Նոյեմբերի 24-ի գիշերը՝ ժամը 3-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Էրեբունի» բժշկական կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած թափանցող վնասվածքով բուժօգնության է տեղափոխել Երևան քաղաքի բնակիչ 47-ամյա տղամարդու, որը հայտնել է, որ ոչ սթափ լինելու պատճառով ընկել և ստացել է նշված վնասվածքը:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
«ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության ՔՈԳՎ և Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ ժամը 2-ի սահմաններում Մարմարաշեն բնակավայրի Երևանյան խճուղու խանութում 47-ամյա երևանցին և Եղվարդ գյուղի բնակիչ 45-ամյա տղամարդը միասին օգտագործել են ալկոհոլ և արդեն ոչ սթափ վիճակում սկսել են վիճաբանել, հայհոյել իրար, որի ընթացքում էլ 45-ամյա եղվարդցին դանակով հարվածել է բաժակակցին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 45-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Մասիսի քննչական բաժին, ապա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ: