Հովիկ Աղազարյանը մերժել է վարչապետի խնդրանքը․ ինչու պատգամավորը վայր չի դնում մանդատը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը 24News-ին տված մեկնաբանությունում տեղեկացրել է, որ չի պատրաստվում մանդատը վայր դնել։

«Խոր ափսոսանքով եմ նշում, որ ստիպված եմ մերժել մանդատը վայր դնելու վերաբերյալ ՀՀ վարչապետի խնդրանքը։ Իմ կյանքի ծանրագույն որոշման համար ի թիվս այլ հիմնավորումների, որոնք կարող են և սուբյեկտիվ լինել, և օբյեկտիվ, հիմք են հանդիսացել հետևյալ 2 հանգամանքը՝

1․ ԱԺ լսումների ժամանակ պարոն Քյարամյանը հայտարարեց, որ իրեն միջնորդել եմ որդուս մասնակցությամբ քրեական վարույթի գործով։ Այդ միջադեպի առիթով նախաձեռնված է քրեական վարույթ։

2․Քրեական վարույթ է հարուցված նաև մանր եղջերավոր անասունների արտահանման հետ կապված ինչ-որ գործով, որտեղ ես ներգրավված եմ որպես վկա։ Հետևաբար, եթե ընդունեի վարչապետի խնդրանքը, ապա հետագայում այդ վարույթների ավարտին, երբ պարզվի, որ ես մեղավորություն չունեմ, ապա հասարակության մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ ինձ ինչ-որ գործարք է առաջարկվել, և ես գնացել եմ այդ գործարքին։

Եթե պարզվի, որ մեղավոր եմ, կզրկվեմ մանդատից»,- ասել է Աղազարյանը։

Աղազարյանը նաև նշել է, որ խմբակցությունը կարող է քննարկել, և իրեն հեռացնել։ Նաև չի բացառում, որ մանդատը վայր չդնելու իր այս որոշումից հետո Գլխավոր դատախազը կարող է մտնել խորհրդարան ու առաջարկել իրեն զրկել անձեռնմխելիությունից։

Օրերս Հանրային ՀԸ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ինչպես ՔԿ նախկին նախագահ Արգիշտի Քյարմյանին է դիմել խնդրանքով, նույն կերպ և նույն պատճառաբանությամբ խնդրանքով դիմել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին։ Աղազարյանը, ի տարբերություն Զեյնալյանի, դեռ մանդատը վայր չի դրել:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 25-ին հանդիպել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ