Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նախորդ շաբաթ Շիրակի մարզի գյուղերից մեկի դպրոցի մի դասասենյակի անվանակոչմանը ՀՀ ԶՈՒ-ում զինծառայության մեջ գտնվող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի անունով և դրանում ապապետականության տարր նկատեց՝ ընդգծելով, որ միջոցառմանը մասնակցել է Շիրակի մարզպետը:
«Տեղի է ունեցել մի պրոցես բարձրաստիճան զինվորականի մասնակցությամբ, որից ՊՆ-ն ընդհանրապպես տեղյակ չէ, ԳՇ-ն ընդհանրապես տեղյակ չէ, պրոցեսը տեղի է ունենում դպրոցում, ԿԳՍՄՍ-ն ընդհանրապես տեղյակ չԷ, տեղի է ունում մարզպետի մասնակցությամբ, ՏԿԵ նախարարը ընդհանրապես տեղյակ չԷ, և սա տեղի է ունում մի պայմանում, երբ այս դահլիճում տասնյակ անգամներ խոսվել է այն մասին, որ դպրոցում ամեն անկյուն պետք է ձևավորվի, բովանդակություն ստանա՝ Կառավարության սահմանած ստանդարտների համաձայն»,- ասաց Կառավարության ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ԿԳՄՍ նախարարին հանձնարարել է այդ թվում դե յուրե միջոցներով չեղարկել տվյալ որոշումը:
«Որովհետև ՀՀ-ում կան տասնյակ գեներալներ, տասնյակ տարբեր գյուղերում ծնված և մեծացած նշանավոր մարդիկ, և այդպես շարունակ: Հիմա էլ մենք դպրոցները դարձնում ենք մի այդպիսի մրցակցության առարկա, թե որ դասասենյակը ում անունով անվանակոչվի, այն պայմաններում, երբ մենք դպրոցների անվանակոչության ստանդարտ ենք սահմանել: Սա անընդունելի մոտեցում է, և որևէ մեկը հանկարծ չմտածի այս նոր պրոցեսը շարունակելու մասին, այդ պրոցեսը պետք է չեղարկվի: Ես խիստ դիտողություն եմ անում Շիրակի մարզպետին և Գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման վարչության պետ գեներալ Գրիգորյանին: էլի եմ ասում՝ կա պետություն և կա ապապետություն, թույլ չեմ տա, որ որևէ մեկը ապապետության տրամաբանության մեջ գործողություններ անի, հետևանքները կլինեն համապատասխան»,- խիստ զգուշացրեց երկրի ղեկավարը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում