Դիմում եմ ՀՀ վարչապետին և Կառավարությանը. եթե օր առաջ չսկսենք, չենք հասցնելու. Գյումրու ավագանու անդամ

Գյումրիում կառավարման ճգնաժամը հասել է գագաթնակետին: Որևէ պատասխանատու չկա, որը անգամ խիստ անհրաժեշտության դեպքում կարողանա որոշում ընդունել, փաստաթղթի տակ ստորագրել:

Մեծ է հավանականությունը, որ Ամանորը Գյումրին կդիմավորի առանց զարդարված փողոցների ու անշուք:

Գյումրու ավագանու անկախ անդամ Վարդևան Հակոբյանն այս խնդրով ահազանգել է «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն և հայտնել, որ այդ հրատապ ասելիքով դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Կառավարությանը:

«Այն պատասխանատու անձը, որը լիազորված է ստորագրել տարբեր մրցույթների և այլ փաստաթղթերի տակ, և հայտնի էլ չէ՝ 10-20 օրից կլինի՞, թե՞ չէ, բայց հրատապ հարցեր կան, և 10-20 օրից ուշ կլինեն, ուստի դիմում եմ Կառավարությանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը, ճիշտ է, ԱԺ ամբիոնից Գյումրուն տոնածառ խոստացավ նվիրել, սակայն քաղաքի զարդարումն ու երեխաների տոնական պարկերը մնում են»,- ասում է Հակոբյանը:

Քաղաքի տոնական զարդարումը նախորդ տարիներին իրականացրել է մրցույթը շահած «Վերելակային տնտեսություն» ՓԲԸ-ն, որն իր տեխնիկասարքավորումներով դեկորները նորոգել, տեղադրել, գործընթացը կազմակերպել է: Դա, ըստ Հակոբյանի, երկար ժամանակ է պահանջում, որովհետև դեկորները պետք է հանվեն, ուսումնասիրվեն, նորացվեն, անհրաժեշտության դեպքում նորերը գնվեն:

«Եթե մենք էսօր դա ժամ առաջ չանենք, էլ չենք հասցնելու: Հիմա, քանի որ ավագանին չի կարող նման որոշում կայացնել, նույնիսկ եթե մրցույթը հայտարարվի, համայնքապետ չկա, որ ստորագրի դրա տակ, այսինքն՝ Գյումրին այս հարցում ևս փակուղու առաջ է կանգնած: Ես Կառավարությանն ու վարչապետին խնդրում և լուծման տարբերակ եմ առաջարկում. քանի որ մրցույթ հայտարարելը երկար է տևում, մեկ անձից գնման միջոցով պետք է կարգավորվի և՛ քաղաքի զարդարման, և՛ երեխաներին տրամադրվող տոնական պարկերի ու Ձմեռ պապի խնդիրը: Յուրաքանչյուրի համար 5 մլն դրամ է պահանջվում: Այսինքն՝ խոսքը 10 մլն դրամի մասին է»,- ասում է ավագանու անդամը:

Վարդևան Հակոբյանի խոսքով՝ առավոտյան է ճշտել, որ համայնքապետարանում որևէ մեկն այս հարցով չի զբաղվում, ոչ մի քայլ չի կատարվում այս ուղղությամբ. «Ճիշտ է, շատ լուրջ խնդիրներ կան փաստաթղթերի հետ կապված, քաղաքաշինության ծրագրերի ու ամեն ինչի առումով, բայց ինչու չպիտի զարդարվի Գյումրին: Միայն տոնածառով չէ: Գիտեմ, որ տոնածառը թեկուզ ուշ, 10-20 օրից լինելու է, բայց եթե նույնիսկ 10-20 օրից պաշտոնակատար էլ գա, շատ ուշ է լինելու: Քաղաքի զարդարումը չեն հասցնելու»:

Վերջին երկու տարում երեխաներին հատկացվող պարկերը (500 հատ) գնել է «Գրանդ քենդի ընկերությունը», որոնք տրամադրվել են համայնքապատկան մանկապարտեզների ու սոցիալապես անապահով խմբի ընտանիքներին, նախորդ տարի՝ նաև ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին:

Հիշեցնենք՝ Կառավարության նիստի ժամանակ վարչապետը խոստացել էր, որ Գյումրին այս տարի, անկախ առկա խնդիրներից, տոնածառ է ունենալու:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ