«Հետքը» որոշել է Հռոմի Պապից ավելի կաթոլիկ երևալ

Օրերս «Հետք»-ը Հայաստանից միլիարդավոր դոլարի ռուսական ոսկու արտահանման մասին հոդված էր հրապարակել։ Հոդվածում նշված էր, թե որ հայկական ընկերություններն են արևմտյան պատժամիջոցների ցանկում ներառված ռուսական ոսկին Հայաստան ներկրում և այնուհետև արտահանում։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ հոդվածի հեղինակը փորձել է բացահայտել անօրինական մեծ «ոսկե» սխեմա, սակայն իրականում հոդվածով հարվածի տակ է դրել Հայաստան պետությունը։ Փաստացի այս հոդվածով «Հետքը» Հայաստանի վրա է կենտրոնացնում միջազգային հանրության ուշադրությունը և այսպես ասած «գործ է տալիս» Հայաստանի դեմ։

Իրականում հայկական ընկերությունները անօրինական որևէ գործարք չեն անում, դա հաստատել է նաև էկոնոմիկայի նախարարությունը, որն ի պատասխան «Հետք»-ի հարցմանը նշել է, որ պատժամիջոցների տակ գտնվող ռուսական ոսկու արտահանումը Հայաստանին կարող է սպառնալ միայն երկրորդական պատժամիջոցներով։ Սակայն, մինչ այժմ նման դեպքեր չեն գրանցվել, ինչը, ըստ նախարարության, վկայում է այն մասին, որ կառավարության ներդրած գործիքակազմն արդյունավետ է։

Իրականում, «Հետք» պարբերականի այսպես կոչված ահազանգը հարված է Հայաստանի տնտեսությանը։ Հայաստանի կառավարությունը օգտվելով ստեղծված համաշխարհային պայմաններից, փորձում է օգուտներ քաղել երկրի համար, առանց կանոններ խախտելու ռուսական ոսկին Հայաստանի միջոցով արտահանում է երրորդ երկիր, ի դեպ, նման սխեմայով աշխատում են բազմաթիվ երկրներ և Հայստանն այս առումով միակը չէ։ Ավելին այս սխեմայի շնորհիվ Հայաստանը լրացուցիչ ֆինանսական հոսքեր է ապահավում պետական բյուջե, որոնք հետագայում ծախսվում են բազմաթիվ սոցիալական ծրագրերի իրականացման նպատակով։ Ավելին, այդ փողերով իրականացվող ծրագրերից գուցե նաև օգտվում է հենց տվյալ հոդվածի հեղինակը, սակայն հոդվածագրի համար հավանաբար կարևոր է ոչ թե սեփական երկրի բարեկեցությունը, այլ մի քանի «լայք» հավաքելը և սոցցանցային «ծափերը»։

Հայաստանի կառավարությունը հնարավորություն է տվել մասնավոր ընկերություններին օգտվել ստեղծված իրավիճակից, որը նաև օգուտ է բերում Հայաստանի տնտեսությանը։ Բնականաբար աշխարհում չեն կարող չնկատել այս սխեման, սակայն նաև նկատում են, որ նման սխեմա կիրառելով Հայաստանը ոչ միայն չի խախտում ռուսական պատժամիջոցների կարգը, այլև լրացուցիչ գումարներ է ապահովում սեփական տնտեսության համար։ Մինչդեռ «Հետք»-ում որոշել են Հռոմի Պապից ավելի կաթոլիկ երևալ և ընթերցողների աչքը շոյելու նպատակով հերթական անգամ ոտնատակ են տալիս սեփական երկրի հեղինակությունն ու շահը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ