Նոյեմբերի 26-ի երեկոյան մայրաքաղաքի պարեկները կանգնեցրել են մի մեքենա: Ստուգման ընթացքում ուղևորը իրավապահներին է ներկայացրել կարմիր ու կապույտ կազմերով վկայականներ: Կեղծ փաստաթղթեր պատրաստելու կամ օգտագործելու կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային բաժին, իսկ կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
Ինչպես հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից, դա միակ դեպքը չէ:
«Վերջերս նկատվում է մի երևույթ, երբ պարեկները կանգնեցնում են խախտում կատարած մեքենա, իսկ վարորդը, վարչական պատասխանատվությունից խուսափելու համար, ցույց է տալիս ինչ-ինչ փաստաթղթեր, որոնք, իբր, իրեն տալիս են արտոնություն:
Ոստիկանությունը զգուշացնում է, որ տարատեսակ վկայականները` տրված պետական, թե այլ կառույցի կողմից, վարորդին չեն տալիս որևէ արտոնություն: Իսկ եթե պարզվի, որ վկայականը կեղծ է, ապա դրա համար արդեն քրեական օրենսգրքում կա համապատասխան հոդված»,- ասված է հաղորդագրության մեջ: