«Սպասում ենք կողմերի որոշմանը», — Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ անդրադառնալով հոկտեմբերի 20-ին Ստեփանակերտում մահացած 70-ամյա Վերա Աղասյանի մարմինը Հայաստան տեղափոխելու հնարավորությանը:
«Մեր գործը միջնորդի դերն է, պատրաստակամ ենք կատարելու մեր աշխատանքը, բայց որոշում կայացնելու իրավասություն չունենք» ,- նշեց Ամատունին և հավելեց, որ Աղասյանի ընտանիքն իրենց էր դիմել կնոջ մարմինը ՀՀ տեղափոխելու խնդրանքով՝ հիմա էլ ընտանիքի հետ կապի մեջ են:
Ի վերջո, որպես մարդասիրական առաքելություն իրականացնող կառույց արդյոք հնարավոր չէ՞ այս հարցի շուրջ երկխոսել Ադրբեջանի իշխանությունների հետ.«Չենք կարող մեկնաբանել հանրային հարթակում, քննարկվում են տարբեր հարցեր, երբ նշում ենք, որ վարում ենք երկխոսություն, բնականաբար, դա ենթադրում է նաև մարդասիրական հարցերի քննարկում, այլ հարց է, որ որոշում կայացնողը պետական մարմիններն են» :
Հիշեցնենք, որ վերջին տվյալների համաձայն Արցախում այժմ շուրջ երկու տասնյակ հայ կա:
Արդեն մի քանի ամիս է՝ ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակը փակվել է, ըստ Ամատունու, Բաքվի ԿԽՄԿ գրասենյակը պարբերաբար տեսակցում է Արցախում մնացած հայերին: Հարցին, թե տրամադրվում է որևէ հումանիտար աջակցություն, Ամատունին արձանագրեց, որ ըստ անհրաժեշտության տրամադրվում է, բայց հարցն առավելապես պետական մարմինների տիրույթում է:
Արդյոք ստացվե՞լ են ազդակներ, որ Արցախում մնացած հայերից ՀՀ եկող ցանկացողներ կան: Մեր զրուցակիցը նշեց, որ վերջին ամիսներին նման հարցերով իրենց չեն դիմել, վերջին տեղափոխությունն էլ եղել է մայիսին.«Անձանց ցանկության և կողմերի՝ կազմակերպչական հարցերի շուրջ համաձայնության դեպքում պատրաստակամ ենք ապահովել նրանց տեղափոխությունը»,- ընդգծեց ԿԽՄԿ ներկայացուցիչը: