Ինչպես էր ՀՅԴ-ն իր մեկ այլ՝ N 55 գաղտնի շրջաբերականում առաջարկում առճակատման չգնալ Ռոբերտ Քոչարյանի հետ. հալածանքն անխուսափելի էր լինելու

Նախորդ շաբաթ ԱԺ-ում վերստին ակտիվ քննարկման նյութ դարձավ ՀՅԴ-ի աղմկահարույց 004 շրջաբերականը։ Անցած մի քանի ամիսների ընթացքում, ինչ «civic.am-ի պադվալից» (ըստ Լիլիթ Գալստյանի երևակայության) հայտնաբերվել է այդ փաստաթուղն ու հրապարակվել, դաշնակցական պատգամավորների մի մասը քափ-քրտինք կտրած, կոկորդները և մարմնի այլ մասերը պատռել-պատառոտելով հերքում է դրա գոյությունը։ Մի մասն էլ, հակասելով իր գործընկերների հերքումին, պնդում է, թե հիշյալ շրջաբերականից մեջբերումներն են «սարքովի»՝ ինչ-որ մեկը նստել, (հավանաբար մեր կայքի «պադվալի» պահակը)), հորինել է ձևակերպումներ, դրանք մտցրել շրջաբերականի մեջ, ապա հորինված այդ մեջբերւմները վերագրելով ՀՅԴ-ին, այժմ խեղճ ազգանվեր կուսակցությանը մեղադրում է չասած բաներում։

Հանրությանն ու ՀՅԴ-ի հերքիչներին լուսավորենք՝ civic.am-ը չունի «պադվալ», ի տարբերություն ՀՅԴ-ի և այլ քաղաքական խմբակների՝ պադվալային, այն է՝ ընդհատակյա խառնակիչ գործողություններով, տեղեկատվական և այլ տեռորներով չի զբաղվել ու չի զբաղվում, աշխատում է բաց, թափանցիկ ու բոլորի համար տեսանելի տարբերակով։

Իմիջիայլոց, սա առաջին դեպքը չէ, որ ՀՅԴ-ի Բյուրոյի կողմից երկնած «գաղտնի», «խորհրդապահական» շրջաբերականները հասանելի են դառնում «երրորդ անձանց», և կուսակցությունն էլ ստիպված է լինում հայտնվել անհարմար իրավիճակում և «բռնված գողի» կարգավիճակում «ցուցմունքներ տալ»։ Տարիներ առաջ (16 ապրիլ 2001 թ․) , երբ դեռ նախագահի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանն էր, ՀՅԴ-ի մեկ այլ գաղտնի՝ «N55» շրջաբերականն էր հայտնվել մամուլում, և, ինչպես «004»-ի դեպքում, «55»-ի դեպքում էլ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչները սկսեցին հերքումների շարքը։ Այս՝ ոչ պակաս սկանդալային շրջաբերականի մասին մեզ ստիպեց վերհիշել նախկին (2018-ին հեռացված) ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանի օրերս արած հայտարարությունն իրենց քաղաքական պատրոնի՝ Ռոբերտ Քոչարյանի մասին։ Պատասխանելով մեր թղթակցի հարցին՝ կարո՞ղ է նշել երեք սխալ, որոնք թույլ է տվել երկրորդ նախագահը, Քոչարյանի շնորհիվ մանդատ ստացած Վարդանյանը ծոր էր տվել, թե՝ «Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին մենք կարող էինք ցանկացած հարց քննարկել, բանավիճել և գտնել ճշգրիտ, ճիշտ լուծումները»։ Ապա վրա էր բերել՝ «համեմատությունը բոլոր ոտքերով կաղում է, և Նիկոլ Փաշինյանին հանկարծ փորձել համեմատել Նիկոլ Փաշինյանի հետ, նշանակում է աշխատել civic.am-ում»։ Այսինքն, անթերի՞ է Քոչարյանը՝ ճշտմանը Վարդանյանը, փառտք Աստծո, ձեռնպահ էր մնացել օրը ցերեկով սրբադասման ծես կազմակերպելուց ու բավարարվել էր բերնիցս թռցնելով՝ «ո՜վ ասեց անթերի է․․․»։

Այժմ դառնանք «N55» շրջաբերականին, որում առկա ձևակերպումներն, ի դեպ, ստիպում են կասկածի տակ առնել Վարդանյանի այն պնդումը, թե՝ երկրորդ նախագահի ժամանակ քննարկում, բանավիճում, լուծումներ էին գտնում (հայտնի չէ, թե ինչ հարցերի շուրջ)։ Մեծ հավանականությամբ՝ այդ քննարկումները տեղի չէին ունենում, քանի որ ՀՅԴ-ն պարզապես չէր ուզում հակաճառել Ռոբերտ Սեդրակիչին, ԼՂ հարցի վերաբերյալ նրա բանակցած փաստաթղթերի հասցեին թթու խոսք ասել, կարճ ասած՝ սկզբունքայնություն ու դիմադրություն ցույց տալ «Հայր մերը» չիմացողին՝ անցավ գլուխը դնելով․․․Ավետարանի տակ։

Խնդրո առարկա շրջաբերականը, նկատենք, վերաբերում է «Ղարաբաղեան հարցի կարգաւորման վերջին զարգացումներին» (Քի Վեսթ) և դրանց վերաբերյալ ՀՅԴ—ի դիտարկումներին։ «Մեր ունեցած տեղեկութիւնների համաձայն, Ղարաբաղեան հարցի լուծման նոր տարբերակը, մեծ հաւանականութեամբ, իր մէջ ընդգրկելու է հետևեալները. 1. Ադրբեջանական կողմը համաձայնուելու է, որ Արցախը՝ Լաչինի միջանցքով, մաս կազմի ՀՀ-ին։ (Առայժմ յայտնի չէ, թէ Լաչինի միջանցք ասելով ինչ պէտք է հասկանալ՝ ամբողջ միջա՞նցքը, թե՞ ինչ-որ միջանցք)։ 2. Հայկական կողմից պահանջուելու է Ադրբեջանին վերադարձնել ազատագրուած տարածքները։ (Մեզ համար անյայտ է բռնագրաւեալ Շահումեանի, Մարտակերտի դաշտային մասի ճակատագիրը)։ 3. Ադրբեջանին ընձեռուելու է հնարաւորութիւն՝ Հայաստանի տարածքով ազատ ու մասնաւոր ճանապարհ դէպի Նախիջևան։ Ճանապարհի վրայ հսկողութեան հարցը տակաւին յստակ չէ։ Նախատեսւում է, որ ապագային Հայաստանը ևս դառնայ (գուցե՝ ունենա- խմբ.) Նախիջևանի և Բաքուի վրայով դէպի արտաքին աշխարհ առևտուրի և ազատ երթևեկութեան իրաւունք։ 4. Կողմերի միջև վերջնական համաձայնութիւնից յետոյ, փաստաթուղթը քննութեան նիւթ է դառնալու երկու երկրների խորհրդարաններում և վերջնական հաստատում է գտնելու հանրաքուէի միջոցով։ 5. Նախատեսւում է նաև միջազգային ֆինանսական օժանդակութեան փաթէթ»,-նշվում է շրջաբերականում։ Դրա հետագա տողերից ակնհայտ է առնում, որ ՀՅԴ-ն դեմ է կարգավորման այս կետերին, միաժամանակ նկարագրելով այն հնարավոր զրկանքներն ու անախորժությունները, որոնցում կարող է հայտնվել Քոչարյանին ու նրա իշխանությանը հակադրվելու, «կտրուկ շրջադարձի», «առճակատման» գնալու պարագայում։

«․․․Օրուայ իրավիճակից ու միջազգային իրողութիւնից մեկնելով, եթե այսօր հրաժարւում ենք ազատագրուած տարածքներից, կարող ենք հրաժարուել Հայ Դատի պայքարից։ Այս ուղով առաջ գնալու դէպքում, Երկիրը չե՞նք դնելու նորանոր աղէտների առաջ։ Առկայ են ուժեր, որոնք թեպետ բացէիբաց չեն յայտնում իրենց ընդվզումն ու բողոքն այս ամենի նկատմամբ, սակայն վաղը յայտնուելու են լուրջ անբարենպաստ պայմաններում։ Այսպէս դիրքորոշուելով ո՞րն է լինելու մեր տեղն ու դերը հայ իրականութեան մէջ, ինչքա՞ն է լինելու համակիրների, ընկերների և վերջապէս մեր ժողովրդի՝ մեզանից ապրած յուսախաբութեան չափը։ Հենց այն ժողովրդի, որ մեզ չսիրելու դէպքում էլ յարգանքով է մօտենում մեզ, միշտ մեզ տեսնելով անկեղծ զինուորի պատկերով ու յարատև կռուի ուղու վրայ։ Եվ վերջապէս չի՞ ծաւալուելու մի համընդհանուր հակաքարոզչութիւն, որ Դաշնակցութեան կենտրոնը ՀՀ տեղափոխուելով, ՀՅԴ օրուայ ղեկավարութիւնը իշխանական տաքուկ աթոռներին տիրանալով, իշխանութեան կերակրասեղանին մօտ գտնուելով, իշխանութիւնների ուղղակի ազդեցութիւնը կրելով այլասերուել է ու իշխանութիւնների հետևորդի դերում է յայտնուել։ բ. Հարցի կարգաւորման նկատմամբ բացասական դիրքորոշում ցուցաբերելու պարագային Մեծ հաւանականութեամբ, վերը հնչած հարցադրումները իբրև հիմնաւորում օգտագործելով, շատերը կարող են բացասական դիրքորոշում ցուցաբերել հարցի կարգաւորման նշեալ տարբերակին։ Սակայն ի սկզբանէ պէտք է իմանալ, որ այս անգամ մենք չենք կարող ցուցաբերել «արի, սկզբունքային» կեցուածք վասն պատմութեան, այլ մեր կեցուածքների համար գին վճարելով պէտք է գնանք իրականացնելու այն, ապա թէ ոչ՝ այնքան է կեղծ հնչելու մեր կեցուածքը, որ նոյնն է լինելու, ինչ կը լինէր, եթէ ընդունէինք այն։ Այն պարագայում, մասամբ մերժումը ևս ունենալու է նոյն արդիւնքը, ինչ-որ կարող էր ունենալ ամբողջական մերժումը՝ առճակատում։ Մերժման պարագային պէտք է քաջ գիտակցել, որ հալածանքը մեր նկատմամբ անխուսափելի է լինելու, յար և նման, գուցէ առաւել խիստ, քան եղաւ նախորդ իշխանութիւնների օրոք»,-նշվում է ՀՅԴ—ի հիշյալ փաստաթղթում։ Բյուրոն կասկած է հատնում նաև՝ արդյոք «հոգնած, սոցիալ-տնտեսական դժուարութիւններ դիմագրավող ժողովուրդը» քայլելո՞ւ է իրեց ետևից։ «Այսօրուայ ընդդիմութիւն կոչուող ուժերը, որոնք այժմ մեզ քննադատում են «անսկզբունքայնութեան» մէջ, վաղը մեզ չե՞ն մատնացոյց անելու դարձեալ իբրև «պատերազմի, ազգայնամոլ, ծայրահեղական» մի ուժի։ Մեր դիրքորոշմամբ մենք չե՞նք յայտնուելու Պապից աւելի պապականի դերում, երբ նկատի ունենում, որ Արցախի իշխանութիւնները ամբողջութեամբ ՀՀ-ի հետևորդի դերում են։ Ի՞նչ ենք անելու, եթէ մեր ոչը արձագանք չգտնի Արցախում։ Նման դիրքորոշմամբ մենք նորէն շրջանառութեան մէջ չե՞նք դնելու կուսակցութեան մասին դեռ առկայ տեռորիստական, ծայրայեղական իմիջը, յաչս միջազգային հանրութեան։ Ու դրանով չե՞նք վայելելու նրանց համընդհանուր ու համատարած հալածանքը։ Եթէ հաւանական համաձայնութեան գլխաւոր խոչընդոտող ուժը լինելու ենք միայն մենք, դրանով իսկ հարցականի տակ չե՞նք դնելու կազմակերպութեան լինելիութեան հարցը։ Իսկ համաձայնութեան ձախողութեան գործում յաջողութիւն ունենալու պարագային, հնարաւոր չե՞նք դարձնելու արուեստական պատերազմի հաւանականութիւնը, որի արդիւնքը լաւագոյն դէպքում լինելու է այն՝ ինչ լինելու է այս նոր տարբերակում նշուածը, բայց արդէն իսկ որպէս ներկայ պատերազմում պարտուած կողմի պարտադրուած պայմաններ։ Մինչև այժմ ո՛չ ԼՂՀ-ն, ո՛չ էլ ՀՀ-ն ազատագրուած տարածքները իրենց գերիշխանութեան մաս չեն յայտարարել, իսկ Ղարաբաղը թէ՛ իր միացումը ՀՀ-ի հետ և թէ՛ իր անկախութիւնը յայտարարել է ԼՂԻՄ-ի սահմաններով։ Այժմ բանակցութիւնների սեղանի վրայ ինչպե՞ս պէտք է պնդենք ազատագրուած տարածքների հայկական պատկանելիութեան հարցը։ Մերժելով այս տարբերակը, մենք ի՞նչ ենք առաջարկում. բանակցութիւնների փոխզիջումային տրամաբանական մթնոլորտում ի՞նչ ենք զիջում, իսկ եթէ միայն ձգտում ենք հարցի ձգձգմանը, ապա ո՞րն է երաշխիքը, որ ապագան աւելի վտանգաւոր ու անբարենպաստ չի լինելու ազգի համար։ Ձևաւորուող փաթեթը ամբողջութեամբ պարտութիւն չի նշանակում և շատ հաւանական է, որ այն ճեղքեր, չասելու համար պառակտումներ առաջացնի մեր մէջ։ Շատ հաւանական է նորանոր «վերականգնումի շարժում»-ների ծնունդը, դասալքութիւնը՝ առանձին անձանց, որոնք կամ թուլամորթութեան և կամ էլ պետական համակարգում իրենց զբաղեցրած տեղը կորցնելու վախից փորձեն քաղաքական-գաղափարական գոյն տալ իրենց քայլին, նորէն ստեղծեն «բազէներ-աղաւնիներ» տխրահռչակ բաժանումները։ Ինչպե՞ս ենք կանխելու այս անպատեհութիւնները»։

Ուշագրավ են նաև շրջաբերականի հետագա տողերը, որտեղ ՀՅԴ-ն ընդունում է, որ այլևս չի կարող լինել ընդդիմության «գլխավոր ուժը» և պետք է գործի չափազանց աչալուրջ՝երկրի ու ժողովրդի համար լինելով պատասխանատու․ «Մենք աւելի քան երեք տարի է, որ քիչ թե շատ իշխանութիւնների հետ ենք և այսօր կտրուկ շրջադարձը մեզ չի ընձեռելու նոյն դիւրութիւնները, որ ունէինք նախորդ իշխանութիւնների հետ առճակատման օրերին, այլ խօսքով՝ այլևս չենք կարող (առանց մասնաւոր մեծ ճիգ թափելու) ընդդիմութեան գլխաւոր ուժը լինել։ Եվ վերջապէս, այսօր, կարգաւորմանը ընդդիմանալու համար ուժ կուտակելու կարելութիւն ունե՞նք, երբ նկատի ենք ունենում, որ մի քանի ամիսների ընթացքում հաւանական է հարցի լուծումը։ Այս պարագայում մեր առճակատումը իշխանութեան ձգտող ընդդիմութեան առճակատում չէ. մի առճակատում է, որի հասունացման համար պէտք է աւելի երկար ժամանակ, որի սղութեան այս պայմաններում ինչպե՞ս ենք ստեղծելու շուտափոյթ առճակատութեան կարելիութիւնները։ Մասնաւոր հարցերում ամուր մերժողականի դերում մնալու պարագային ևս անպայման իշխանութիւնները մեզ քաշելու են ամբողջական առճակատման դերի մէջ։ Որո՞նք են այն տակտիկային քայլերն ու սկզբունքները, որոնք մեզ զերծ կը պահեն ակամայ առճակատումից, երբ մասնաւոր մերժման պարագայի իրական արդիւնքը ևս այս տարբերակի ձախողումն է։ Մենք ի վիճակի ենք թէ՛ թույլատրելու և թէ՛ խանգարելու հարցի կարգաւորման այս տարբերակը, սակայն պահի թելադրանքն է՝ լինել ծայրաստիճան աչալուրջ, քանզի բոլոր պարագաներում մենք պատասխանատու ենք երկրի և ժողովրդի վաղուայ համար։ Ամէն պարագայի մի գին կայ, որ պարտաւոր ենք վճարելու՝ թէ որպէս ազգ, թէ որպէս պետութիւն և թէ որպէս կացութիւն»։

Ի դեպ, այս խորհրդապահական շրջաբերականի գաղտնազերծումից հետո «Կանադայի ՀՅԴ մի խումբ անդամներ» հանդես եկան հայտարարությամբ (այն տպագրվել էր «Հայկական ժամանակ»-ում), որում մեղադրում էին ՀՅԴ Բյուրոյին «իր խիստ գաղտնի «Շրջաբերական N55»-ում… կուսակցության բարձրագույն շահերը ՀՀ նախագահի դիրքորոշման հետ համապատասխանեցնելու» մեջ, ինչը, ըստ նրանց, գերադասելի է համարվում, քան նախագահին ընդդիմանալը, «որպեսզի պահպանվեն ՀՅԴ-ի ձեռք բերած արտոնությունները»։ «Այս փաստը ՀՅԴ բոլոր ավանդույթներին դեմ է, և մենք, որպես Դաշնակցության գաղափարակիրներ, բողոքում ենք ՀՅԴ Բյուրոյի նման վարքագծի դեմ»,-մասնավորապես նշել էին նամակագիրները: Մեկնաբանության համար խմբագրությունը դիմել էր ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին, սակայն վերջինիս «բերվածը կեղծ հայտարարություն» էր որակել, «քանի որ նրա տակ կոնկրետ անուններ չկան»: Այսուհանդերձ, հիշյալ շրջաբերականի բուն բովանդակության մեջ կա՞ն, արդյոք, կեղծ կամ անկեղծ ստորագրողների դժգոհությունը հարուցած դրույթներ՝ Դաշնակցության ներկայացուցիչը որոշել էր հարցն անպատասխան թողնել։

Հետաքրքիր է՝ այդ ինչ բանավեճի, քննարկումների ու համատեղ որոշումների մասին էր օրերս խոսում Աղվան Վարդանյանը։ Կարո՞ղ է նկատի ուներ այն քննարկումները, որոնք առնչվում էին ՀՅԴ-ի ստանալիք պաշտոններին, բիզնես շահերին և այլ կլանային խնդիրների լուծմանը։ Նույն ՀՅԴ-ն, ի դեպ, ժամանակին դեմ էր արտահայտվում նաև Քոչարյանի պաշտոնավարման ավարտին ի հայտ եկած՝ ԼՂ կարգավորման «Մադրիդյան սկզբունքներին», բայց դա չխանգարեց, որ կոալիցիա կազմի այդ սկզբունքների հիման վրա բանակցած ՀՀԿ ղեկավարի հետ։ Իսկ այ Նիկոլ Փաշինյանի օրոք, մասնավորապես 44-օրյա պատերազմից հետո, նույն ՀՅԴ-ն գովերգում էր (սազն էր պակաս) իր կողմից մերժված ու հետին թվով «ընտիր» փաստաթուղթը։

Համոզված ենք, որ եթե այսօր Քոչարյանը լիներ վարչապետ ու բանակցեր Բաքվի հետ ճիշտ նույն փաստաթղթի շուրջ, որի շուրջ բանակցում է գործող իշխանությունը, ՀՅԴ-ն ամեն օր մոմ էր վառելու Քոչարյանի համար ու մատաղ՝ նրա ոտքերի տակ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ