ՀԱՊԿ-ը չի կատարել Հայաստանի նկատմամբ իր անվտանգային պարտավորությունները, ՀՀ-ն ունի այլընտրանք. Հրայր Մանուկյան

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Известия»-ին տված հարցազրույցում ասել է, որ «հավատարիմ են այն դիրքորոշմանը, թե ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանը համեմատելի իրական այլընտրանքներ չկան, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում»։

Ուտրեխտի համալսարանի հետազոտող, քաղաքագետ Հրայր Մանուկյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով այս հայտարարությանը, նկատում է՝ հայտարարության տողատակում սպառնալիք կա:

«Սպառնալիքն այն է, որ ՀՀ-ն չպետք է շարունակի խորացնել անվտանգային ոլորտում համագործակցությունը այլ երկրների հետ, ինչն արդեն որերորդ անգամ է տեսնում ենք: Մյուս կողմից էլ նրանց մոտ ցանկալին իրականություն ընկալելու միտում կա, երբ որ ասում են՝ ՀՀ-ն այլընտրանքներ չունի, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի առումով, որովհետև իրականությունն այն է, որ վերջին տարիներին ՀՀ-ն լրջորեն խորացրել է իր հարաբերությունները և՛ ԵՄ-ի, և՛ Հնդկաստանի, և՛ Իրանի հետ. իրականությունն այն է, որ այլընտրանքներ ՀՀ-ն ունի»,- ասում է քաղաքագետը:

Ըստ Մանուկյանի՝ ՌԴ-ն համարում է, որ ինքն ամենակարևոր երկիրն է աշխարհի վրա և կարող է իրեն թույլ տալ սպառնալիքների լեզվով խոսել:

Անդրադառնալով Կոպիրկինի այն հայտարարությանը, թե ՌԴ-ն հավատարիմ է մնում իր պարտավորություններին՝ ապահովելու Հայաստանի անվտանգությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ-ի միջոցով, քաղաքագետը նկատում է. «Շատ հստակ է, որ ՀԱՊԿ-ը չի կատարել Հայաստանի նկատմամբ իր անվտանգային պարտավորությունները, ՌԴ-ն էլ չի կատարել երկկողմ անվտանգային պարտավորությունները ՀՀ-ի նկատմամբ, բացի դրանից՝ իրենք շատ ուղիղ ձևով խախտել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնությունը, խաղաղապահ ուժեր են տեղակայել ԼՂ-ում, այդ խաղաղապահ ուժերը ինչի՞ համար էին, եթե ԼՂ բնակչության անվտանգությունը ընդհանրապես չէին ապահովելու, ժամկետից շուտ էլ թողեցին գնացին»:

Զրուցակցի նկատառմամբ՝ ռուսական կողմը բացահայտ խախտում է պայմանավորվածությունները հենց այն պահին, երբ հասկանում է, որ դա իրենց ավելի է ձեռնտու:

Ինչ վերաբերում է ՌԴ տարբեր պաշտոնյանների հաճախակի դարձած այն հայտարարություններին, ինչը նաև վերահաստատել է Կոպիրկինը, որ Երևանի և Բաքվի միջև փոխընդունելի փոխզիջումների հասնելը բարդ և ժամանակատար գործընթաց է, Մանուկյանն ասում է. «Իրենք օգտվում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև եղած խնդիրներից, կամ հենց իրենք են լարում ՀՀ-ին ու Ադրբեջանին իրար դեմ, որպեսզի կարողանան իրենց ներկայացվածությունն ապահովել տարածաշրջանում: Սկսած դեռևս 20-րդ դարի սկզբից՝ հայ-թաթարական բախումներից, մենք արդեն գիտեինք, որ ՌԴ-ն շարունակաբար լարում է ծայրահեղ ազգայնական ուժերին, որպեսզի ինքը հետո կարողանա իր ներկայացվածությունը այստեղ ապահովել: Սահմանազատման գործընթացը ՀՀ-ի և Ադրբեջանի ուղիղ պայմանավորվածությունների արդյունք էր, ինչը խոսում է այն մասին, որ այս երկու երկրները ի վիճակի են նստել ու իրար հետ խոսել, պայմանավորվածությունների գալ ու իրագործել: Սա շատ մեծ հարված է ՌԴ-ին»:

Ըստ քաղաքագետի՝ իհարկե, ոչ ուղիղ տեքստով, բայց Ռուսաստանն ուզում է ասել, որ իրենք են որոշելու, թե հայերն ու ադրբեջանցիները ինչպես իրար հետ «յոլա գնան», կամ հարցերը ինչ ձևով կարգավորվեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ