Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե ՀԱՊԿ-ը չպետք է մտներ ղարաբաղյան հակամարտության մեջ, քանի որ դրա ընթացքում Հայաստանը արտաքին ագրեսիայի չի ենթարկվել։
«Քրիստոնեա-Ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով Պուտինի այս հայտարարությանը, ասում է՝ մեկ նախադասությամբ սա Հայաստանի նկատմամբ ռուս-ադրբեջանական ագրեսիան արդարացնելու, նաև Ադրբեջանին նոր ագրեսիայի հրավիրելու տեքստ է:
«Ասում է՝ ՀԱՊԿ-ը Ղարաբաղի հարցով չպետք է միջամտեր, իսկ ո՞վ է ասել, որ պիտի միջամտեր, ՀՀ-ն Ղարաբաղի հարցով դիմե՞լ է ՌԴ-ին: Ինքը դնում է կեղծ թեզ, հետո այդ կեղծ թեզին իրեն հարմար պատասխան տալիս, ստացվում է՝ արդար մարդ է: ՀՀ-ն Արցախի հարցով ՀԱՊԿ-ին չի դիմել, ինքը հիմքը կեղծել է: Ես իրեն առաջարկում եմ՝ ճիշտ խոսի: Երկրորդը, ասում է, որ ՀՀ-ի նկատմամբ ագրեսիա չի եղել, ագրեսիան շարքային տերմին է, Ադրբեջանը ՀՀ-ին պատերազմ է հայտարարել, հարձակվել և որոշ տարածքներ օկուպացրել: Դա նշանակում է՝ իրենք շարունակում են չճանաչել ՀՀ սահմանները, շարունակում են մնալ ՀԱՊԿ-ի տեսակետի մեջ, այն է՝ ՀՀ տարածքները հայտնի չեն, հետևապես ագրեսիա չի եղել: Այսինքն՝ իրենք չեն հրաժարվում ռուս-թուրքական և ռուս-ադրբեջանական նպատակադրումներից՝ ՀՀ-ին թույլ չտալ ազատություն և անկախություն»,- ասում է Սուքիասյանը:
Ըստ նրա՝ Պուտինը միջազգային իրավունք խախտող մարդ է, այդ պետությունը և ռուս-թուրքական մշակույթը մերձ են իրար հետ, գիտեն խաբել, քծնել, այլասերել ու շարունակելու են դա անել. «Մեզ մոտ էլ միգուցե հայի վերջին խելքի հույսն է, որ ՌԴ-ն մի քիչ կարգի կգա, կչափավորվի, բայց էդ պետությունը համառ է, համառ է 200 տարի մեզ վնասելու մեջ»:
Սուքիասյանի խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանի 29 հազար 743 քառակուսի կիլոմետրն էլ չի հանդուրժում. «Իրենք ՀՀ-ի դեմ հաջորդ ագրեսիան են պատրաստում դիսկուրսի մակարդակում. ՀԱՊԿ-ի մակարդակով, ՌԴ-ի մակարդակով ասում են՝ արխային հարձակվիր, էս ինչ որ գրավել ես՝ չենք ճանաչում, դա քոնն է, էլի հարձակվիր, էլի չենք ճանաչի, հակառակը, կասենք՝ ՀՀ-ն է մեղավոր: Հայաստան պետության փլուզման հարցն է դրված: Գլուխները պատին են տվել, իրենք, 4 տարի է ռուս-թուրքական դաշինքով հեծնելով Ադրբեջանին, երեքով միասին վրա են տալիս, չեն կարողանում այդ միջանցքը ստանալ, բայց ուզում են»:
Զրուցակցի պնդմամբ՝ այժմ հարմար պահ է, Հայաստանն ունի բոլոր բարոյական, իրավական, լեգիտիմ հիմքերը ՀԱՊԿ-ից դուրս գալու, որովհետև սա նաև բարոյական ճնշում է:
«Սա ձեռք առնել է մի ամբողջ պետության, դրա համար պետությունը պիտի բնավորություն ցույց տա, որ հասկանան՝ այս պետության հետ չի կարելի նման կերպ խոսել: ՌԴ-ն թշնամի է ՀՀ անկախությանը, ՀՀ-ն՝ որպես ինքնիշխան, դեմոկրատական պետություն, և իշխանությունը՝ որպես մեր ժողովրդի հավաքական կամքը ներկայացնող, պարտավոր է մեր արժանապատվությունը պաշտպանել, որի հետ խաղում է ՌԴ-ն: Եթե վարչապետի մակարդակով չէ, գոնե ԱԳՆ-ն դիվանագիտական տեքստ պիտի գրի»,- կարծիք է հայտնում նա: