Նիկոլ Փաշինյանի որոշմամբ տեղի ունեցած կադրային վերջին փոփոխություններն ընդդիմությունն այդպես էլ չի կարողանում մարսել՝ քարոզչական մակարդակում ստիպելով հանրությանն առերեսվել վերջիններիս մոտ առկա «նյութափոխանակության խանգարման» տհաճ հետևանքներին։ Բանը հասել է նրան, որ ՔՊ-ականների հասցեին օրնիբուն ատելության խոսք ցփնող, նրանց ֆիզիկական չգոյությունը փափագող, այդ մասին անկաշկանդ հայտարարող որոշ սուբյեկտներ մտել են մարդասերի, բարոյագետի կերպարի մեջ՝ ստանձնելով ՔՊ-ական պատգամավոր, մանդատը վայր դնել չշտապող Հովիկ Աղազարյանի պաշտպանությունը, նրան հերոսացնում են, «դուխ» տալիս, տիեզերական աղաղակ բարձրացնում նրա նկատմամբ թիմի կողմից իբրև թե գործադրվող ճնշումների, սպառնալիքների մասին, ընդհուպ ստանձնել են Աղազարյանից «հեղափոխության խժռված զավակ» կերտելու գործին։ Ով չի ալարում, նրան քաջալերում է, թե՝ պինդ եղիր, «շեֆիդ կապրիզին» կուլ չգնաս», ու քիչ է մնում ի պաշտպանություն ՔՊ-ական համառ պատգամավորի «մենք բոլորս Հովիկ Աղազարյան ենք» ֆլեշմոբ կազմակերպեն։
Հիշեցնենք՝ սա նորահայտ բարոյագետների այն նույն «կուտոկն» է, որը ուրախության, հրճվանքի ճիչերով արձագանքեց ՔՊ-ական պատգամավորներ Վիգեն Խաչատրյանի, Մաթևոս Ասատրյանի մահվան փաստին՝ նողկալի ստատուսներ գրելով սոցիալական ցանցերում՝ մինուս մեկ ՔՊ-ական, տարոսը մյուս ՔՊ-ականներին և այլն։ Սա այն նույն «կուտոկն» է, որը ԱԺ՝ 26.06.2023-ին տեղի ունեցած արտահերթ նիստին ուշացումով էր ներկայացել, որպեսզի մեկ րոպե լռությամբ չհարգի Վ. Խաչատրյանի հիշատակը։ Ավելին՝ ընդդիմադիր պատգամավորների այս դասը չմասնակցեց նաև Խաչատրյանի հոգեհանգստին և հուղարկավորությանը։ «Դա ոչ միայն քաղաքականապես սնանկ, այլև մարդկայնորեն ճղճիմ պահվածք է, որը ի ցույց է դնում ընդդիմության հոգևոր և բարոյական դատարկությունը: Եվ այս մարդիկ մեզ 20 տարի ղեկավարել են։ Եթե դուք լինեիք Վիգեն Խաչատրյանի փոխարեն, Վիգեն Խաչատրյանը ձեր հոգեհանգստին կգար, և Վիգեն Խաչատրյանն այսօր քաղաքականապես ավելի կենդանի է, քան դուք»,- դիմելով ընդդիմությանը՝ նշել էր ՔՊ խմբակցության ղեկավար Կոնջորյանը։ Սա այն նույն կուտոկն է, որը, նկատենք, ոչ մի դատապարտող հայտարարություն չհնչեցրեց, երբ մեկ այլ ՔՊ-ական պատգամավորի՝ Հակոբ Ասլանյանի նկատմամբ հանրային տրանսպորտում միջադեպ տեղի ունեցավ՝ ընդդիմադիր քաղակտիվիստներից մեկը անպարկեշտ՝ «հակահայ վիժվածք», «ժեխ բիձա», «վիժվածք» արտահայտություններով թիրախավորեց իրենց գործընկերոջն ու իր այդ խուլիգանական արարքի համար այժմ քրեական հետապնդման է ենթարկվում։
Երկրորդ նախագահի կուրացիայի տակ գործող խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն էլ է անդրադարձել կադրային փոփոխությունների թեմային ու կայքերից մեկին տված հարցազրույցում վարչապետի որոշումը համեմատել է աշխատանքի վայրում խնդիրներ ունեցողի, ինչ-որ բանի հասնել չկարողացողի հետ, որը բարկանում, գնում է տուն և թույնն ու ջղայնությունը թափում է ընտանիքի անդամների վրա։ Օհանյանը նշել է նաև, թե Փաշինյանը փորձում է մեղավոր ճանաչել իր թիմակիցներին և «իր գործողություններով ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ձախողել է պետական ընդհանուր և հատկապես մարդկային ռեսուրսների կառավարումը»։ Մի ուշագրավ միտք էլ է պարոն նախկին նախարարը հայտնել՝ Փաշինյանը կադրային քաղաքականությունը խախտումներով է իրականացնում, քանի որ պաշտոնանկ արվողները պետք է տեղեկանան, թե ինչի համար են իրենք հեռացվել, ինչու են, ասենք, տեղափոխվում այլ պաշտոնի կամ պաշտոնեական առաջխաղացում ունենում։ Նախկին այս պաշտոնյան նաև հեգնել է Փաշինյանին՝ sms-ներով, կիրակի օրով մարդկանց ազատելու համար։
Սերժ Սարգսյանի մոտ պաշտպանության նախարար աշխատած, ապրիլյան քառօրյա պատերազմից ամիսներ անց էլ պաշտոնին հրաժեշտ տված Օհանյանը, փաստորեն, խոսում է պետական կառավարման, կադրային քաղաքականության ճիշտ ու սխալից, փիլիսոփայությունից՝ այն դեպքում, երբ ինքն իրենով խորհրդանշում է պետական կառավարման կարևորագույն ուղղություններից մեկի ձախողված, եթե չասենք՝ խայտառակ փորձը։ Հետաքրքիր է՝ երբ, օրինակ, իր նախկին շեֆի օրոք ինչ-որ մեկը բողոքում էր բանակում տիրող բարքերից, սպանություններից ու կոռուպցիայից, այդ բողոքների համար ինքն իրեն քաղաքական պատասխանատու զգո՞ւմ էր, թե՞ մտածում էր՝ ես «հեչ», Սերժ Սարգսյանը՝ «մեջ», ինքն է ինձ նշանակել, թող ինքն էլ պատասխան տա, ընտրությունների ժամանակ էլ թող ուտի ժողովրդի թուքումուրը։
Ի դեպ, քանի որ պարոն նախկին նախարարը բացեց պաշտոնանկությունների պատճառահետևանքային կապի, պաշտոնանկ արվողի հետ տարվող բացատրական աշխատանքի թեման, ապա ուզում ենք ուշացումով պարզել նրանից՝ իր համար պա՞րզ էր, թե ինչն է եղել իր պաշտոնին հրաժեշտ տալու պատճառը։ 2016-ին այդպես էլ մութ մնաց՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանը որոշեց 8 տարի անց ձերբազատվել իր զինակից ընկերոջից, արդյոք ա՞յն պատճառով, որ ուզում էր քառօրյա պատերազմի բերումով բացահայտված՝ բանակում տիրող խայտառակությունը բարդել պաշտպանության նախարարի գլխին։
Մինչ Օհանյանը կխորհի մեր այս հարցի շուրջ ու կպատասխանի՝ մեջբերենք ժամանակին մամուլում տպագրված մի ուշագրավ հրապարակում։ Ըստ այդմ՝ երբ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո նրա պաշտոնանկության մասին լուրեր տարածվեցին, շատերը կանխատեսեցին, թե Սերժ Սարգսյանը «չի կարող» նրան ազատել, քանի որ մշտապես կա վտանգ, որ նա Մարտի 1-ի հետ կապված փաստեր (փաստաթղթեր) կարող է բացահայտել: «Սակայն Հովիկ Աբրահամյանի հրաժարականից և կառավարության արձակվելուց հետո ակնհայտ էր, որ Սեյրան Օհանյանն այլևս չի վերանշանակվի իր պաշտոնում: Մյուս կողմից ակնհայտ էր, որ Սերժ Սարգսյանը միջոցներ պետք է ձեռնարկեր, որպեսզի նա հնարավորություն չունենա նեղացածի դիրքերից հանդես գալ և իր դեմ ուղղված քայլեր կատարել: Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 26-ին իր մոտ է հրավիրել (փաստորեն, SMS չի ուղարկել, այլ տետ ա տետ շփումն է նախընտրել-խմբ.) Սեյրան Օհանյանին և տեղեկացրել, որ չի պատրաստվում նրան կրկին պաշտպանության նախարար նշանակել: Նա նախկին նախարարին առաջարկել է ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնը, սակայն Օհանյանը հրաժարվել է դրանից: Ու երբ հետաքրքրվել է, թե «շեֆն» ինչու չի ցանկանում իրեն վերանշանակել, Սերժ Սարգսյանը բացատրել է, թե ցանկանում է, որ պաշտպանության նախարարը չլինի զինվորական, այլ լինի քաղաքացիական անձ՝ կառավարիչ: Սերժ Սարգսյանը Սեյրան Օհանյանից հետաքրքրվել է, թե պաշտպանության նախարարից բացի ուրիշ ի՞նչ պաշտոնում է ցանկանում նշանակվել, սակայն Օհանյանը անդրդվելի է մնացել և պատասխանել է, որ ոչինչ էլ չի ուզում:
Երկու օր անց Սարգսյանը և Օհանյանը հանդիպել են ևս մեկ անգամ: Սերժ Սարգսյանը նախկին նախարարին առաջարկել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը, սակայն նա կրկին հրաժարվել է: Իբրև այլընտրանք Օհանյանին առաջարկվել է նաև ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, բայց դրանից ևս նա հրաժարվել է և ասել. «Այդ դեպքում ես գնում եմ»: Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանի այն հարցին, թե ինչով ես զբաղվելու, Սեյրան Օհանյանը պատասխանել է, թե ոչինչ էլ չի անելու:
Իհարկե, պաշտոնանկությունից որոշ ժամանակ անց Օհանյանը պարապ չնստեց՝ ՕՐՕ դաշինքով մասնակցեց ԱԺ ընտրություններին և… խայտառակ պարտություն կրեց։ Նրա նախկին շեֆը, ի դեպ, իր դեմ ընտրապայքարի տեսքով դուրս եկած իր անցանկալի նախկին կադրերին պատժելու հրաշալի ձև գիտեր՝ քարոզչական կեղտոտ արշավ, նրանց ստացած քվեների փոշիացում ու քաղաքական իզգոյացում…
Հ. Մանուկյան