Գյումրիի քաղաքապետի ԺՊ կնշանակվի այն անձը, որին կցանկանան տեսնել գյումրեցիները․ Գևորգ Պապոյան

Գյումրիում մի իրավիճակ է առաջացել, որ ստիպված ենք նորից նշանակել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ընդ որում, դեռ պիտի մի այլ օրենսդրական փոփոխություն էլ արվի, որովհետև այդ հնարավորությունն էլ չկա: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը:

«Եթե որևէ փոփոխություն չարվի, կստացվի, որ քաղաքը պետք է այդպես առանց կառավարելու մնա: Այս կոնտեքստում պետք է ուղղակի վարչապետը նշանակի Գյումրիի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։

Վարչապետը նման բացարձակ լիազորություն ունի, բայց մենք ուզում ենք նշանակենք այն մարդուն, ում գյումրեցիները կցանկանան տեսնել։

Այսինքն՝ կուսակցականների կարծիքով չենք որոշում։ Մեզ սիրող, չսիրող, համախոհ, ոչ համախոհ, բոլոր գյումրեցիները կկարողանան և իրավունք կունենան իրենց կարծիքը արտահայտելու։ Մեխանիզմի մասին առաջիկայում կիմանաք:

Գաղափարը հետևյալն է. կնշանակվի ժամանակավոր պաշտոնակատար այն մարդը, որը կլինի համախոհության մեր պատկերացումների շրջանակում, բայց միևնույն ժամանակ այդ մարդը պետք է անցնի այդ ընտրական փուլով, նաև լինի գյումրեցիների նախընտրելին»,- ասաց Պապոյանը:

Հարցին՝ եթե այդ մարդը չեղավ ՔՊ-ի նախընտրելի թեկնածուն, նրան վարչապետը կնշնակի՞ ԺՊ, նախարարը խուսափողական պատասխան տվեց. «Դուք հիմա հարցեր եք տալիս, որոնց պատասխանները ես գիտեմ, բայց տենիկական դետալներ կան, որոնք դեռ ճշգրտման մեջ են լինելու»:

Պապոյանը չի համարում, որ այս քայլով ՔՊ-ն փորձում է խուսափել արտահերթ ընտրություններից. «Ոչ, դա չի նշանակում։ Գյումրիում հաղթած ուժը դրսևորել է անպատասխանատվություն գյումրեցիների և համայնքի նկատմամբ, և ստեղծված իրավիճակում գյումրեցիները պետք է նորից գնան ընտրական տեղամաս և ընտրեն հաջորդ հինգ տարիների համար իրենց ավագանին և իրենց համայնքի ղեկավարին: Սա լինելու է այն ժամանակ, երբ մեր Ընտրական օրենսգիրքը և ընդհանրապես մեր իրավական կարգերը իրենց կանոններով և տրամաբանությամբ թույլ են տալու»:

Նա վստահեցրեց, որ դա լինելու է միայն և միայն արտահերթ ընտրություններով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ