Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատվել է

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով փորձաշրջանը դատարանի որոշմամբ կրճատվել է 1 տարի ժամկետով։

Այս մասին հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Արմեն Չարչյանը կշարունակի մնալ ազատության մեջ»,- նշել է Ալեքսանյանը։

Հիշեցնենք՝ 2021-ի արտահերթ ընտրություններից օրեր առաջ հրապարակվել էր ձայնագրություն, համաձայն որի՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանն աշխատակիցների հետ հանդիպմանը հորդորել էր, որ պարտադիր մասնակցեն ընտրություններին։

Չարչյանը նշել էր, որ եթե որևէ մեկը չմասնակցի, ապա ինքը «Հայաստան» դաշինքում տեխնիկապես հնարավորություն ունի ստուգելու ցուցակները՝ ով է գնացել ընտրությունների:

Ձայնագրության հրապարակման նույն օրը՝ 2021 թվականի հունիսի 18-ին, Չարչյանը ձերբակալվել էր։ Նույն թվականի հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Նա կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։

2021 թվականի օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրատապ նիստի ժամանակ որոշեց ազատ արձակել Չարչյանին՝ խափանման միջոց ընտրելով ստորագրությունը չհեռանալու մասին։

Փետրվարի 5-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Չարչյանին դատապարտեց 4 տարվա պայմանական ազատազրկման:

Վերջնական պատիժ էր նշանակվել 3 տարի 7 ամիս ժամկետով ազատազրկումը՝ հաշվի առնելով, որ Չարչյանը 4 ամիս 15 օր գտնվել է անազատության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ