Վարչապետի մոտեցումը ողջունելի է․ այս ճանապարհով պետք է գնալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես գրել է․

«Քանի որ իմ վարած կադրային քաղաքականությունը 2018-ից ի վեր ամենաշատ քննարկվող թեմաներից է, ուզում եմ որոշ դիտարկումներ անել վերջին նշանակումների առիթով:

Նոյեմբեր ամսվա ընթացքում բարձր պաշտոնների նշանակված կամ նման պաշտոններում առաջադրված մարդիկ երկու խումբ են ներկայացնում. կամ 2018թ. Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխական թիմի այնպիսի անդամ են, որ անցել են ընտրական ֆիլտրի միջով, արժանացել ժողովրդի վստահությանը եւ արդյունավետորեն իրացրել այդ վստահությունը, կամ 2018թ. Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության պահին արդեն իսկ ներգրավված են եղել պետական կառավարման համակարգում, Հեղափոխությունից հետո իրենց պոտենցիալն իրացնելու ավելի մեծ հնարավորություն են ստացել, արդյունավետորեն իրացրել են այդ հնարավորությունը, կառավարող մեծամասնության գաղափարաբանության նկատմամբ անհրաժեշտ համախոհություն են ցուցաբերել եւ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության, Իրական Հայաստանի, պետականության, ինքնիշխանության ու անկախության արժեհամակարգերի վրա հիմնված կառավարող թիմի մասն են դարձել»:

Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ։

Հարցին, թե արդյոք անձեր փոխելով համակարգերը կբարելավվեն, Ռուբեն Բաբայանն ասաց, թե նայած՝ անձն ինչով է գալիս։

«Եթե անձը գալիս է այդ ոլորտի կոնկրետ բարեփոխումների ծրագրով՝ շատ հնարավոր է։ Բայց մենք հաճախակի անտեսում ենք մի հարց՝ երբևիցե բարեփոխումները մեկ անձով չի որոշվում, պետք են պրոֆեսիոնալ կադրեր։ Այնպես չի լինում, որ նախարարը փոխվեց և ամբողջ աշխատակազմը, բոլոր օղակները պատրաստ են նոր ձևով աշխատել, նոր հիմունքներով և այլն։ Եվ մենք քիչ ենք սրա մասին խոսում, բայց Հայաստանում կա պրոֆեսիոնալ կադրային սով` ընդ որում բոլոր ոլորտներում։ Որ ոլորտում ում հետ խոսում ես, հասկանում ես, որ այդ սովը կա։ Մենք, ցավոք սրտի չենք զբաղվել դրանով։ Սովետական միության ժամանակ լավագույն կադրերը գնում էին Մոսկվա, Լենինգրադ, այնտեղ էին իրենց կարիերան անում։ Երբ Հայաստանն անկախացավ էլի ամենաունակ ուժերը սկսեցին մեկնել արտերկիր»,- ասաց Ռուբեն Բաբայանը։

Նա նշեց, որ սա լուրջ պրոբլեմ է և այն սկզբունքները, որոնք ներկայացնում է վարչապետը, կարծում է՝ այդ սկզբունքների արդյունավետության մասին հնարավոր կլինի խոսել միայն որոշակի ժամանակ հետո, երբ մենք կտեսնենք՝ իսկապես այդ սկզբունքները դրական արդյունք են տալիս, թե պարզապես ամեն ինչ շարունակում է դոփել տեղում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով վերջին պաշտոնանկություններին՝ ասել է, որ գալիս է մի պահ, որ փոփոխություններ բերող ղեկավարները իքս պահից դառնում են համակարգի մաս, կորցնում հայացքի սրությունը։

Այս առնչությամբ Ռուբեն Բաբայանն ասաց, որ դա կա ընդհանրապես բոլոր ոլորտներում։

«Ես դա զգացել եմ ինքս ինձ վրա։ Երբ երկար ղեկավարում ես ինչ-որ մի ոլորտ ինչ-որ բաների հետ սկսում ես հարմարվել, ինչ-որ բաներ սկսում ես հաշվի առնել անձնական տեսակետից, որը առաջ անտեսում էիր և միայն մասնագիտական չափանիշներն էիր առաջ բերում։ Ես կարծում եմ՝ ղեկավարների փոփոծությունը շատ նորմալ պրոցես է։ Անձամբ ես շատ հեշտությամբ հրաժարվել եմ տարբեր պաշտոններից, որ զբաղեցրել եմ։ Չեմ տեսնում այստեղ մեծ պրոբլեմ, որովհետև ինչպես ասում են՝ «տաշած քարը ճանապարհին չի մնա»։ Եթե մարդն իր կենսագրությունը և մասնագիտական արժանիքները կապում է միայն զբաղեցրած պաշտոնի հետ, դա նշանակում է, որ նա այդքան էլ շատ արժանիքներ չունի»,- ասաց Ռուբեն Բաբայանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ