Գյումրիում տեղի կունենա «փրայմերիզ»․ ի՞նչ է սպասվում

Դեկտեմբերի 8-ից 10-ը Գյումրիում տեղի կունենան նախնական ընտրություններ, որն ընդունված է միջազգայնորեն անվանել «փրայմերիզ», որոնց արդյունքներով որոշվելու է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուն։ Այս մասին երեկ «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ նպատակը Գյումրիում առկա կառավարման ճգնաժամը հաղթահարելն է։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին Գյումրիում «Բալասանյան» դաշինքը վայր դրեց իր մանդատները, և թե՛ ավագանու անդամները, թե՛ համայնքապետ Վարդգես Սամսոնյանը որևէ բացատրություն չներկայացրեցին, իրենց հրաժարականների վերաբերյալ։

Այս ամենի արդյունքում համայնքայինի 2000-ից ավելի աշխատակիցներ, չէին ստացել իրենց աշխատավարձերը։

Հիշեցնենք նաև, որ ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով Գյումրիում տիրող իրավիճակին վարչապետն ասաց, որ դա քաղաքակաան անպատասխանատվության շատ կոնկրետ դրսևորում է։

Ի դեպ վարչապետի ելույթի հենց հաջորդ օրը, ինչպես և խոստացել էր վարչապետը, Գյումրիի համայնքապետարանի աշխատակիցները ստացան իրենց աշխատավարձերը։ Բացի դա, վարչապետը նաև խոստացավ, որ թեև Գյումրին դեռևս համայնքապետ չունի, բայց տոնածառ անպայման կունենա։

Գյումրիում առկա կառավարման ճգնաժամը հաղթահարելու վարչապետի առաջարկի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանից։

Նա նշեց, որ Գյումրիում կառավարման կոլապս է, որը նաև պայմանավորված է ՏԻՄ մասին օրենքում որոշակի բացերով և հիմա իշխանություններն արագ օրենքի բացերը փակում են, որպեսզի կարողանան պաշտոնակատար նշանակել և հարց է առաջանում, թե ով է լինելու պաշտոնակատար մինչև ընտրություններ, որովհետև ենթադրում է, որ գարնանը Գյումրիում լինելու են արտահերթ ընտրություններ, որովհետև ավագանին չի կարողանում նիստեր գումարել։

«Եվ այս առումով բավականին լավ գաղափար է, որ ոչ թե ինչ-որ վարչական որոշմամբ որոշվի, թե ով պիտի լինի պաշտոնակատար, էլ չասեմ, որ բռունցքներով չարժե որոշել, թե ով պիտի լինի պաշտոնակատար, այլ հանրությանը հարցնել։ Տարբեր մեթոդներով դա կարելի է անել և ով որ հանրության շրջանում ավելի մեծ աջակցություն ունենա, իրեն էլ նշանակել պաշտոնակատար։ Կարծում եմ՝ սա բավականին ռացիոնալ և ժողովրդավարությանը վայել մոտեցում է»,- ասաց Դանիել Իոաննիսյանը։

Նրա խոսքով՝ սա դասական առումով «փրայմերիզ» չէ, որովհետև դա կուսակցականների շրջանում իրականացվող կարծիքի բացահայտման մեխանիզմ է, որպեսզի որոշես, թե ում ես թեկնածու առաջադրում, բայց այս դեպքում թեև սա ոչ ինստիտուցիանալ մեխանիզմ է՝ որոշելու, թե ով պետք է ժամանակավորապես լինի համայնքի ղեկավարը, բայց նորմալ է և ոչ մի խնդիր չկա։

Դանիել Իոաննիսյանը նաև տեղեկացրեց, որ իրենք «Անկախ դիտորդ» դաշինքի գործընկերների հետ միասին հետևելու են և տեսնեն, թե կոնկրետ ինչ մեխանիզմով է իրականացվելու հանրային կարծիքի բացահայտումը և նաև չի բացառում, որ իրենք վերահսկեն այդ գործընթացը, պայմանական ասած՝ դիտորդության նման մի բան իրականացնեն։

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ