2021 թվականի սեպտեմբերն էր, երբ հնարավոր և անհնար ամեն անունով դաշինք ու կուսակցություններ ծնվեցին՝ հանուն Գյումրու քաղաքապետի աթոռի:
Իրենց տես ու ճանաչ մարդիկ, դուռ-դրկիցները, հեռու-մոտ բարեկամները, նեղ օրվա ընկերները, ընկերների ընկերները, մի խոսքով, Գյումրիում ում բերանում շունչ կար, դարձավ ռեսուրս: Քաղաքականության մեջ թաթախվածներն ու այդ քայլին նոր գնացողները փոքր քաղաքում, որտեղ բոլորն իրար գրեթե ազգ-բարեկամ, քավոր-սանիկ, խնամի, հարս-փեսա են, պատառ-պատառ անելով, շատերի տունը կռիվ գցելով՝ յուրաքանչյուրը իր շուրջը համախմբեց մարդկանց շրջանակներ, որոնց կոչեցին իրենց համախոհներ, ու բոլորը միասին քայլեցին դեպի նվիրական երազանք:
Շարքում էին թասիբովները՝ «Թասիբով դաշինք», կռնացողները՝ «Գյումրին կռնա՛» դաշինք, սոցիալական կուսակցություն դարձած «Բալասանյան դաշինք»-ը, «Հայրաքաղաք» դաշինքը, «Արժանապատիվ ուղի», իշխող «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր», «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունները, ՀԿԿ-ն ու ՀՀԿ-ն:
Հոկտեմբերի 17-ին Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցած այդ 10 քաղաքական ուժից անցողիկ շեմը հաղթահարեցին «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը՝ ստանալով 9637 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 7785 ձայն, «Զարթոնք» կուսակցությունը՝ 2793 ձայն, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 1489 ձայն և Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ 1333 ձայն:
Այս արդյունքներով «Բալասանյան դաշինք»-ը ստացավ ավագանու 14 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 11, «Զարթոնք»-ը՝ 4, «Ապրելու երկիր»-ը և ՀՀԿ-ն՝ 2-ական մանդատ: Այսինքն՝ որևէ ուժ չունեցավ բացարձակ մեծամասնություն:
«Բալասանյան դաշինք»-ն ու «Քաղաքացիական պայմանագիր»-ը հուշագիր ստորագրեցին
2021-ի հոկտեմբերի 30-ին քովիդը հաղթահարած ու մրցակիցներին հաղթած առաջին և երկրորդ տեղերում հայտնված «Բալասանյան դաշինք»-ն ու «Քաղաքացիական պայմանագիր»-ը հուշագիր ստորագրեցին՝ առանցքային պաշտոններն իրար մեջ բաժանելու պայմանավորվածությամբ:
Ըստ հուշագրի՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու էր առաջադրվելու «Բալասանյան» դաշինքը գլխավորած Վարդգես Սամսոնյանը: Փոխքաղաքապետի երկու թեկնածուները լինելու էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից:
Արդեն նոյեմբերի 1-ին Գյումրու նորընտիր ավագանին գումարեց առաջին նիստը: Գյումրու քաղաքապետի պաշտոնում առաջադրվեց և ընտրվեց մեկ թեկնածու՝ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունից Վարդգես Սամսոնյանը: «Քաղաքացիական պայմանագիր»-ը փոխքաղաքապետերի պաշտոններում ներկայացրեց Դավիթ Առուշանյանին և Արթուր Պապիկյանին:
Օրենքով, կարգով բոլորն ուրախ ու գոհ անցան իրենց գործին, խոստացան կառավարել ավելի լավ, քան մինչ իրենց հայտնությունը տեսել էր գյումրեցին, լինել առավել օրինապահ, չթալանել, չխաթարել ոչինչ, զարգացնել, բարեկարգել, լուսավորել, հիացնել ու զարմացնել, անել հնարավոր ամեն ինչ, որ գյումրեցին իրեն արժևորված ու կարևորված զգա:
Խոստացան ու գնացին միասին նույն գործին, հետո՝ յուրաքանչյուրն իր առանձին գործին:
Սև-մութ ամպեր հուշագրի գլխին, և ստվեր շուրջբոլորը. ինչու և երբ խզվեց փաստաթուղթը
Գյումրեցիների համար ամենասովորական մի օր՝ 2023 թվականի դեկտեմբերի 6-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ կուսակցությունը Գյումրիում միակողմանիորեն խզում է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության հետ 2021թ.-ի հոկտեմբերի 30-ին ստորագրած «Համագործակցության մասին» հուշագիրը։
Կուսակցությունն իր քայլի համար բացատրություն էլ ներկայացրեց: Հայտարարվեց, որ Գյումրին չի կառավարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, և քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում: Նկատենք, սակայն, որ ո՛չ այդ օրը, ո՛չ դրան հաջորդած հետագա ժամանակահատվածում, նաև մինչ օրս «Քաղաքացիական պայմանագիր»-ը իր հայտնաբերած ու գտած ստվերային կառավարչի ով լինելը խիստ գաղտնի է պահում:
Հուշագրի խզումից հետո «Քաղաքացիական պայմանագիր»-ը Գյումրիում դիրքավորվեց որպես 11 մանդատ ունեցող խմբակցություն՝ հանդես գալով ընդդիմադիրի շարքերից:
Փոխքաղաքապետերը թողեցին պաշտոնները, հրաժարականներ ներկայացրին նաև բաժինների ՔՊ-ական պետերը:
Գյումրիում սկսեց շրջել արտահերթ ընտրությունների ուրվականը: ՔՊ-ն հայտարարեց, որ ընտրությունից չի վախենում, բայց դրա անհրաժեշտությունը չկա: Ու էլի ամենքն անցան իրենց գործին:
ՀՀ-ում առաջին ինքնակառավարվող քաղաքը. ինչպես Գյումրին մնաց անտեր
Գյումրեցիների համար կրկին ամենասովորական մի օր՝ հոկտեմբերի 11-ին, ԱՄՆ մեկնելիս ձերբակալվեց Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը։
Նույնը օրը նաև ավագանու նիստ էր հրավիրված՝ ծավալուն օրակարգով: Նիստին, սակայն, քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ չներկայացան Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինք»-ի անդամներն ու փոխքաղաքապետեր Լուսինե Ջանոյանն ու Սուրեն Ջանոյանը։ Բացակա էր նաև «Հանրապետական» խմբակցությունը։
Այդ պահից սկսած՝ մեծ մի հարցական կախվեց Գյումրու գլխին: Այս փոքրիկ կետադրական նշանն անտրամաբանական չափի հասավ հոկտեմբերի 28-ին, երբ «Բալասանյան դաշինք»-ի անդամներն առանց բացատրությունների վայր դրեցին մանդատները, արձանագրություններ ներկայացրին թիվ 31 ԸԸՀ ու կորան: Կորելը պետք է ընկալել բառի ուղիղ իմաստով:
Հետո՞. սա պատասխան չունեցող ամենաշատ հնչած արտահայտությունն է վերջին շրջանում
Հոկտեմբերի 28-ից անցել է 1 ամիս 1 օր: Գյումրիում կառավարման ճգնաժամը խորացել, անտրամաբանական չափերի է հասել:
Ստեղծված իրավիճակում ոչ պաշտոնապես, սակայն այլընտրանքային տարբերակներով «Բալասանյան դաշինք»-ի շրջանակը ոչ ուղիղ, այլ ստվերային շշուկներ տարածեց, թե մեղավորը «Քաղաքացիական պայմանագիր»-ն է, ճնշել են, իրենք էլ հեռացել են:
«Քաղաքացիական պայմանագիր»-ը ուղիղ հնարավոր բոլոր տարբերակներով բարձրաձայնեց, որ կապ չունի դաշինքի որոշումների, քաղաքը կոլապսի տանելու, առանց քաղաքապետ թողնելու և շատ այլ հարցերի հետ:
Քաղաքականության սլաքն ուղղվեց դեպի արտահերթ ընտրություններ: Նոյեմբերի 4-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Կարեն Սարուխանյանն է լինելու: Ասացին վստահ, Սարուխանյանն էլ հաստատեց:
Հետո այլ թեմաներ առաջ եկան: Սարուխանյանի շուրջ թմրամիջոցների հետ կապված տեղեկություններ տարածվեցին: Թեկնածուն հնարավոր բոլոր թեստերը հանձնեց, արդյունքները հրապարակեց:
Այս ընթացքին զուգահեռ իրավաբանները գտան, որ օրենքում բաց կա, մինչ արտահերթ ընտրությունները պարտադիր է պաշտոնակատար ունենալու:
Գուցե շատերի համար անակնկալ, ոմանց համար՝ ոչ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 26-ին հայտարարեց՝ Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին տեղի կունենան նախնական ընտրություններ, միջազգային տերմինով ասած՝ փրայմըրիզի տարբերակ կկիրառվի: Վարչապետն ասաց՝ կխնդրեն ՔՊ անդամներին, համակիրներին, համախոհներին առաջադրվեն կամ ինքնառաջադրվեն որպես թեկնածուներ:
Ու մինչ սա կմարսեին և Գյումրու քաղաքապետ դառնալու ցանկություն ու ձգտում ունեցողները, համախոհներն ու համակիրները, նաև գյումրեցիները, վարչապետն ի հավելումն իր նախորդ հայտարարության, նոյեմբերի 28-ին բացատրեց, թե ինչպես կարելի է Գյումրու նախնական ընտրություններում դառնալ քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածու:
Ինքնառաջադրման վերջնաժամկետը դեկտեմբերի 2-ի ժամը 12:00-ն է:
Ովքեր են քաղաքապետի թեկնածուները. հին ու նոր անուններ
Մինչ վարչապետի հստակեցումն արդեն շատերը կողմնորոշվել ու իրենց ինքնառաջադրման մասին սկսել էին խոսել:
Կարեն Սարուխանյան՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր
ՔՊ-ի նախկին հիմնական թեկնածու Կարեն Սարուխանյանը այս ընթացքում չխոսեց ինքնառաջադրումից: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ նախ պետք է հասկանալ, թե այդ փրայմըրիզն ինչպես է իրականացվելու, շրջի՞կ է լինելու, տեղո՞ւմ է արվելու, թե՞ մեկ այլ տարբերակով:
«Շատ հարցեր կան իրականում, որոնց պատասխանը չունենք, մենք նման փորձ դեռ չունենք: Սակայն շատ բուռն արձագանքներ ու զանգեր եմ ստանում, և գյումրեցիներն ասում են, որ պետք է ինքնառաջադրվեմ: Վարչապետի հրապարակած էլեկտրոնային հասցեով փաստաթղթեր չեմ ներկայացրել, դեռ ժամանակ կա, երբ կհասկանամ փրայմըրիզի մեխանիզմը, որոշում կկայացնեմ: Երբ որոշեցի ու ինքնառաջադրվեցի, այդ մասին նաև հրապարակում կունենամ»,- վստահեցնում է Սարուխանյանը:
Դավիթ Առուշանյան՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր
Դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կայանալիք նախնական ընտրություններին իր ինքնառաջադրման մասին հստակ միտք ունի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ այս ընթացքում կուսակցական ընկերներից, գործընկերներից և գյումրեցիներից բազմաթիվ զանգեր է ստացել և պատրաստ է այս բարդ փուլում նման պատասխանատվություն ստանձնել ու ինքնառաջադրվել որպես քաղաքապետի թեկնածու:
«Վարչապետի այս քայլը ժողովրդավար տարբերակ է, վերջնական որոշումը գյումրեցուն է թողնվել: Մեր թիմի ներսում թեկնածու դառնալու հետ կապված լարվածություններ չկան, և հետո, եթե գյումրեցին որոշի, որ X մարդն է լինելու թեկնածու, ուրեմն կլինի նա, խնդիր չեմ տեսնում: Չեմ կարծում, որ փրայմըրիզը պետք է դառնա լարվածության պատճառ: Հակառակը, սա, ի տարբերություն նախորդ ժամանակահատվածների, երբ քաղաքապետի առաջադրումները մեծ կռվախնձոր էին դառնում, կարող է լինել միասնության, համերաշխության սիմվոլ, կապ չունի՝ թեկնածուն ով կլինի, «մեկ Գյումրի, մեկ ընտանիք» սկզբունքին կարող է հանգեցնել»,- կարծում է Առուշանյանը:
Վարչապետի հրապարակած info@civilcontract.am էլ. փոստի հասցեին Առուշանյանը դեռ լուսանկար, Գյումրիում հաշվառված լինելը հիմնավորող անձնագրային տվյալներ, կարճ ինքնակենսագրական ու մոտիվացիոն նամակ դեռ չի ուղարկել: Այդ փուլում է:
Վահագն Մկրտչյան՝ Գյումրու նախկին փոխքաղաքապետ
Վահագն Մկրտչյանը մեզ հետ զրույցում վստահ ասում է, որ ինքնառաջադրվելու է: Դեռ փաստաթղթերը չի ներկայացրել, գործընթացի մեջ է: Ժամանակ կա, կհասցնի:
Սարիկ Մինասյան՝ ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն
ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն Սարիկ Մինասյանի անունը ևս շրջանառվում է որպես թեկնածու: Մեզ հետ զրույցում Մինասյանը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է տեղեկությունը, ասում է՝ դեռ մտածելու ժամանակ կա:
Շավարշ Արամյան՝ Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ
Շավարշ Արամյանը Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներից է: Մեզ հետ զրույցում ասում է՝ հաստատ ինքնառաջադրվելու է:
«Պատրաստվում եմ, բայց դեռ էլեկտրոնային հասցեին փաստաթղթեր չեմ ուղարկել: Մտադրությունս հստակ է, գործընթացն էլ ընթացքի մեջ է»,- մանրամասնում է Արամյանը:
Արտյոմ Թումանյան՝ Ազգային անվտանգային վերահսկողական կոմիտեի նախագահ
Արտյոմ Թումանյանը հստակ որոշում ունի՝ ինքնառաջադրվելու է:
«Շատ գյումրեցիներ վերջին տարիներին դժգոհություններ ունեին քաղաքապետի ընտրություններից, չէին տեսնում իրենց թեկնածուներին, դրա համար 120 հազար բնակչություն ունեցող քաղաքում 26 հազարը գնացին ընտրության: Վարչապետի հայտարարությունից հետո ժողովուրդը ուղիղ իր խոսքով, իր զանգերով, գրառումներով ինձ ուղղորդեցին առաջիկա ընտրություններին պայքարելու համար: Սա իրականում ժողովրդի կամքն ու ցանկությունն է, և ես պարտավոր եմ ականջալուր լինել: Փաստաթղթերը կներկայացնեմ»,- ասում է Թումանյանը:
Գյումրու նախկին փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանի անունը ևս շրջանառվում է թեկնածուների թվում: Նրա հետ, սակայն, կապ հաստատել չի հաջողվել:
Թե էլ ովքե՞ր ինքնառաջադրման քայլ կանեն, պարզ կլինի առաջիկայում: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը գրանցված թեկնածուների ցանկը կհրապարակի դեկտեմբերի 3-ի երեկոյան: