Թուրքիան արգելել է Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքը երկիր՝ հայտարարելով, որ տղամարդը «սև ցուցակում» է: Այնուհետ նրան հետ են ուղարկել:
Այս մասին Նիլ Հաուերը հայտնել է «X»-ի իր միկրոբլոգում:
Լրագրողը ենթադրել է, որ արգելքը կապված է իր կողմից Ադրբեջանի հասցեին քննադատությունների և Արցախում տեղի ունեցած իրադարձությունների, այդ թվում՝ էթնիկ զտումների մասին հրապարակումների հետ:
«Երեկ ինձ արգելել են մուտք գործել Թուրքիայի Հանրապետություն։ Զբոսաշրջային այցի նպատակով Երևանից մեկնել էի Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայան: Անձնագրային ստուգման ժամանակ ինձ մի կողմ տարան, տեղեկացրին, որ «սև ցուցակում» եմ, 16 ժամ պահեցին ու հետ արտաքսեցին», — գրել է լրագրողը՝ նշելով, որ բողոքարկելու է արգելքը, քանի որ «ոչ մի հանցանք չի գործել»։