Ադրբեջանը ՀՀ-ի հետ մի դեպքում կգնա խաղաղ համագոյակցություն ձևավորելուն միտված ռազմավարական գործարքի. Մարգարյան

Ազգային ժողովում Կառավարության հետ վերջին հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհունակություն հայտնեց ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակներում իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից՝ ընդգծելով, որ նման երկար խոսակցություն վաղուց կամ ընդհանրապես չէին ունեցել։

Ըստ Կառավարության ղեկավարի՝ հանդիպման ամենակարևոր հատվածն այն է եղել, որ միտք է հնչել, մեջբերում. «Հայաստանը և Ադրբեջանը ունեն ոչ միայն խաղաղ համակեցության և խաղաղ գոյության համար Խաղաղության պայմանագրի և տարբեր պայմանագրերի կարիք, այլ, իմ կարծիքով, նաև ունեն ռազմավարական գործարք կնքելու կարիք այն մասին, թե ինչ բանաձևերի շրջանակում ենք մենք առաջիկա հարյուրամյակներում, որպես անկախ պետություն, պատրաստվում կողք կողքի ապրել»:

Վարչապետի այս հայտարարության շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանի հետ:

— Տիկին Մարգարյան, ըստ Ձեզ՝ ի՞նչ նկատի ունի վարչապետը՝ Ադրբեջանի հետ ռազմավարական գործարք ասելով:

— Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի առավելապաշտական դիրքավորման պատճառով Խաղաղության պայմանագրի տեքստից քայլ առ քայլ (մասամբ կամ ամբողջական) դուրս են թողնվում ռազմավարական նշանակության հարցեր: Այս համատեքստում Ադրբեջանը հետապնդում է երկու ռազմավարական նպատակ: Առաջին ռազմավարական նպատակը Խաղաղության պայմանագրի ստորագրումն առհասարակ տորպեդահարելն է: Այն Ադրբեջանի պլան մաքսիմումն է, քանի որ ոչ միայն միտված է Հայաստանը «կապիտուլացնելուն», այլ նաև հակամարտության հարատևման միջոցով ռեժիմի հարատևումը կամ երկարակեցությունը երաշխավորելուն: Այս տարբերակն ամենավտանգավորն է Հայաստանի համար, քանի որ այն, նպաստելով հակամարտության հարատևմանը, զուգահեռաբար խոչընդոտելու է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, Հայաստանի ֆիզիկական ապաշրջափակման հեռանկարներին, Ռուսաստանից Հայաստանի տնտեսական և քաղաքական կախվածության թուլացմանը, ամերիկյան և եվրոպական աջակցությամբ Հայաստանի դիմակայունության ամրապնդման գործընթացին և այլն:

Հայկական կողմը հետևողականորեն փորձում է խոչընդոտել Ադրբեջանի սույն ռազմավարական նպատակի իրագործմանը՝ օգտագործելով այնպիսի գործիքներ, ինչպիսիք են՝ բանակցություններում հնարավորինս ճկունություն ցուցաբերելը, որոշ հարցերում միակողմանի զիջումներ անելը, միջազգային հանրության մոտ որպես կառուցողական կողմ դիրքավորվելը, կառուցողական դիրքորոշումները տարբեր փաթեթավորմամբ պարբերաբար օրակարգ բերելը և այլն:

Ադրբեջանի երկրորդ ռազմավարական նպատակը պոտենցիալ Խաղաղության պայմանագրի տեքստը հնարավորինս անբովանդակ դարձնելն է, որպեսզի դրա ստորագրումից հետո բովանդակային, երկուստեք համագոյակցության համար կենսական նշանակության հարցերը տարիների ընթացքում լուծվեն բացառապես իր ազգային անվտանգային շահերի տեսանկյունից և իր իսկ կողմից նախապատվելի գործիքակազմով: Տվյալ պարագայում մենք գործ ունենք Ադրբեջանի՝ Հայաստանը, այսպես կոչված, «կապիտուլացնելու», Հայաստանին մաշեցնելու և կլանելու քաղաքականության սպասարկմանը միտված մարտավարության հետ:

Միանգամայն պարզ է, որ սույն ռազմավարական նպատակը նույնպես նպաստավոր չէ Հայաստանի համար, քանի որ դրա վերջնանպատակը ամենևին էլ Հայաստանի հետ խաղաղ և արժանապատիվ համագոյակցության համար պայմաններ ստեղծելը չէ: Միևնույն ժամանակ, այս տարբերակն առնվազն կարող է միջնաժամկետ հեռանկարում հնարավորություն ընձեռել Հայաստանը մասամբ կամ ամբողջական ապաշրջափակելու, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ քայլ առ քայլ հակամարտությունը տրանսֆորմացնելու համար:

Հանրապետության վարչապետի՝ Ադրբեջանի հետ ռազմավարական գործարք կնքելու վերաբերյալ արտահայտած միտքը ես դիտարկում եմ հենց այս տեսանկյունից: «Հակամարտության տրանսֆորմացիայի» գործընթացը «Հայաստան-Ադրբեջան ռազմավարական գործարք» դիտարկելն ու առաջարկելը փաստացի նշանակում է, որ հայկական կողմը Պայմանագրի ստորագրումը չի դիտարկում որպես վերջնարդյունք, այլ ընդգծում է, որ դրան հաջորդիվ գործընթացներն են, որ պետք է նպաստեն կամ խոչընդոտեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ և արժանապատիվ համագոյակցությունը:

Եթե Հայաստանը կարողանա «ռազմավարական գործարք» կոնցեպտը գրագետ մշակել և հիբրիդային մարտավարությամբ որպես արտաքին քաղաքական օրակարգ առաջ մղել, ապա դրա հաջողելու կամ տապալելու պատասխանատվությունը հավասարաչափ կընկնի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի վրա: Որպես գաղափար՝ այն լավն է, բայց որքանով է իրագործելի՝ կախված է և՛ ներքին, և՛ արտաքին գործոններից:

— Արդյոք Ադրբեջանը կգնա՞ ՀՀ-ի հետ ռազմավարական գործարքի և մասնավորապես ո՞ր դեպքում:

— Ակներև է, որ մեր պատկերացրած ռազմավարական գործարքը հակասում է Ադրբեջանի ռազմավարական նպատակներին: Ես ավելի իրատեսական եմ համարում այն տարբերակը, որ ալիևյան ռեժիմը, ինչպես նախկինում, կօգտագործի ժամանակը իր օգտին՝ համապատասխան պահին ուժային ճանապարհով Հայաստանից առավելագույնը ստանալու, կամ «Հակաարևմտյան տարածաշրջայնացման» գործընթացների միջոցով Հայաստանի շուրջ օղակը սեղմելու ակնկալիքով:

Ադրբեջանը միայն մի դեպքում կգնա խաղաղ և արժանապատիվ համագոյակցություն ձևավորելուն միտված ռազմավարական գործարքի Հայաստանի հետ, այն է՝ եթե այդ գործարքն այլևս դառնա անխուսափելի: Իսկ որպեսզի այն այլևս դառնա անխուսափելի, մենք պետք է շարունակենք կատարել մեր տնային աշխատանքը՝ անվտանգությունը հոլիստիկ դիտարկելուն զուգընթաց համապարփակ անվտանգությունը ներդնենք որպես Հայաստանի Հանրապետության կառավարման մոդել, բազմազանեցնենք մեր տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը:

— Թե՛ մեր ԱԳ նախարարը, թե՛ Ադրբեջանի առանձին հայտարարել են, որ շատ մոտ ենք Խաղաղության պայմանագրի վերջնական համաձայնեցմանը, և որ դեկտեմբերից բանակցությունները մտնելու են նոր փուլ: Ի՞նչ ակնկալել, այսպես կոչված, «նոր փուլ»-ից, և ԱՄՆ ընտրություններում տեղի ունեցած վերադասավորումների պարագայում հնարավոր համարո՞ւմ եք Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագրին հասնելը և վարչապետի հիշատակած ռազմավարական գործակցությանը:

— Ձեր հարցը վերաբերում է արտաքին գործոններին, որը հաշվարկելը թերևս ամենադժվարն է: Այստեղ եթեները շատ են: Այնուամենայնիվ, դրական ազդակներ հաղորդելով՝ և՛ հայկական կողմը, և՛ ադրբեջանական կողմը աշխատելու պատուհաններ են բացում, այդ թվում՝ նաև ամերիկյան նոր վարչակազմի՝ Հարավային կովկասում վարվելիք քաղաքականության համատեքստում: Սա երկուստեք գրագետ մոտեցում է:

Միևնույն ժամանակ, նույնիսկ եթե Խաղաղության պայմանագիրը ստորագրվի, մենք դեռ պետք է կարողանանք «ռազմավարական գործարք» կոնցեպտը սահմանել, զարգացնել, այն դարձնել գրավիչ տարբեր ուժային կենտրոնների համար, ինչպես նաև դրա իրագործմանը նպաստող հայամետ քաղաքական օրակարգեր իմպլեմենտացնել: Տեսանելի ապագայում ես չէի ակնկալի շոշափելի արդյունքներ: Կարծում եմ, որ գործ ենք ունենալու երկուստեք հին օրակարգերի նոր փաթեթավորման հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ