է։ Անձինք կարող են այս հետազոտություններն անցնել անանուն տարբերակով և իմանալ իրենց կարգավիճակը, բայց բուժման անհրաժեշտության դեպքում արդեն անձի ինքնությունը պետք է հայտնի լինի բուժման և խնամքի ծառայությունում։ Մեր հանրապետությունում գործում է հետազոտության այլ տեսակ նաև հղիների համար․ առաջինը իրականացվում է 12 շաբաթական հղիության դեպքում, վերջին հետազոտությունը կատարվում է 30 շաբաթում։
ՄԻԱՎ-ի փոխանցման հիմնական ուղիները
Վարակվելու համար բավարար քանակով ՄԻԱՎ պարունակվում է օրգանիզմի միայն որոշակի հեղուկներում․
արյուն,
սերմնահեղուկ,
ներհեշտոցային արտազատուկ,
կրծքի կաթ։
Սա նշանակում է, որ ՄԻԱՎ-ը կարող է փոխանցվել սեռական ճանապարհով, արյան միջոցով, հղիության ընթացքում (եթե կինը չի ընդունում ՀՌՎ դեղորայք), ծննդաբերության և կրծքով կերակրման ժամանակ։ ՄԻԱՎ-ը չի փոխանցվում թքի, քրտինքի, արցունքի, հազի, փռշտոցի, ընդհանուր օգտագործման սպասքի, սրբիչի, ձեռք սեղմելու, համբուրվելու միջոցով։
Ի՞նչ է հակառետրովիրուսային բուժումը
ԱՀԿ բուժման ուղեցույցներով՝ ՄԻԱՎ-ի ախտորոշումից հետո բոլորին առաջարկվում են հակառետրովիրուսային դեղամիջոցներ։ Աշխարհում այսօր հասանելի է նաև երկարաժամկետ ընդունման դեղորայք, որը 4 կամ 8 շաբաթը մեկ անգամ են ընդունում։ Հայաստանում դեռևս հասանելի են միայն ամենօրյա ընդունման դեղերը։
ՀՀ-ում ՀՌՎ բուժումն անվճար է ՄԻԱՎ կարգավիճակ ունեցողների համար (խոսքը նաև օտարերկրացիների մասին է)։ ՀՌՎ բուժում է ստանում 3777 ՀՀ քաղաքացի: