Աստանայում իր աշխատանքն է սկսել ՀԱՊԿ անդամ երկրների բարձրագույն ղեկավարների գագաթնաժողովը:
Դրան կմասնակցեն հինգ երկրի՝ Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես ավելի վաղ հայտնել ենք, չի մասնակցելու նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։
Բելառուսի և Ղրղզստանի ղեկավարները ժամանել են նախորդ գիշեր։ Բոլոր իր գործընկերներից վաղ Վլադիմիր Պուտինն է պետական այցով ժամանել Ղազախստանի մայրաքաղաք։
Պետական այցը դիվանագիտական արարողակարգով ամենաբարձր կարգավիճակն է։
Այս տարի առաջնորդները շատ սերտ են շփվում։ Հինգ անգամ նրանք անձամբ հանդիպել են, ինը անգամ՝ հեռախոսով խոսել: Վլադիմիր Պուտինի պետական այցը սկսվել է կեսօրին։ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Վլադիմիր Պուտինը տեսաձևաչափով Օմսկում բացել են Ալ-Ֆարաբի ղազախական ազգային համալսարանի մասնաճյուղը։ Սեպտեմբերին նախատեսվում է դիմորդների ընդունելություն Ռուսաստանի առաջին ղազախական համալսարանի մասնաճյուղում։
Երկու բարեկամ երկրների կառավարություններն արդեն 200 դրամաշնորհ են հատկացրել։
Ղազախստանին և Ռուսաստանին միավորում է աշխարհի ամենաերկար սահմանը՝ ավելի քան 7,5 հազար կիլոմետր։ Նախօրեին առաջնորդները մասնակցել են անդրսահմանային համագործակցության 20-րդ հոբելյանական ֆորումին, որն այս օրերին տեղի է ունենում Ուֆայում։
Ռուսաստանն այսօր մնում է Ղազախստանի խոշորագույն առևտրատնտեսական գործընկերներից մեկը։
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը իր գործընկերոջ պետական այցը պատմական իրադարձություն է րակել՝ նշելով, որ այն կարևոր հանգրվան է ղազախ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում։