Նոր Խարբերդի 17-ամյա բնակչի սպանության վարույթով չորս անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր՝ 2024 թ․ նոյեմբերի 8-ին Նոր Խարբերդ բնակավայրի 17-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի մասին:

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և վարութային ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել են երիտասարդի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու դեպքին առնչվող կարևոր հանգամանքներ։

«Մասնավորապես, պարզվել է, որ 2024 թվականի նոյեմբերի 8-ին Մասիս համայնքի Նոր Խարբերդ բնակավայրի բնակիչ Ս.Պ.-ի և նույն բնակավայրի մեկ այլ բնակչի՝ Ս.Ս.-ի միջև, էլեկտրոնային հաղորդագրության հետ կապված անձնական հարցի պատճառով, լարված հարաբերություններ են ձևավորվել:

Այդ հարցի հետ կապված պարզաբանումներ ստանալու և վրեժի շարժառիթով պատժելու նպատակով Ս.Ս.-ն իր համախոհներին հավաքագրել և տեղափոխել էր Մասիս համայնքի Նոր Խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարակից տարածք, որտեղ, պայմանավորվածության համաձայն, հանդիպել են Ս.Պ.-ին և վերջինիս երեք ընկերներին, այդ թվում՝ տուժող Դ․Պ-ին:

Ս.Ս.-ն ընկերների հետ խմբի կազմում, իրականում առանց պարզաբանում կատարելու, մարդկային կյանքի նկատմամբ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համատեղ գործելով, հարձակվել են Ս.Պ.-ի և վերջինիս ընկերների վրա, ձեռքերով և ոտքերով սկսել են հարվածներ հասցնել վերջիններիս:

Այդ ընթացքում Ս.Ս.-ի ընկեր Ա.Գ.-ն, առավել ակտիվ ու ագրեսիվ վարքագիծ դրսևորելով, իր մոտ պահվող դանակով սկսել է հարվածներ հասցնել գետնին ընկած անչափահաս Ս.Պ.-ի ընկերոջ՝ Դ.Պ.-ի կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգաններին, իսկ խմբի անդամներ Ս.Ս.-ն և մյուսները, շարունակել են հարվածներ հասցնել Դ.Պ.-ին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, այդ կերպ ապօրինաբար կյանքից զրկելով վերջինիս:

Դեպքից օրեր անց միջադեպի մասնակիցներից մեկի՝ Նոր Խարբերդ բնակավայրի բնակչի ազգականը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 17-ամյա երիտասարդի սպանությունից օրեր անց՝ նոյեմբերի 12-ի ուշ երեկոյան, իրեն պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ընթացքը մի քանի մեքենաներ խոչընդոտել են, ինչի պատճառով ինքը մեքենան վարել է հակառակ ուղղությամբ, որի ժամանակ լսել է կրակոցի նմանվող ձայն, իսկ որոշ ժամանակ անց նկատել է, որ իր մեքենայի վրա առկա են վնասված հետքեր:

Բացի այդ, դեպքից օրեր անց հաղորդում է ստացվել նաև 17-ամյա երիտասարդի սպանության վարույթով մեղադրյալների հորից այն մասին, որ 2024 թ․ նոյեմբերի 11-ի երեկոյան, անհայտ անձը (անձինք) փորձել է հրկիզել Նոր Խարբերդ գյուղում գտնվող, չբնակեցված իր տունը, սակայն այրվել է միայն տան պատուհանը։

Նշված հաղորդումների առթիվ նախաձեռնվել են առանձին քրեական վարույթներ, որոնք, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, միացվել են երիտասարդի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական վարույթին։

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և վարութային բազմաթիվ գործողություններ՝ դեպքի վայրի, հագուստների, տեսագրությունների զննություններ, անձի ճանաչման քննչական գործողություն, խուզարկություններ, առգրավումներ, հարցաքննություններ:

Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են վերոհիշյալ դեպքերի հետ առնչություն ունեցող ավտոմեքենաներից երկուսը և տեղափոխվել հատուկ պահպանվող տարածք: Մյուսները հայտնաբերելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում։

Պարզվել է ողբերգական հետևանքներով միջադեպին մասնակից շուրջ մեկ տասնյակ անձանց ինքնությունը, անհատականացվել են նրանց գործողությունները։

Տունն առերևույթ հրկիզող, ավտոմեքենայի ուղղությամբ հնարավոր կրակոց արձակած անձի (անձանց) ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Մեղադրյալների, ինչպես նաև վարույթով առանցքային նշանակություն ունեցող վկաների նկատմամբ կայացվել են «Պաշտպանական միջոց կիրառելու վերաբերյալ» որոշումներ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Նոր Խարբերդի գերեզմանատան մոտ տեղի ունեցած միջադեպի մասնակից 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, դատարանի որոշմամբ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում: Մեղադրյալներից 4-ը կալանավորվել են, մյուսի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ