Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանի վերջին հայտարարություններին՝ նշելով, որ մանդատը դնելու քննարկումներ չեն եղել։
«Մանդատը թողնելու քննարկում չի եղել, բայց եթե ֆրակցիայի անդամներից մեկը կարծիքներ է ասում, որոնք ֆրակցիայի մոտեցմանը հակառակ են, իհարկե, պետք է քննարկման առարկա դառնա։ Եթե համաձայն չէ, կարծիքը փոխել է, կարող է ինքը լքել ֆրակցիան, կամ ֆրակցիան իրավունք ունի որոշ պրոցեդուրաներից հետո հեռացնել նրան»,- ասել է Քոչարյանը:
Ավելի վաղ, Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտնել էր, որ պատգամավոր Գեղամ Նազարյանի վերջին հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, իր անձնական ընկալումներն են, որը չի արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետը։
Նկատենք, որ Գեղամ Նազարյանի շուրջ ընդդիմադիր շրջանակները աղմուկ են բարձրացրել այն բանից հետո, երբ նա ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության հետ գնացել էր Վիետնամ և նրա ու իշխող խմբակցության պատգամավորների հետ լուսանկար հրապարակել:
Անդրադառնալով այս քննադատություններին՝ Ալեն Սիմոնյանը գրել էր. «Պարզվում է՝ մեր ընդդիմությունը օրակարգի փնտրտուքի մեջ իր համար թիրախ գտավ իր իսկ խմբակցության անդամին՝ պատգամավոր Գեղամ Նազարյանին, և պատգամավոր Նազարյանի «մեղքն» այն է, որ նա ինձ հետ Վիետնամ է եկել հերիք չէ, նաև լուսանկարվել է ինձ հետ»: