Վարչապետը պետք է ճիշտ որոշումներ կայացնի ու իր համար չկա ոչ Աղազարյան Հովիկ, ոչ Ալեն Սիմոնյան. Աղազարյան

«Վարչապետի համար չկա որևէ պայմանականություն, որևէ հեղինակություն, ինքնն իր ուսերին վերցրել է ծանր բեռ, ինքը պետք է ճիշտ որոշումներ կայացնի ու իր համար չկա ոչ Աղազարյան Հովիկ, ոչ Ալեն Սիմոնյան: Օրենք, Սահմանադրություն, կուսակցական կարգապահություն, այս սկզբունքով է շարժվում»:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ մեկնաբանելով լրագրողների հարցը, թե սպասելի՞ էր, որ վարչապետը կարող է խնդրել իրենից դնել մանդատը:

Լրագրողների դիտարկմանը, թե ԱԺ-ում նախկինում էլ քանիցս հնչել է «արա» բառը, բայց նման ընթացք չի եղել, Աղազարյանը պատասխանեց, որ «արա» բառն այդքան էլ հետևանք չի ունեցել, խնդիրն այլ է.

«Շատ իմ թիմակիցներ հիմա էլ կարծում են, որ ես էդ ամեն ինչն արել եմ իմ տղայի մասնակցությամբ ընկերության դեմ քրեական վարույթի վրա ճնշումների համար: Իմ տղայի մասնակցությամբ ընկերությունը բոլոր գումարները ստացել է, դա ՊԵԿ-ում ինքնաշխատ համակարգ է, ֆինանսական ոչ մի պարտք չկա, ոչ մի մեքենա կալանքի տակ չի, մի մեքենա է եղել, որի նկտմամբ արգելափակում է եղել, 4 օր հետո տղաս իր մեքենան է վաճառել, էդ մեքենան մինչև հիմա բարեհաջող վարում է, խնդիրներ չեն առաջացել»,- ասել է Աղազարյանը:

Անդրադառնալով հարցին, թե երբ է , ի վերջո, հրապարակելու մանդատի վերաբերյալ իր որոշումը, Աղազարյանը պատասխանել է, թե դա այդքան էլ հեշտ գործ չէ, պետք է խորհրդակցի ընկերոջ հետ, տղաների, կնոջ հետ. «Կարծում եք՝ հե՞շտ բան ա»,- եզրափակեց Աղազարյանը:

Լրագրողները նաև նշեցին, թե տեղեկություններ կան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից իր նկատմամբ ճնշումների, սպառնալիքների մասին: Այս հարցին Աղազարյանը պատասխանեց.

«Ես կուզեի Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան էն, ինչ արեց իմ գլխին ու ոնց խոսեց: Ուր էր թե վիրավորանք աներ, պատասխանը ստանար, ճնշել է ինձ՝ ուրիշ իմաստով»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ