Վարչապետն անդրադարձել է բարձր պաշտոններում վերջին նշանակումներին և հայտնել՝ ինչ բանաձևով է որոշում կայացնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է իր կողմից վարվող կադրային քաղաքականությանը և բարձր պաշտոններում վերջին նշանակումներին:

«Քանի որ իմ վարած կադրային քաղաքականությունը 2018-ից ի վեր ամենաշատ քննարկվող թեմաներից է, ուզում եմ որոշ դիտարկումներ անել վերջին նշանակումների առիթով:

Նոյեմբեր ամսվա ընթացքում բարձր պաշտոնների նշանակված կամ նման պաշտոններում առաջադրված մարդիկ երկու խումբ են ներկայացնում. կա՛մ 2018թ. Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխական թիմի այնպիսի անդամ են, որ անցել են ընտրական ֆիլտրի միջով, արժանացել ժողովրդի վստահությանը եւ արդյունավետորեն իրացրել այդ վստահությունը, կա՛մ 2018թ. Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության պահին արդեն իսկ ներգրավված են եղել պետական կառավարման համակարգում, Հեղափոխությունից հետո իրենց պոտենցիալն իրացնելու ավելի մեծ հնարավորություն են ստացել, արդյունավետորեն իրացրել են այդ հնարավորությունը, կառավարող մեծամասնության գաղափարաբանության նկատմամբ անհրաժեշտ համախոհություն են ցուցաբերել եւ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության, Իրական Հայաստանի, պետականության, ինքնիշխանության ու անկախության արժեհամակարգերի վրա հիմնված կառավարող թիմի մասն են դարձել:

Չեմ կարող ասել, թե առաջիկայում այլ բանաձեւեր չեն կիրառվի, բայց վերը նկարագրված բանաձեւերը կդառնան կադրային քաղաքականության հենասյուներ»,- գրել է վարչապետը:

Ներքին գործերի նախարար է նշանակվել ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար՝ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ