Աշխարհը գերլարված հետևում է ռուս-ուկրաինական պատերազմի զարգացումներին և կատարվող գործողություններին:
Փորձագետները վերլուծում են, սակայն դժվարանում են ասել, թե ինչ կլինի «Орешник» բալիստիկ հրթիռով Ուկրաինային հարվածելուց հետո: Արդյոք սա երրորդ համաշխարհային պատերազմի մասի՞ն է ազդարարում՝ հաշվի առնելով նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, ըստ որի՝ Ռուսաստանն այսուհետ իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել ռուսական օբյեկտների դեմ, այս պահից սկսած Արևմուտքի հրահրած հակամարտությունն Ուկրաինայում ձեռք է բերում գլոբալ բնույթ:
«Հանուն հանրապետության» կուսակցության արտաքին գործերի քարտուղար Առնոլդ Բլեյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ տվյալ հարցը բարձրաձայնելիս պետք է վերհիշել, թե ինչ զգուշացում է տվել Միացյալ Նահանգները ՌԴ ղեկավարին․ միջուկային զենք կիրառելու դեպքում առաջին թիրախը լինելու է Պուտինը, նրա ընտանիքն ու շրջապատը․ «Հետևաբար, այն, ինչ հիմա անում է Ռուսաստանը, պարզապես հնարավոր բանակցություններից առաջ իր բանակցային դիրքերի ամրապնդումն է՝ հաշվի առնելով, որ հունվարի 20-ից հետո Թրամփը գործարք է պարտադրելու երկու կողմերին։ ՌԴ-ն առաջինն է խախտել կարմի գծերը, ուստի առաջինն է նաև միջազգայանացրել կոնֆլիկտը, երբ հյուսիսկորեացիներին հրավիրեց հանդիպման Կուրսկում»։
Բլեյանը չի կարևորում Վլադիմիր Պուտինի արած հայտարարությունները: Ըստ նրա՝ այս ելույթը նման չէր 2022 թվականի փետրվարի 24-ին արված հայտարարությանը, երբ Պուտինը սկսեց ռուս-ուկրաինական հակամարտությունը:
«Եթե երկրիդ վրա հարձակում են գործում, դու պետք է հռչակես պատերազմական վիճակ, ամբողջական մոբիլիզացիայի մասին խոսես, սակայն ՌԴ-ն չի գնում դրան։ Գիտենք, որ տեղի են ունեցել միայն մասնակի մոբիլիզացիաներ, որովհետև ռուսները, որոնք հիմա ոգևորված են ագրեսիայից, ոգևորված կլինեն մինչ այն պահը, երբ հարցը իրենց չվերաբերի, բայց խոշոր քաղաքներում, օրինակ՝ Մոսկվայի, Ստ․ Պետերբուրգի մեծ բնակչությունը չի գնա պատերազմի։ Դա հասկանում է նաև Պուտինը։ Այն մարդկային քանակն էլ, որ ունի հիմա ՌԴ-ն, լուրջ գործողությունների համար չեն։ Ես նաև դժվար եմ պատկերացնում, թե ինչպես է ռուսական կողմը, ենթադրենք, Այլասկայից հարված հասցնում ԱՄՆ-ի ուղղությամբ, դա անիրատեսական է: Իսկ այն զենքը, որից հարվածներ է հասցրել Ուկրաինան, անգլիական ու ամերիկյան են։ Պուտինը արկածախնդրության չի գնա»,- նկատում է նա:
Դա, ըստ Բլեյանի, հասկանում է նաև Արևմուտքը, որն էլ Ուկրաինային հնարավորություն տվեց Storm Shadow համակարգերով հարվածներ հասցրել Կուրսկի և Բրյանսկի շրջանների թիրախներին։ Այսինքն՝ Ռուսաստանին այլ բան չի մնում, քան «մկանային խաղ» խաղալ, ընդգծում է զրուցակիցն ու հավելում, որ եթե անգամ Պուտինը փորձ է անում ցույց տալ, թե տիրապետում է առկա իրավիճակին, հակամարտության ողջ պատկերացումն ունեն միայն եվրոպական երկրները։
«Առջևում ուկրաինական կողմից նորից կտեսնենք նոր զենքերի կիրառում։ Հնարավոր է լուրջ փոփոխություններ լինեն։ Չեմ բացառում, որ Ֆրանսիան մի պահ որոշում կայացնի ֆրանսիական զորքերն Ուկրաինա ուղարկելու։ Անկախ ԱՄՆ հետագա դիրքորոշումից, այսինքն՝ Թրամփի գործողություններից, երբ նա ստանձնի նախագահի պաշտոնը, Եվրոպան հասկանում է, որ այս հակամարտությունը միայն Ուկրաինայինը չէ։ Սա ամբողջ Արևմուտքի պաշտպանության մասին է։ Եթե, օրինակ, Պուտինն ու Զելենսկին կանգնեցնեն պատերազմը, Ռուսաստանը, միևնույն է, հետագայում էլ վերազինվելու է ու տեղորոշելու նոր թիրախներ կայսերական ամբիցիաների համար»,- կարծիք է հայտնում զրուցակիցը:
Այժմյան իրավիճակում «Հանուն հանրապետության» կուսակցության արտաքին գործերի քարտուղարը ելքեր չի տեսնում հնարավորության բացակայության մասին։ Երբ Պուտինն ասում է, թե իրագործելու է այն, ինչ նախագծել է, իսկ Ուկրաինայի նախագահը հայտարարում է, որ չեն կանգնելու, եթե անգամ զենքի մատակարարում չունենան, կանխատեսումներ անել հնարավոր չէ։
Վերջինս միաժամանակ ընդգծում է՝ ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինային անհամեմատելի է․ Բայդենը մինչ իր իշխանության ավարտը փորձում է արագացնել այն խոստումների, զենքերի մատակարարումն ու իրականացնումը, որոնք նախկինում տվել է Զելենսկիին։