Կգնամ, տեսնեմ՝ ինչ վիճակ եք ստեղծել, որ բնակիչների միակ խնդիրը դասարան անվանակոչելն է. վարչապետը՝ մարզպետին

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը Կառավարության նիստի ժամանակ ասաց, որ ընդունում է վարչապետի արած դիտողությունը և նկատողությունը՝ կապված մարզի գյուղերից մեկի դպրոցի դասասենյակը ՀՀ ԶՈՒ-ում զինծառայության մեջ գտնվող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի անունով անվանակոչելու հետ, որին մասնակցել է ինքը:

Մարզպետը նկատեց, որ անվանակոչումը եղել է գյուղի բնակչության պահանջով:

Արձագանքելով վարչապետը զայրացած ասաց՝ «գյուղի բնակիչները էլ դարդ չունեն հա՞», ապա շարունակեց.

«Եկեք անընդհատ հղումներ չանենք գյուղի բնակչության պահանջին: Ես մի օր կգնամ Վահրամաբերդ, հլը տենամ՝ էդ ինչ վիճակ եք ստեղծել, որ Վահրամաբերդի բնակիչները էլ ո՛չ պրոբլեմ ունեն, ո՛չ խնդիր, ո՛չ դարդ ունեն, ո՛չ ցավ, իրանց միակ խնդիրը դասարանը անվանակոչելն է: Անվանակոչեք դասարանը և վերջ, դա միակ բանն է, որ մեզ պակասում է երջանիկ լինելու համար, դադարեցրինք էս հարցի քննարկումը»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Հիշեցնենք՝ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր նախորդ շաբաթ Շիրակի մարզի գյուղերից մեկի դպրոցի մի դասասենյակի անվանակոչմանը ՀՀ ԶՈՒ-ում զինծառայության մեջ գտնվող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի անունով, որին մասնակցել էր նաև Շիրակի մարզպետը: Վարչապետը դրանում ապապետականության տարր էր նկատել:

«Տեղի է ունեցել մի պրոցես բարձրաստիճան զինվորականի մասնակցությամբ, որից ՊՆ-ն ընդհանրապպես տեղյակ չէ, ԳՇ-ն ընդհանրապես տեղյակ չէ, պրոցեսը տեղի է ունենում դպրոցում, ԿԳՍՄՍ-ն ընդհանրապես տեղյակ չԷ, տեղի է ունում մարզպետի մասնակցությամբ, ՏԿԵ նախարարը ընդհանրապես տեղյակ չԷ, և սա տեղի է ունում մի պայմանում, երբ այս դահլիճում տասնյակ անգամներ խոսվել է այն մասին, որ դպրոցում ամեն անկյուն պետք է ձևավորվի, բովանդակություն ստանա՝ Կառավարության սահմանած ստանդարտների համաձայն»,- ասել էր Կառավարության ղեկավարը:

Ըստ նրա՝ սա անընդունելի մոտեցում է. «Եվ որևէ մեկը հանկարծ չմտածի այս նոր պրոցեսը շարունակելու մասին, այդ պրոցեսը պետք է չեղարկվի: Ես խիստ դիտողություն եմ անում Շիրակի մարզպետին և Գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման վարչության պետ գեներալ Գրիգորյանին: էլի եմ ասում՝ կա պետություն և կա ապապետություն, թույլ չեմ տա, որ որևէ մեկը ապապետության տրամաբանության մեջ գործողություններ անի, հետևանքները կլինեն համապատասխան»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ